Կողոպուտ օրը ցերեկով

12/06/2006 Ն. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կենտրոն համայնքի Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) մեր հավաստի աղբյուրների համաձայն, Երեւանի կենտրոնական փողոցներում, անգամ մարդաշատ վայրերում արձանագրվում են մարդկանց կողոպտելու բազմաթիվ փաստեր. մեկ օրվա ընթացքում նմանատիպ հանցագործությունների թիվը հասնում է մոտ 20-ի։

Նույն աղբյուրի պնդմամբ` հանցագործ խմբավորումները 20-25 տարեկան, սպորտային կազմվածքով արագավազ երիտասարդներ են, որոնք գործում են զույգերով եւ ծրագրավորված. «Աչքից սուրմա» թռցնողների հիմնական նշանակետերն են անցորդների բջջային հեռախոսները, ոսկե շղթաներն ու ձեռքի պայուսակները։

Այս տարվա հունիսի 2-ին, ժամը 16.30-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ պողոտայում 2 պատանի խուլիգաններ քաղաքացի Ն. Սարգսյանի պարանոցից պոկել են 500 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկե շղթան եւ մի քանի վայրկյանում անհետացել` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք։ «Չտեսնելով անգամ նրանց դեմքը, ես մնացի շվարած։ Տվյալ պահին չդիմեցի ոստիկանության բաժանմունք, քանի որ համոզված չէի, որ կարող եմ ետ բերել թանկարժեք զարդս։ Կարծում եմ, որ նրանք գործում են ոստիկանության աշխատակիցների թողտվությամբ»,- ասում է տուժած քաղաքացին։

Քաղաքապետարանից ընդամենը 100-150 քայլ հեռավորության վրա գտնվող նախկին թաղման բյուրոյի կիսախարխուլ շենքից Ն. Սարգսյանը միայն նկատել էր, թե ինչպես են 2 երիտասարդ շարժվում դեպի իր կողմը։ Ի դեպ, նրա հետ եղել են նաեւ 2 անչափահաս երեխաներ, որոնց նա այդ նույն ճանապարհով ամեն օր ուղեկցում էր մանկապարտեզ։ «Այդ շենքը դարձել է մեր «էլիտար» քաղաքի «էլիտար» հասարակական զուգարանը, որտեղ գիշերային ժամերին բազմաթիվ բռնարարքներ են տեղի ունենում, իսկ ցերեկը վխտում են անարխիստները։ Շենքի ավերակներից փչող գարշահոտն արդեն քաղաքապետարանի չինովնիկների քթին է հասնում, մի՞թե նրանք իրենց ապակեպատ թաքստոցներից չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց շրջակայքում»,- վրդովված նկատում է Ն. Սարգսյանը։

Ի դեպ, թալանվելուց 2 օր առաջ տուժողը հանդիպակաց մանկական այգում ականատես էր եղել, թե ինչպես 2 երիտասարդ, տիրապետելով պրոֆեսիոնալ գրպանահատումների խաղի կանոններին, 14 տարեկան տղայի ձեռքից թռցրել էին նրա բջջային հեռախոսն ու չքվել տեսադաշտից։