Կաթ

13/06/2006

Ցանկալի է կաթը երկրորդ անգամ չեռացնել։ Մանկական շիլաներ, կաթով եւ բանջարեղենով կերակրատեսակներ, կաթնապուրներ պատրաստելիս անհրաժեշտ է ձավարը կամ բանջարեղենը նախապես ջրով եփել եւ միայն դրանից հետո ավելացնել հում կամ տաքացրած, բայց ոչ եռացրած կաթ, թողնելով, որ այն մեկ անգամ եռա արդեն եփած ձավարի կամ բանջարեղենի հետ։

Եթե խիստ կծու տաքդեղ եք համտեսել, կաթ խմեք, կհանգստացնի։

Կաթի ամանը, ինչպես նաեւ ձվոտ եւ խմորոտ ամանեղենը պետք է լվանալ նախ սառը, ապա տաք ջրով։

Լույսի ազդեցությունից կաթի պարունակած B2 վիտամինը քայքայվում է։ Ահա թե ինչու այն պետք է պահել մութ տեղում կամ անթափանց տարայի մեջ։

Կաթով բացած մանանեխը իր որակը ավելի երկար է պահպանում։

Եթե խոզապուխտը մի քիչ չորացել է, կես ժամ թողեք սառը կաթով լի ափսեի մեջ։

Կարտոֆիլի խյուսի մեջ լցրեք եռացրած կաթ, սառը կաթից խյուսը գորշ գույն է ստանում։ Եթե կաթն այրվել է, դատարկեք մաքուր ամանի մեջ, ծածկեք մի քանի տակ ծալած խոնավ սրբիչով, դրեք օջախի վրա եւ եռացրեք։ Կաթը խորհուրդ է տրվում պահել ապակյա շշերում, ճենապակյա կամ արծնապատ ամանեղենում։ Որպեսզի կաթը չվառվի, անհրաժեշտ է մեջը գցել մի կտոր շաքար։ Շաքարով եռացրած կաթը կարելի է նաեւ պահել երկար ժամանակ։ Կաթը չի թափվի, եթե կաթսան նախապես ողողեք սառը ջրով եւ կաթսայի հատակին դնեք շուռ տված ափսե։

Վառված կաթի տհաճ համը կանցնի, եթե կաթով լի կաթսան դնեք սառը ջրի մեջ, իսկ կաթի մեջ գցեք մի պտղունց աղ։ Որպեսզի շոգ ժամանակ կաթը եռացնելիս չմակարդվի, ավելացրեք մի քիչ շաքարավազ (մեկ լիտրին մեկ թեյի գդալ) կամ կերակրի սոդա։ Մի պտղունց աղը կաթը պաշտպանում է թթվելուց։

Կաթը եռացնելուց առաջ կաթսան ողողեք սառը ջրով ու մի սրբեք, եւ կաթը չի խանձրահամի։ Կաթը պետք է եռացնել ուժեղ կրակի վրա, կարճ ժամանակում։ Երկար եփելը խիստ իջեցնում է կաթի սննդային հատկությունները եւ նվազեցնում նրա մարսելիությունը։

Սառնարան չլինելու դեպքում կաթը կարելի է երկար ժամանակ պահել, եթե կաթի շիշը դնեք մեկական թեյի գդալ աղի ու սոդայի լուծույթում։

Որպեսզի գազօջախի վրա թափված կաթի հոտը սենյակում չտարածվի, պետք է վրան անմիջապես թրջած թերթ գցել։

Տաք կաթը զանազան հոտեր կլանելու հատկություն ունի։

Կաթի մեջ վիտամինները լավ կպահպանվեն, եթե այն եռացվի փակ կաթսայում, ժամանակ առ ժամանակ կափարիչը պետք է բարձրացնել եւ առաջացած փրփուրը պատառաքաղով իջեցնել։ Շատերը փրփուրը չեն սիրում եւ եռացրած սառը կաթի վրայից այն վերցնելով, պակասեցնում են կաթի սննդարարությունը։