Մարդու իրավունքների պաշտպան դառնալու անհաջող փորձից հետո Հրանտ Խաչատրյանը հիմա էլ իշխանություններից խնդրում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Համենայն դեպս, երեկ Մամուլի ազգային ակումբում նա բաց տեքստով հայտարարեց այդ մասին: «Ես հենց վաղը իմ պատգամավորական մանդատը վայր կդնեմ, եթե քաղաքական բոլոր կուսակցությունները համաձայնեն, որպեսզի ես դառնամ ԿԸՀ նախագահ: Իմ կողմից դա կլինի իմ սեփական դիրքերի զիջում: Բոլորը պատկերացնում են, որ էլի անհույս մի քայլ է: Բայց կարծում եմ, որ եթե բոլոր քաղաքական ուժերն ընդունեն իմ առաջարկը, նախաձեռնությունը, կարծում եմ, հնարավոր է` քաղաքական համակարգը, անկախ դրա ներկայիս որակից, ունենա մի ընդհանուր շահ, մի ընդհանուր հույս, որ հաջորդ ընտրություններն, այնուամենայնիվ, լինելու են վերահսկելի ոչ թե կլանային համակարգի, այլ քաղաքական կուսակցությունների կողմից»,- հայտարարեց ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը:
Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորը հերթական անգամ ընկել է դռնեդուռ եւ իշխանություններից խնդրում է իրեն պաշտոն տալ: Ընդ որում, նա նույնկերպ իրեն պահեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունների ժամանակ: Իսկ այն բանից հետո, երբ իշխանությունների թելադրանքով, այնուամենայնիվ, օմբուդսմեն ընտրվեց Արմեն Հարությունյանը, Հ. Խաչատրյանն իշխանություններին առաջարկեց օմբուդսմենի տեղակալի պաշտոնը տալ ընդդիմությանը: Այսինքն՝ իրեն: Սակայն այն ժամանակ նրա առաջարկն այդպես էլ մնաց անպատասխան, քանի որ ոչ ոք դրա վրա ուշադրություն չդարձրեց: Ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս նրա խնդրանքը կմնա չբավարարված: «Ես հայտարարություն արեցի եւ ակնկալում եմ արձագանքներ»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Հրանտ Խաչատրյանը: Բնականաբար, նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արձագանքներ է ակնկալում այսօրվա իշխանություններից, ինչին ի պատասխան` նա ասաց. «Բոլոր կուսակցությունները, ովքեր ձեւավորում են ԿԸՀ-ն, ընտրությունների օրինականությունը ապահովելու համար, օգտակար կլինի, որ ինձ ընտրեն ԿԸՀ նախագահ»: Պատգամավորն ասում է, որ ինքը մտավախություն չունի, որ իրեն իշխանություններից պաշտոն խնդրելու մեջ մեղադրեն: «Ես հասել եմ ամենաբարձր պաշտոնին: Մնացածն, ինչ-որ առաջարկեն, ես պաշտոնի իջեցում եմ համարում եւ հանուն ընդհանուր շահերի եմ դա անում»,- իրեն փորձեց այսպես ապահովագրել ընդդիմադիր պատգամավորը: Եվ քանի որ Հ. Խաչատրյանն իրեն մեկից մեկ ԿԸՀ նախագահ էր պատկերացնում, երեկ հարցրեցինք, թե ինչպե՞ս է ապահովելու ընտրությունների օրինականությունը: Մանավանդ, այսօր բոլորը գիտեն, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են ոչ թե ԿԸՀ-ում, այլ հենց տեղամասերում` սափրագլուխների, թաղային հեղինակությունների, տեղամասային հանձնաժողովների միջոցով: «Ես շատ լավ, ավելի լավ կառնեի կեղծիքների դեմը, քան արել են մինչեւ հիմա»,- ասաց Հ. Խաչատրյանը: Իսկ թե կոնկրետ ինչպե՞ս է այդ կեղծիքների դեմն առնելու, նա ցանկացավ գաղտնի պահել` ասելով, որ ինքը շատ լավ պատկերացնում է, թե որ պաշտոնում մարդն ինչպես պետք է աշխատի: Այսինքն` Հ. Խաչատրյանն այսկերպ նաեւ ակնարկեց, որ եթե իրեն չտան ԿԸՀ նախագահի պաշտոնը, ապա ինքը պատրաստ է ստանձնել այլ պաշտոն եւս:
Նրա այս քայլը կարծես թե նորմալ է ընդունվել եւ՛ իր ընդդիմադիր գործընկերների, եւ՛ իշխանական թեւի կողմից: Միայն ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանն էր, որ մեզ հետ զրույցում ասաց. «Այս իշխանություններից ի՞նչ խնդրես, ամոթ չէ՞ բան խնդրես»: Երբ նրան հիշեցրինք, որ իշխանություններից պաշտոն խնդրողն ընդդիմադիր պատգամավոր է, պարոն Հարությունյանն ասաց. «Ո՞վ ասաց, որ ինքը ընդդիմադիր է: Մի հատ դա ճշտեք, հետո ասեք: Ես չէի ասի, թե ինքն ընդդիմադիր է: Այդ պահին նրա դիրքորոշումը երբեք ընդդիմադիրի չէր»,- ասաց Գ. Հարությունյանը: «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Հրանտ Խաչատրյանի առաջարկի մեջ սրտացավություն է տեսնում. «Նա մտահոգված է երկրում գեթ մեկ անգամ ազատ-արդար ընտրություններ անցկացնելով»: «Ազատ-արդար ընտրություններ անցկացնելու հարցն այնքան կարեւոր է մեր երկրի համար, որ պատգամավորը կարող է հանուն դրա վայր դնել իր լիազորությունները»,- այսպես արձագանքեց Արշակ Սադոյանը: Իսկ իշխանական թեւից ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, թե ինքը խորին հարգանք ունի Հ. Խաչատրյանի անձի հանդեպ, բայց. «Այդ հարգանքով հանդերձ` չեմ կարծում, որ ԿԸՀ նախագահ իր ընտրվելու դեպքում ինքը կկարողանա պայքարել եւ միանձնյա շտկել համակարգի այն բոլոր բազում թերությունները, որոնց մասին ինքը խոսում է: Եվ հետո, ես չեմ կարծում, որ մեզանում ընդդիմություն-իշխանություն համագործակցության առումով կա այն քաղաքական մշակույթը, որ թույլ տա նրան դառնալ ԿԸՀ նախագահ»,- ասաց Ա. Աշոտյանը:
Ի դեպ, երեկ այս առաջարկ-ցանկության վերաբերյալ հարցրեցինք նաեւ ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանի կարծիքը: «Ես Հրանտ Խաչատրյանին առաջարկում եմ կարդալ ՀՀ Ընտրական օրենսգիրքն ու հասկանալ, թե ով եւ ինչպես է դառնում ԿԸՀ նախագահ»,- փոխանցեց պարոն Ազարյանը: