Դատը շարունակվում է

12/06/2006

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը երեկ շարունակեց «Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության դեմ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական հայցի քննությունը: Փոքր ընդմիջումից հետո դատարանը որոշեց հաշտության բանակցությունների համար կողմերին տրամադրել եռօրյա ժամկետ: Հիշեցնենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցները` դատարանի ապրիլի 14-ի որոշման հիման վրա, մայիսի 29-ին բացել էին «Ժառանգության» գրասենյակը, որտեղ զննման ընթացքում պարզվել էր, որ անհայտ անձինք մարտի 8-ին ապօրինաբար մուտք էին գործել համակարգիչներից մեկի էջերը, ուր տեղեկատվություն է եղել կուսակցության գործունեության մասին: Համակարգչահենության այդ փաստի մասին դիմելով ՀՀ իրավապահ մարմիններին եւ Ազգային անվտանգության ծառայությանը, Ր. Հովհաննիսյանը պահանջել էր քննության առնել միջադեպը եւ պարզել, թե ում ցուցումով են կատարվում հակաօրինական գործողությունները: Սակայն ապօրինությունների շղթան այդքանով չավարտվեց: Նույն օրը` մայիսի 29-ին, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները գրասենյակը բացելուց մի քանի ժամ անց վերադարձել էին եւ պահանջել, որ «Ժառանգության» ղեկավարը եւ նրա աշխատակազմը անհապաղ հեռանան տարածքից: Նրանց հակաիրավական պահանջը բավարարվել էր հաջորդ օրը` համազգեստավորների մի հոծ խմբի ճնշման ներքո, որից հետո գրասենյակը վերստին կողպվել ու կնքվել է: Հանցագործության մասին հայտարարությամբ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Հայտարարության հեղինակը վերջինիցս խնդրել է աջակցել քաղաքացիական իր ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում, իսկ իրավապահ կառույցների պատասխանատուներից` իրավական գնահատական տալ տեղի ունեցածին եւ ՀՀ Քրեական օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործ հարուցել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ Գ.Հարությունյանի, Վ.Ենոքյանի եւ նրանց պատվիրատու վերադասի նկատմամբ: