Եկավ, համոզեց, գնաց

12/06/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Հիշեցնենք, որ կառավարության այս օրինագիծն առաջարկում է 2007թ.-ի հունվարի 1-ից հայտարարագրել ֆիզիկական անձանց` ամսական 500.000 դրամը գերազանցող եկամուտները: Այս օրինագիծը միանշանակ դուր չի գալիս պատգամավորներին: Սակայն հետաքրքիր է, որ նրանք միանշանակ պատասխան չեն տալիս, թե որո՞նք են դրա հիմնական թերությունները: «Դեմ եք քվեարկել, ասեք` ինչո՞ւ»,- հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ հարցրեց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա հիշեցրեց, որ օրինագծի նախորդ քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցությունն ասել է, թե այս նախագիծը գյուղացիներին շատ վատ վիճակի մեջ է դնում: ՀՊԾ պետի տեղակալը «զինված» էր իր հակափաստարկներով: Նա նշեց, որ գյուղատնտեսական ոլորտի միջին աշխատավարձն ընդամենը 38.000 դրամ է, բյուջետային հիմնարկություններում աշխատողներինը` 35.781 դրամ: Հետեւաբար, դժվար թե գտնվի մի գյուղացի, որի ամսական եկամուտը կգերազանցի 500.000 դրամը: Ա. Ալավերդյանի խոսքերով, այսօր Հայաստանում ընդամենը 70 բյուջետային աշխատողներ կան, որոնց եկամուտներն, ըստ օրինագծի, ենթակա են հայտարարագրման: Օրինակ, Կենտրոնական բանկի նախագահինը: «Մտահոգությունը, որ կարող ենք տասնյակ հազարավոր մարդկանց բերել հայտարարագրման դաշտ՝ անհիմն է»,- ասում է կառավարության ներկայացուցիչը: Ի պաշտպանություն օրենքի նախագծի` նա սկսեց համեմատություններ անել այլ երկրների հետ: Օրինակ, նույնիսկ քիչ զարգացած շատ երկրներում, ըստ Ա. Ալավերդյանի, հայտարարագրման համար եկամտի շեմ նախատեսված չէ. եկամուտ ունես` պետք է այն հայտարարագրես: ՀՊԾ պետի տեղակալը հիշեցնում է նաեւ, որ այս օրինագիծը հակակոռուպցիոն բնույթ ունի:

Հետաքրքիր զուգադիպությամբ, օրինագիծը «տապալողները» հանձնաժողովի երեկվա նիստին, ուր քննարկվում էր նաեւ այդ օրինագիծը, ներկա չէին: Ընդամենը մի քանի պատգամավորներ էին, որոնցից շատերը նույնիսկ չէին լսում Ա. Ալավերդյանի հիմնավորումները: Թվում է, թե նրանք դեմ չեն օրինագծի հիմնադրույթներին, եւ իրենց ավելի շատ այլ «մանր» հարցեր են հետաքրքրում: Օրինակ, «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանին հետաքրքրում էին հայտարարագրման ժամկետների հետ կապված օրինագծում տեղ գտած որոշակի անճշտություններ, ուրիշ ոչինչ: Իսկ «Արդարություն» խմբակցության անդամ Էդմունդ Ծատուրյանը նկատեց, որ «պետք է մի բան մտածել, որպեսզի հայտարարագրման գործընթացը պարզեցվի»:

Ի վերջո, ի՞նչ կլինի այս օրինագծի հետ, որի պատճառով, ըստ էության, շահերի բախում է առաջանում գործադիր եւ օրենսդիր մարմինների միջեւ: Կառավարությունը շատ է ուզում նախագիծն անցկացնել: Խորհրդարանն, իր հերթին, դրան հավանություն է տալիս մինչեւ վերջնական փուլը, այնուհետեւ բոյկոտում է այն` առանց էական հիմնավորում տալու: Թե ով կհաղթի այս «մարտում», կախված է նրանից, թե ով ում եւ քանի պատգամավորի կկարողանա համոզել:

Իսկ գյուղացին այս քննարկումներից ու իր անունը հերթական անգամ շահարկող պատգամավորներից նորից գլուխ չի հանի՝ այն համարելով արդեն իսկ մեկնարկած նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ մաս, որին ինքն իրենից անկախ մասնակցում է: