«ՈՒռենի» կոոպերատիվին «քցել» են

13/06/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

1990-ական թվականների սկզբին թափ առած կոոպերատիվ բնակարանային շինարարության դաժան հետեւանքները բոլորիս են ծանոթ: Երբ այդ շարժումը նոր էր սկսվել, անկախ Հայաստանում դեռ գործածական էր ռուսական ռուբլին: Իսկ 1993թ. վերջին, երբ մենք ունեցանք մեր ազգային տարադրամը, ռուսական ռուբլով պահ տված գումարները մեծ թափով արժեզրկվեցին ու ի վերջո կորան:

Պարզ է, որ բնակշին կոոպերատիվի անդամներն իրենց ապագա բնակարանների համար վճարումները կատարել էին ռուբլով: Եվ մինչեւ ռուբլուց դրամին անցնելն՝ ինչ հասցրել էին կառուցել, հետո մեծամասամբ չկարողացան ավարտին հասցնել: Այդ շենքերից շատերն այսօր էլ դեռ կիսակառույց, բայց արդեն խարխլված վիճակով սպասում են չգիտես՝ քանդվելո՞ւն, թե՞ բնակարան դառնալուն: Շատ քիչ թվով կոոպերատիվներ էլ 2000 թվականից հետո կարողացան շենքն ավարտին հասցնելու հնարավորություններ գտնել: Դրանցից էր «Ուռենի» բնակշին կոոպերատիվը, որը 1992թ. քաղաքապետարանից 4280 քմ տարածք էր 25 տարով վարձակալել եւ պատրաստվում էր 5 հարկանի 6 հատ բնակելի շենքեր կառուցել: Տարածքը գտնվում է Արաբկիր համայնքում, Նաիրի Զարյան-Բաբայան փողոցների միջնամասում, այն հատվածում, որտեղ հիմա մեծ թափով կառուցվում է Հյուսիսային ճառագայթը: 90-ականների վերջին «Ուռենի» կոոպերատիվի անդամները փոխվեցին: 20 նոր անդամները նոր ներդրում կատարեցին կիսատ գործն ավարտին հասցնելու համար: Կոոպերատիվի նախագահ Արեգ Հակոբյանի ասելով` առաջին փուլում ներդրել են 276.000 դոլար: Ավարտին են հասցրել մի շենքի շինմոնտաժային աշխատանքները եւ զուգահեռ կառուցել են նաեւ երկու շենքերի հիմնային հատվածները: Սակայն երբ սկսել են Հյուսիսային ճառագայթի առանձնատները կառուցել, կոոպերատիվի անդամները տեղեկացել են, որ իրենց հատկացված հողատարածքը, նաեւ կառուցվող երեք շենքերի տարածքները վաճառված են Անգլիայում գրանցված ինչ-որ «Քանկո» ՍՊԸ-ի: Արդեն պարզ է դարձել, որ այդ հատվածի կառուցապատման նոր ծրագրում իրենք տեղ չունեն: Նրանք անիմաստ են համարել պայքարել իրենց կառույցներն ավարտին հասցնելու համար, որովհետեւ հասկացել են, որ դա անհնար է: Մանավանդ որ, տեսել են, թե ինչ է կատարվում կենտրոնի իրացման գոտու բնակիչների հետ: Ուղղակի փորձել են գոնե կատարած ներդրումները ետ բերել:

«Կառուցապատման ԾԻԳ-ի այն ժամանակվա տնօրեն Կարեն Դավթյանը մեզ ասաց` գնացեք քաղաքապետարանից 100.000 դոլար ստացեք,- ասում է Արեգ Հակոբյանը: -Բայց հարյուր հազար դոլարով ես ո՞ւմ ներդրած գումարը ետ տամ, որ բոլորն էլ գոհ մնան: Չէ՞ որ այդ մարդիկ կասեն, թե մենք 276 հազար ենք տվել, ինչո՞ւ ես մեզ եռակի քիչ վերադարձնում: Ես ի՞նչ պիտի պատասխանեմ: Նրանք կարող է նույնիսկ մտածեն, թե գումարն ամբողջությամբ ստացել եմ, բայց իրենց քիչ եմ տալիս: Ես ինչպե՞ս պետք է արդարանամ: Եթե հիշում եք` այս շենքերի կառուցման հետ կապված նույնիսկ սպանություն էլ է եղել: Ինչ-որ գողական տղաներ ուզում էին այդ տարածքները վերցնել, որ շինարարությունն իրենք անեն: Բացի այդ, 2000 թվականից հետո դոլարը 30-40 տոկոսով արժեզրկվել է, իսկ մենք ոչ թե այդ շինությունների շուկայական արժեքն ենք ուզում, այլ մեր ներդրածը: Շուկայական արժեքը հիմա մեր ծախսածից շատ ավելի մեծ կլինի»:

Բացի այդ, կոոպերատիվի անդամները պարզել են, որ այդ տարածքը դեռ այն ժամանակ քաղաքապետարանը «Քանկո» ՍՊԸ-ին է վաճառել` 1 քառակուսի մետրն ընդամենը 10 դոլարով: Այն դեպքում, երբ Հյուսիսային ճառագայթում հողի արժեքը նույնիսկ այն ժամանակ քառասնապատիկ ու հիսնապատիկ բարձր էր: Այստեղ կասկած է առաջանում, որ հողն իրականում վաճառվել է շուկայական արժեքով, ուղղակի ձեւակերպումը 10 դոլարով են արել, որպեսզի պետբյուջե վճարեն այդքանը, իսկ մնացածը հավանաբար գրպանվել է վաճառքին մասնակից պաշտոնյաների կողմից:

Ի դեպ, 2004թ. «Ուռենի» կոոպերատիվն անշարժ գույքի գնահատող է հրավիրել, որը միայն վեց հարկանի շինությունը գնահատել է 116,5 մլն դրամով, այս պահի կուրսով` մոտ 277 հազար դոլար, այսինքն` այնքան, որքան ներդրում որ կատարել են: 17,7 մլն դրամով էլ գնահատել է մյուս երկու շենքերի կառուցված հիմքերն առանձին, այսինքն` երկուսը միասին մոտ 84.000 դոլար, իսկ երեք կիսակառույցները միասին` ավելի քան 350.000 դոլար: Կարեն Դավթյանը, երբ կադաստրի համակարգում էր աշխատում, մինչեւ ԾԻԳ-ի տնօրեն դառնալը, կոոպերատիվի անդամներին առաջարկել էր 170.000 դոլար: Երբ նրանք չէին համաձայնել, ասել էր՝ «Դուք գիտեք, մի տարուց հետո ձեզ այսքան էլ չեն տա»: Փաստորեն, Կ. Դավթյանի ասածը ճիշտ դուրս եկավ, ու երբ նա դարձավ ԾԻԳ-ի տնօրեն, արդեն 100.000 դոլար էին առաջարկում եւ մուննաթ գալիս՝ «Ուզում եք վերցրեք, ուզում եք՝ ոչ, մեկ է, դրանից ավելին չենք տա»: Ու մինչեւ հիմա չեն տվել:

«Ուռենի» կոոպերատիվի անդամներն այս մի քանի տարվա ընթացքում իրենց իրավունքները չորս անգամ վիճարկել են դատական տարբեր աստիճանի ատյաններում: Չորս անգամ էլ պարտվել են: Բայց մի անգամ դատը շահելու հույս են ունեցել, երբ վճռաբեկ դատարանի դատավորը (անունը չենք նշում) զարմացել է, որ առաջին աստիճանի դատարանի իր կոլեգան կարող է այդ աստիճանի խիղճը կորցրած լինի ու կոոպերատիվի անդամներին մերժի: Նա գործը բեկանել է եւ ետ է ուղարկել առաջին ատյանի դատարան` նորից քննության առնելու համար: Բայց ներդրողները նորից պարտվել են ու հույսով նորից դիմել վճռաբեկ դատարան: Վճռաբեկի դատավորն այս անգամ ձեռքերը վեր է բարձրացրել ու ասել, որ հրամանը վերեւից է, ինքը ոչինչ չի կարող անել: Եթե նույնիսկ վճիռը կոոպերատիվի անդամների օգտին կայացնի, միեւնույն է, ԾԻԳ-ը հակընդդեմ հայցով հանդես կգա ու դատը կշահի: Իսկ հանդուգն դատավորին գործից կհանեն, ու նորից կոոպերատորները ոչինչ չեն շահի:

«Ուռենի» կոոպերատիվի անդամները ձեռք են բերել իրենց տարածքի հողհատկացման որոշումը եւ կարդացել են, որ մեջը կետ կա, թե այդ տարածքի կառուցապատողը պետք է իրենց ներդրումների համար փոխհատուցում կատարի: Հիմա նրանք միացել են Հյուսիսային պողոտայից վտարված բնակիչներին ու որոշել են պայքարել` մինչեւ իրենց արժանին հատուցեն: Նրանք նույնիսկ մտածում են, թե կառուցապատողն իրենց ամբողջական փոխհատուցումը կատարել է, ուղղակի մերոնք, ինչպես միշտ, մեծ մասը հափշտակել են ու իրենց ընդամենը 30 տոկոսն են տալիս: