Երեկ ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն էր: Թեեւ հանձնաժողովը վերոնշյալ նախագիծը հավանության արժանացրեց, այնուամենայնիվ, որոշ պատգամավորներ ինչ-որ բանից դժգոհ էին:
1997թ. ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի շահագործման համար նախատեսված է տարեկան 5 մլն դրամ պետական տուրք: Կառավարությունը գտնում է, որ այս գումարը չի խթանում Հայաստանում հայտնաբերված հանքային ջրերի հանքավայրերի համալիր շահագործումը: Հատկապես ածխաթթու գազ ստանալու եւ բուժական նպատակներով այդ հանքավայրերի օգտագործման շահութաբերությունը շատ անգամ զիջում է հանքային ջրերի շշալցմամբ զբաղվող ընկերությունների շահութաբերությանը: Ուստի առաջինների համար այդ 5 մլն դրամ տուրքը թանկ «հաճույք» է: Այդ պատճառով էլ հանքավայրերի զգալի մասն այսօր օգտագործվում է շշալցման նպատակով կամ էլ շահագործվում է ապօրինի կարգով: Վերոնշյալ օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է հանքավայրերի շահագործման համար պետական տուրքի դրույքաչափերը տարբերակել ըստ հանքային ջրերի օգտագործման նպատակի: Շշալցման նպատակով հանքավայրերի շահագործման համար նախագիծը նախատեսում է տարեկան նույն 5 մլն դրամ պետական տուրքը, իսկ ածխաթթու գազ ստանալու եւ բուժական նպատակներով հանքային ջրերն օգտագործող ընկերությունների համար` 10 անգամ պակաս` 500.000 դրամ: Վ. Այվազյանի խոսքերով, կառավարության այս մոտեցումը հնարավորություն կտա խթանել ընդերքօգտագործման բնագավառում փոքր եւ միջին ձեռնարկատիրության գործունեությունը: Ըստ նախարարի, այժմ Հայաստանում հանքային ջրերի օգտագործման լիցենզիա ունեն 11 շշալցնող ընկերություն, իսկ բուժական նպատակով այդ ջրերն օգտագործելու համար ընկերությունները թույլտվություն են վերցնում հենց շշալցնողներից:
Հավանություն տալով կառավարության որոշմանը` ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը փորձում էր, այնուամենայնիվ, հասկանալ, թե ինչո՞ւ հենց 500.000 դրամ եւ ոչ ավելի քիչ: Ըստ պատգամավորի, հանքային ջուր շշալցնող ձեռնարկության համար պահանջվում է ընդամենը 100.000 դոլարի, իսկ հանքային ջուրը բուժական նպատակով օգտագործող ընկերության համար` միլիոնավոր դոլարների ներդրումներ: Իսկ առաջինի շահույթներն ավելի մեծ են, քան երկրորդինը: Ուստի Հ. Նաղդալյանը գտնում է, որ տուրքերի տարբերությունն էլ շատ մեծ պետք է լինի: Ավելին, պատգամավորի կարծիքով, լավ կլիներ, որ այս ոլորտում ընդհանրապես պետական տուրքեր չկիրառվեին: «Պետք է սուբսիդավորել եւ վարկավորել այդ ընկերություններին եւ ոչ թե տուրքեր կիրառել: Այս ձեւով մենք կխթանենք բուժական հանքային ջրերի շահագործման քաղաքականությունը»,- ասաց Հ. Նաղդալյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում երկրում կզարգանան տուրիզմը, առողջարանները եւ այլ ենթակառուցվածքներ:
Հ. Նաղդալյանի հետ, սակայն, համաձայն չէր իր կուսակից, ՀՀԿ-ական պատգամավոր Արեգ Ղուկասյանը: «Ի՞նչ է, դնենք հանքային ջրերի շահագործումը ձրի՞ սարքենք»,- ասաց նա` հավելելով, որ նույնիսկ այդ 500.000 դրամը շատ է նվազեցված: Ղուկասյանի այս պատասխանից հետո Հ. Նաղդալյանն այլեւս չդիմացավ ու իր կուսակցին չխնայելով` նետեց. «Դու շահութաբեր բիզնես ունես, լավ կլինի՞, որ հարկերդ ավելացնենք»,- ասաց նա: «Քո բիզնեսի մասին չեմ խոսում…»,- հակադարձեց Ա. Ղուկասյանը՝ նկատի ունենալով, թերեւս, Հ. Նաղդալյանի քարի հանքերն ու մյուս բիզնեսները, որին մենք բազմիցս անդրադարձել ենք: Թերեւս, եթե հանձնաժողովի նիստը վարող Վահրամ Բաղդասարյանը չհորդորեր դադարեցնել ոչ տեղին անձնական խոսակցությունը, հնարավոր կլիներ տեղեկանալ, թե էլ ինչ նոր բիզնեսներ ունեն ՀՀԿ-ական այս պատգամավորները:
Ինչեւէ, օրենքի նախագիծն առաջին հայացքից դրական է: Սակայն ոչ Հայաստանի համար, քանի որ օրինագիծն ընդունվելուց հետո բոլոր ընկերությունները կշտապեն գրանցվել որպես բուժական նպատակով հանքային ջուր օգտագործողներ ու կզբաղվեն դրա շշալցմամբ: Օրենքը շրջանցելու նման մեխանիզմը մեզանում բացառված չէ: