Չախմախչյանին զրկեցին մանդատից

12/06/2006

Կալմիկիայի խուրալը (խորհրդարան) որոշում է կայացրել վաղաժամ դադարեցնել Դաշնային խորհրդի սենատոր Լեւոն Չախմախչյանի լիազորությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ սենատորին հետ կանչելու օգտին են արտահայտվել նիստին ներկա 19 պատգամավորներից 18-ը: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Կալմիկիայի խուրալին Չախմախչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմում էր ուղարկել Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Դրանից մեկ օր առաջ Լ. Չախմախչյանը, ինչպես նաեւ նրա գլխավորած Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի հաշվապահ Իգոր Առուշանովը, ձերբակալվել էին «Տրանսաերո» ավիաընկերության գրասենյակում: Նրանց մոտից առգրավվել է 300.000 դոլար: Գլխավոր դատախազությունը կարծում է, որ Չախմախչյանը կապ ունի Հաշվիչ պալատում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ, քանի որ այնտեղ է աշխատում նրա փեսան` հունիսի 3-ին ձերբակալված Արմեն Հովհաննիսյանը: Գլխավոր դատախազի պաշտոնակատար Յուրի Բիրյուկովը հունիսի 6-ին Գերագույն դատարանից խնդրել է եզրակացություն տալ Չախմախչյանի գործողություններում հանցակազմի առկայության վերաբերյալ: