Երեւանում շուտով կտեղադրվեն Գեւորգ Չաուշի, Մհեր Մկրտչյանի եւ Գարեգին Նժդեհի արձանները: Գեւորգ Չաուշի արձանը նախատեսվում է տեղադրել Աջափնյակ համայնքի Մազմանյան-Բաշինջաղյան-Բեկնազարյան փողոցների հատման հրապարակաձեւ հատվածում: Այդ արձանի մրցույթի արդյունքները հանձնաժողովի կողմից գնահատվել է հետեւյալ կերպ՝ 1-ին մրցանակ չի շնորհվել, 2-րդ, 3-րդ եւ խրախուսական մրցանակներ են շնորհվել: 2-րդ մրցանակ շահողին հնարավորություն է տրվել շարունակել հուշարձանի հետ կապված աշխատանքները եւ 1-2 ամսվա ընթացքում գեղարվեստի, քաղաքաշինական փոքր եւ մեծ խորհուրդներում ներկայացնել մշակված տարբերակը: Տարօրինակ է. եթե մրցութային հանձնաժողովը նույնիսկ մրցույթին ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկին 1-ին մրցանակ չի շնորհել (ինչը նշանակում է, որ 1-ին մրցանակի արժանի ոչինչ չի ներկայացվել), ապա ինչպե՞ս է 2-րդ մրցանակ շահողին թույլատրում շարունակել հուշարձանի հետ կապված աշխատանքները: «Մրցույթին ներկայացված տարբերակներն ամբողջությամբ չէին բավարարում հանձնաժողովի ներկայացրած պահանջներին, որոնք ունեինք տվյալ հուշարձանի հետ կապված: Դա նույնպես քաղաքաշինական բարդ հանգույց է 3 տարբեր մոտեցումներով, բնականաբար, պետք է արձանի ընկալումն ապահովել բոլոր 3 ուղղություններով»,- նշեց Ս. Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ հայտարարվել էր նաեւ Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձանի մրցույթը: Արձանի տեղը նախատեսված է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի այգու տարածքում: Անցյալ տարի հայտարարված այս մրցույթին նյութեր չներկայացնելու պատճառով վերամրցույթ է հայտարարվել, որի ընթացքում 6 աշխատանք է ներկայացվել: «Հանձնաժողովի նիստի ընթացքում կրկին 1-ին մրցանակ չի շնորհվել, բայց շնորհվել են 2-րդ եւ 3-րդ մրցանակներ եւ 2 մրցանակակիրներին հնարավորություն է տրվել 2-րդ փուլով իրենց առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը»,- հայտնեց գլխավոր ճարտարապետը՝ վստահեցնելով, որ վերջնական արդյունքը տարբեր նկատառումներից ելնելով չէր բավարարում հանձնաժողովին, քանի որ մի դեպքում քանդակը հաջողված էր, բայց ճարտարապետական լուծումները չէին բավարարում, մյուս դեպքում էլ հակառակն էր: Մրցույթ է հայտարարվել նաեւ Շենգավիթ համայնքում «Հայրենիք» կինոթատրոնի հատվածում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման համար: