Չի համակերպվում

13/06/2006

ԱԺ այլեւս նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հրաժարականից հետո անցել է ընդհատակ. ՕԵԿ նախագահն այլեւս չի մասնակցում ԱԺ օրինաստեղծ աշխատանքին: Այս ողջ ընթացքում նա միայն երկու անգամ է մտել ԱԺ նիստերի դահլիճ` այն էլ ընդամենը մի քանի րոպեով: Առաջին անգամ նա նիստերի դահլիճ մտավ իր հրաժարականի օրը, որպեսզի բանավիճի Արտաշես Գեղամյանի հետ: Երկրորդ անգամ նա դահլիճ մտավ ԱԺ նախագահի ընտրությունների օրը` հայտարարելու, որ իրենց խմբակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին ու քվեարկելու է Տիգրան Թորոսյանի օգտին: Դրանից հետո Ա. Բաղդասարյանն այլեւս չի մասնակցել ԱԺ աշխատանքներին: Երբ ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Ավետյանից հետաքրքրվեցինք, թե իրենց կուսակցության ղեկավարն ինչո՞ւ չի գալիս ԱԺ, նա պատասխանեց. «Հրաժարականից հետո քանի՞ անգամ է նիստ եղել, որ Բաղդասարյանը չի եկել: Մարդիկ կան, տարիներով չեն եկել, նրանց երբեւիցե հարցրե՞լ եք, թե ինչու չեն գալիս: Ընդամենը մեկ նիստի չի եկել: Որոշակի հարցեր կան, կկարգավորվի, կգա»:

Ասում են, Ա. Բաղդասարյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ ինքն այլեւս չի նստելու ԱԺ նախագահությունում: Եվ իր համար «զապադլո է» սովորական պատգամավորների կողքին նստելը: Փոխարենը, նա իրեն լավ է զգում ՕԵԿ նոր շենքի իր նոր աշխատասենյակում: