Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երեւանի Նորագյուղ թաղամասը գրեթե ամբողջությամբ զրկված է Հանրային հեռուստատեսության (Հ1) հաղորդումները կանոնավոր դիտելու հնարավորությունից, քանի որ, ինչպես բնակիչներն են փաստում, անհասկանալի պատճառներով հաղորդումները հեռարձակվում են աղոտ եւ կրկնակի պատկերներով։
Հունիսի 9-ին մեկնարկած Աշխարհի ֆուտբոլի առաջնությանը մեծ սպասումով հետեւող երկրպագուների նյարդերը տեղի են տալիս, եւ նրանք չգիտեն, թե ո՞ւմ կարող են դիմել առաջացած խնդրի առնչությամբ։ Նույնիսկ ենթադրություններ կան, թե հարեւանությամբ գտնվող ԱՄՆ նորակառույց դեսպանատան տարածքում տեղադրված ինչ-որ սարքերի պատճառով կարող են առաջացած լինել առկա տեխնիկական թերությունները։ Հեռարձակման հանրապետական կենտրոնի Ռադիոմոնիտորինգի վարչության պետը հերքեց բնակիչների այս ենթադրությունը, նշելով, թե դա բացառվում է, քանի որ իրենց աշխատակիցները շուրջօրյա ստուգումներ են իրականացնում։ Նրա խոսքերով` իրենք այս պահին ոչնչով չեն կարող օգնել, քանի որ գործող կարգի համաձայն` խափանումների պատճառը ճշտվում է միմիայն գրավոր դիմումի առկայության դեպքում։ Իսկ այն հարցին, թե թերթի անդրադարձը մի՞թե գրավոր դիմումի տարբերակ չէ, նա պատասխանեց` ոչ։ Բացառված չէ, որ մեր համաքաղաքացիների գերակշիռ մասն իրազեկված չեն իրենց բոլոր իրավունքների եւ գործող կարգերի մասին, ենթադրաբար, չիրազեկված մարդը լինում է անօգնական, եւ հարցերը մնում են անպատասխան։
Ն. Մ.