ԱԺ մեծամասնությունն ընկավ թակարդը

13/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հայրենի խորհրդարանը երեկ հայտնվել էր ցայտնոտային իրավիճակում: Մինչեւ ժամը 16:30-ն ԱԺ-ն դեռ չէր հաստատել իր օրակարգը: Իսկ երբ հերթական ընդմիջումից հետո վերջապես ԱԺ-ն ձեռնամուխ եղավ քվեարկությանը, դահլիճում գրեթե պատգամավոր չէր մնացել: Արդյունքում, քվորումի բացակայության պատճառով, օրակարգի առաջին մասն այդպես էլ մնաց չհաստատված:

Իսկ այդ ամենի «մեղավորը» ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր, ով երեկ մի քանի ժամ շարունակ մատների վրա էր խաղացնում խորհրդարանական մեծամասնությանը: Երեկ ընդդիմությանը հաջողվեց իշխանություններին գցել իր սարքած ծուղակը: Այնպես որ, արդյունքում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նախ խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը, իսկ հետո էլ հրապարակավ հայցեց պատգամավորների ներողամտությունը:

Դեռ ուրբաթ օրը, չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համառ ջանքերին, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը չկարողացավ բացասական եզրակացություն տալ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած «2003թ. Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների, ինչպես նաեւ` 2005թ.-ի նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենսդրական նախաձեռնություններին: Եվ երեկ քվեարկությամբ պետք է որոշվեր օրենսդրական այդ նախաձեռնություններն ԱԺ օրակարգ ընդգրկել-չընդգրկելու հարցը: Բայց մինչեւ պատգամավորները ձեռնամուխ կլինեին իրենց այդքան սիրած «կոճակ սեղմելու» գործընթացին, Վիկտոր Դալլաքյանը, որպես այդ նախագծի համահեղինակ, առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ մեկ ամսով: ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը հարցը դրեց քվեարկության: Արդյունքում` 49 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց (հարցի ընդունման համար պահանջվում է առնվազն 66 կողմ ձայն): Այդքանից հետո Վ. Դալլաքյանը հայտարարեց, թե հարցը համարվում է ԱԺ այս նիստերի օրակարգում ընդգրկված: «Ես չեմ թաքցնում, որ սա իմ կողմից մտածված հնարք էր»,- ուրախացավ նա:

Բանն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը դեռ այս գլխից պետք է մերժեր ընդդիմության օրենսդրական նախաձեռնություններն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը: Բայց քանի որ այդ հարցի հետաձգման վերաբերյալ համապատասխան որոշումը չընդունվեց, ուստի, ինչպես մեկնաբանեց Վ. Դալլաքյանը, ԱԺ կանոնակարգի համաձայն` այդ երկու հանձնաժողովների հարցերը համարվում են ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված: Եվ մյուս նախագծերի նման պետք է դրվի քվեարկության: Բայց Վահան Հովհաննիսյանն էլ պնդում էր, թե նախագիծն օրակարգ ընդգրկված համարել չի կարելի, քանի որ հարցն, այնուամենայնիվ, պետք է որոշվի քվեարկությամբ: Այսպիսով, Վահան Հովհաննիսյանի եւ Վիկտոր Դալլաքյանի միջեւ սկիզբ առավ մի բանավեճ, որի ընթացքում կողմերը փորձում էին մեկը մյուսին համոզել, թե իրենցից ով է ճիշտ: Իրավիճակը փորձեց փրկել Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: «Սա հետագայում դառնալու է վիճահարույց հարց եւ կարող է աղմուկի տեղիք տալ, քանի որ մեր պրակտիկայում ունեցել ենք նման դեպք, երբ հետաձգման որոշումը չանցնելուց հետո ավտոմատ բերել է հարցի օրակարգ ընդգրկվելուն: Առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում վերցնել եւ քննարկել: Այլապես, պարոն Հովհաննիսյան, թիրախը կուղղվի ձեր դեմ, եւ չեմ ուզում, որ դուք դառնաք քննադատման օբյեկտ»,- կոալիցիոն իր գործընկերոջը` Վահան Հովհաննիսյանին պաշտպանելու փորձ արեց Գուրգեն Արսենյանը: Հայտարարվեց 20 րոպեանոց ընդմիջում, բայց մինչ այդ Վահան Հովհաննիսյանը շտապեց Գ. Արսենյանին հանգստացնել, որ ինքը քննադատություններից չի վախենում: «Ես մտահոգված չեմ քննադատության թիրախ դառնալուց, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, քանի որ ես հստակ համոզված եմ, որ բացարձակապես ճիշտ եմ անում»,- ի պատասխան Գ. Արսենյանին` հայտարարեց ԱԺ փոխխոսնակը: Սակայն հետաքրքիրն այն է, որ Վ. Հովհաննիսյանը, ով իր կատարած քայլերը համարում էր «բացարձակապես ճիշտ», ընդմիջումից հետո վերադարձավ ու հայտարարեց, թե ինքը սխալ է կատարել: ԱԺ փոխնախագահը հայցեց իր գործընկերների ներողամտությունը եւ առաջարկեց ամեն ինչ սկսել նորից: «Այստեղ մեղքն ինչ-որ չափով ինձ վրա է: Ես մի քիչ շեղ ճանապարհով տարա քննարկումը, բայց դա արեցի` ելնելով տրամաբանությունից: Սակայն տրամաբանությունն ու կանոնակարգը միշտ չէ, որ աբսոլյուտ կերպով համընկնում են: Ես տրամաբանության կողմնակիցն եմ, բայց պարզվեց, որ պետք է հաշվի առնվեր նաեւ կանոնակարգը, ինչը ես չարեցի: Ուստի, վերադառնում ենք ստարտային կետին: Նախորդ քվեարկությունն իրավական հենք չունի: Հարցի քննարկումը հետաձգելու որոշմամբ հեղինակը կարող էր հանդես գալ գլխադասային հանձնաժողովի միջոցով: Բայց քանի որ հանձնաժողովն այս կարճ ժամանակահատվածում, հասկանալի է, որ դա անել չէր կարող, ապա հիմա քվեարկության եմ դնում նախագիծն օրակարգ մտցնել-չմտցնելու հարցը»,- իր սխալը փորձեց ուղղել ՀՅԴ-ական Վ. Հովհաննիսյանը: Իսկ Վիկտոր Դալլաքյանն էլ իրենն էր պնդում. «Գլխադասային հանձնաժողովը հիմնական զեկուցողի առաջարկությամբ կարող է ներկայացնել հետաձգումների հարցը: Այստեղ Վ. Հովհաննիսյանը ճիշտ է ասում: Բայց նաեւ գրված է, որ քննարկման արդյունքում հիմնական զեկուցողը եւս կարող է իր նախագիծը օրակարգից հանել կամ հետաձգել»:

Ինչեւէ, հարցը դրվեց քվեարկության: Եվ քվորումի բացակայության պատճառով այս որոշումը եւս չընդունվեց, քանի որ այն հավաքեց 12 կողմ, մեկ դեմ, 10 ձեռնպահ ձայն: Բայց երկրորդ քվեարկությունը Վիկտոր Դալլաքյանը որակեց որպես անօրինական: «Խորհրդարանի կարկատանային մեծամասնությունը, չհասկանալով, թե ինչ է քվեարկում, ընկավ թակարդը եւ քվեարկեց այն, ինչին դեմ էին: Փաստորեն, քանակական մեծամասնությունը տանուլ տվեց որակական փոքրամասնությանը»,- տեղի ունեցածն այսպես գնահատեց Վ. Դալլաքյանը: Չնայած ԱԺ մեծամասնությունն ի վերջո կարողացավ նիստերի օրակարգ չընդգրկել ընդդիմության առաջարկը, բայց եւ երկար ժամանակ չկարողացավ կազմակերպել նաեւ իր աշխատանքը: Ինչպես այս առնչությամբ նկատեց Գ. Սահակյանը. «Կարծում եմ, որ չանցնելը նույնքան ձեռնտու էր ընդդիմությանը, որքան որ անցնելը: Ընդդիմությունն այսօր փորձում է կորցրածը վերականգնել ԱԺ-ի հաշվին: Այսինքն` փորձում է բաներ գտնել, որոնք կկարողանա կանխամտածված ձեւով իրենց գործառույթների հենասյուները դարձնել: Կարծում եմ` փորձը հաջողված չէր»: Իսկ Վ.Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղի ունեցածն այսկերպ բնութագրեց. «Իրենց պետք էր` օրակարգը չհաստատվի, որ ասեն` մեծամասնությունը չի կարողանում աշխատել: Դրա շուրջ է ողջ «բազարը»: