Պաշտոն եմ ուզում, պաշտոն

12/06/2006

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը երեկ նորից պաշտոն է ուզել իշխանություններից: Այս անգամ նա իշխանություններին իր ծառայություններն է առաջարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Հիշեցնենք, որ այս տարի սա Հ. Խաչատրյանի արդեն թվով երրորդ համանման առաջարկն է: Չնայած իշխանությունների կողմից ստացված նախորդ մերժումներին, ՍԻՄ նախագահը դարձյալ պաշտոն է աղերսում՝ թաքուն հույս փայփայելով, թե մի օր երեւի կհոգնեն իր խնդրանքներից ու մի բան կտան: Մեր թղթակցի խնդրանքով, «Արդարություն» դաշինքի պատգամավոր Գրիգոր Հարությունյանը մեկնաբանել է դաշինքի իր գործընկերոջ առաջարկը եւ ստացել է հետեւյալ պատասխանը. «Այս իշխանություններից ի՞նչ խնդրես: Ամոթ չէ՞ բան նրանցից խնդրես»: Հիշեցմանը, թե իշխանություններից պաշտոն խնդրողն ընդդիմադիր պատգամավոր է, Գ. Հարությունյանը պատասխանել է. «Ո՞վ ասաց, որ ինքն ընդդիմադիր է: Մի հատ դա ճշտեք, հետո ասեք: Ես չէի ասի, թե ինքն ընդդիմադիր է: Այդ պահին նրա դիրքորոշումը երբեք ընդդիմադիրի չէր»: Փաստորեն, Հ. Խաչատրյանին իր գործընկերներն այլեւս ընդդիմադիր չեն համարում, եւ գուցե դա՞ է պատճառը, որ նա տեղ է փնտրում իշխանական ճամբարում:

Կարդացեք Մի բան տվեք Հրանտին