Ֆուտբոլ. Գերմանիա-2006

13/06/2006

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մարզասերները սպասել են 4 տարի, արդեն մի քանի օր է, մեկնարկել է։ Սակայն հանուն ճշմարտության հարկ է նշել, որ ֆուտբոլի սիրահարներն առայժմ չեն տեսնում այն, ինչին սպասում էին՝ գեղեցիկ խաղ։

Անգլիայի, Արգենտինայի, Հոլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականները թեեւ հաղթեցին իրենց մրցակիցներին, սակայն դա արեցին գոլերի նվազագույն տարբերությամբ եւ «հաշիվը պահելու» տակտիկայով։ Այդ առումով առավել սուր քննադատության թիրախ են դարձել Անգլիայի եւ Պորտուգալիայի հավաքականները, որոնց մրցակիցները բավական թույլ են (Պարագվայ եւ Անգոլա)։

Պորտուգալական թերթերը դրական են արտահայտվել միայն Լուիշ Ֆիգուի ցուցադրած խաղի մասին։ Մյուսներն, ըստ պորտուգալացի մարզական լրագրողների, 5-րդ րոպեին խփած գոլից հետո համաձայնեցին դրանով սահմանափակվել, թեեւ պարտավոր էին հաղթել մի քանի գոլի տարբերությամբ։ Պորտուգալացիների խաղի մասին բացասաբար է արտահայտվել նաեւ հանրահայտ Էյսեբիոն։

Անգլիացիները նույնպես քննադատության են ենթարկել իրենց ֆուտբոլիստների անփայլ խաղը Պարագվայի հավաքականի հետ։ Սակայն բրիտանական ԶԼՄ-ներն իրենց թիմին արդարացնելու մեկ առիթ ունեն եւ այդ առիթը հարձակվող Ուեյն Ռունիի բացակայությունն է։ Թեեւ նշվում է, որ թիմի ղեկավարները չեն ուզում վտանգի ենթարկել վերջինիս առողջությունը, սակայն «Մանչեսթերի» հարձակվողն ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգա Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի հետ խաղում։

Իսկ Տրինիդադում, արդեն երրորդ օրն է՝ իսկական տոն է։ Ըստ «Trinidad Express» թերթի, շվեդների հետ խաղում գրանցված ոչ-ոքի արդյունքը Տրինիդադի ժողովրդին ավելի շատ է ոգեշնչել, քան 1962թ. անկախության հռչակումը։ Լրագրողները մշտական կապի մեջ են թիմի ավագ Դուայթ Յորքի հետ։ Իսկ վերջինս “sms” հաղորդագրություններ է փոխանակում «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին խաղընկերոջ՝ Դեւիդ Բեքհեմի հետ՝ խոստանալով Անգլիայի համար ստեղծել ոչ պակաս խնդիրներ, որքան ստեղծեցին Շվեդիայի համար։ Հոլանդիայի նկատմամբ վերաբերմունքը համեմատաբար մեղմ է, քանի որ առաջին խաղում թիմը մրցում էր Սերբիայի եւ Չեռնոգորիայի ոչ թույլ հավաքականի հետ։ Հոլանդացիները 1-0 հաշվով տարած հաղթանակը լուրջ հայտ են համարում՝ փլեյ օֆֆ դուրս գալու համար։ Իսկ Մարկո վան Բաստենի թիմում ամենաբարձր գնահատականին արժանացել է «Չելսիի» խաղացող Արիեն Ռոբբենի խաղը։ Սակայն միեւնույն ժամանակ նշվում է, որ հաջորդ փուլերում հաջողության հասնելու համար մեկ ֆուտբոլիստի փայլուն խաղը բավարար չի, այդպես պետք է խաղա ողջ թիմը։

Մեքսիկան թերեւս միակ երկիրն է, որտեղ քննադատությունն ազգային հավաքականի ֆուտբոլիստների հասցեին գրեթե բացակայում է։ Տեղի ԶԼՄ-ները գովեստի խոսքեր են շռայլել հատկապես գլխավոր մարզիչ Անտոնիո Լա Վոլպեի հասցեին, որը ճիշտ ժամանակին փոփոխություններ կատարեց։ Բարձր գնահատականի է արժանացել նաեւ Իրանի հետ խաղում երկու գոլի հեղինակ դարձած Օմար Բրավոն։ Մեքսիկացիները ոգեւորված են իրենց թիմի ցույց տված առաջին խաղով եւ համոզված են, որ այն դեռ կարող է շատ հեռուն գնալ։ Ինչեւէ, ֆավորիտ համարվող թիմերի պրագմատիկ խաղը շատերը համարում են լարվածության արդյունք։ Առաջին հանդիպումները բարոյահոգեբանական առումով միշտ էլ մեծ ազդեցություն են ունենում հետագա խաղերի վրա, այդ իսկ պատճառով բոլոր թիմերն էլ գործում են շատ զգույշ։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ 32 թիմերից ոչ մեկը պատահական չի դուրս եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այնպես որ, ակնհայտ թույլ թիմեր չկան, բոլորն էլ կարող են ցանկացած թիմի տհաճ անակնկալ մատուցել։

Մասնագետները եւ երկրպագուները հույս ունեն, որ առաջին խաղերից հետո լարվածությունը կթուլանա, թիմերը կգործեն ավելի ազատ, անկաշկանդ, եւ մենք ականատես կլինենք դիտարժան ու հարձակողական ֆուտբոլի։ Հիշեցնենք, որ այսօր ասպարեզ են դուրս գալու աշխարհի գործող չեմպիոնները՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Ռոնալդինիոյից, Ռոնալդոյից, Կակայից եւ այլ աշխարհահռչակ ֆուտբոլիստներից բոլորը միշտ սպասում են հետաքրքիր եւ գոլառատ խաղ։ «Պենտակամպեոնների» մրցակիցն է լինելու Խորվաթիայի թիմը, որը թեեւ Բրազիլիային զիջում է իր ֆուտբոլիստների վարպետությամբ, սակայն ամենեւին էլ թույլ թիմ չէ։ Սակայն Բրազիլիայի երկրպագուներին դա ամենեւին չի հետաքրքրում, քանի որ Բրազիլիայի համեմատ` նրանք բոլոր թիմերին էլ թույլ են համարում եւ հաղթանակից բացի այլ արդյունքի դեպքում` անխնա քննադատության կենթարկեն իրենց ֆուտբոլիստներին։

Ինչեւէ, հուսով ենք, որ այսօր մենք ականատես կլինենք գեղեցիկ եւ գոլառատ ֆուտբոլի, քանի որ ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով։