Մեր տեղեկություններով՝ հունիսի 11-ին, երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Շենգավիթ համայնքում՝ մետրոյի՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանի մոտակայքում սպանություն է տեղի ունեցել:
Ըստ որոշ լուրերի, սպանությունը կատարել են «ոմն Աշոտի» մարդիկ: Դեպքի կապակցությամբ երեկ փորձեցինք տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանությունում հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն մանրամասների համար խորհուրդ տվեցին դիմել Շենգավիթ համայնքի դատախազություն: Այստեղ, սակայն, որքան էլ զարմանալի էր, մեզ փոխանցեցին, որ սպանություն տեղի չի ունեցել: Ավելին՝ համայնքի դատախազությունից մեզ ասացին, որ նշված օրը նշված վայրում արտառոց ոչ մի դեպք չի գրանցվել: Այլ բան ճշտել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ 2006թ. մարտի 4-ին օրը ցերեկով Երեւանում, Սայաթ-Նովա 37 հասցեում, այն պահին, երբ Երեւանի բնակիչ 1952թ. ծնված Աշոտ Վարդանյանը փորձել է նստել իր «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան, անհայտ անձը մոտ տարածությունից երկու անգամ կրակել է նրա վրա: Կրակոցներից մեկն ուղղված է եղել կրծքավանդակին, իսկ մյուսը` գլխին: Ա. Վարդանյանը տեղում մահացել է: սպանված Աշոտ Վարդանյանը եղել է «Քաղցրիկ» ՍՊԸ տնօրենը եւ հիմնադիրը: «Քաղցրիկ» ՍՊԸ-ն զբաղվում էր տորթերի եւ քաղցրավենիքի արտադրությամբ եւ վաճառքով: Գարեգին Նժդեհի հրապարակում գործում է «Քաղցրիկ» ՍՊԸ-ի համանուն առեւտրի կետը, որի հարեւանությամբ տեղակայված է քաղցրավենիքի արտադրամասը:
Շատերը հունիսի 11-ի սպանությունը կապում են հենց այս դեպքի հետ: