Երբ առաջին բերքահավաքը սկսվում է, եւ սննդամթերքի շուկայում հայտնվում են առաջին վարունգը, պոմիդորն ու ելակը, սկսվում են նաեւ դժգոհությունները բուսական սննդամթերքի որակի նկատմամբ: «Շուկա անող» մեր տնային տնտեսուհիները, մանավանդ` տարեց կանայք, առեւտուր անելիս անընդհատ փնթփնթում են, թե չկա պոմիդորի ու ելակի առաջվա համը: Ինչքան էլ վաճառողը համոզի, թե իր ապրանքը լավն է ու որակով, միեւնույն է՝ մեր տնտեսուհիներին խաբել չի լինում. նրանք հավատում են սեփական բերանի համին: Եվ ճիշտ են, որովհետեւ նոր կարգերից հետո Հայաստան մտան նաեւ նոր սերմեր: Նախ` հումանիտար օգնությունների տեսքով: Մեր գյուղացիները` սերմերը տեսնելով ոչ թե գորշ արկղերի ու պարկերի մեջ, այլ սիրուն ձեւավորված ու սպասվող բերքի նկարը պատկերող տոպրակով փաթեթավորված՝ միանգամից վրա էին պրծնում այդ նորույթին, ցանում, չորս-հինգ ամիս մշակում, բայց աշնանը մնում էին առանց բերքի: Իսկ լավագույն դեպքում` ունենում էին բարձր, բայց անորակ բերքատվություն: Հենց այդպես եղավ մեր պոմիդորի, կարտոֆիլի, ելակի ու այլ մշակաբույսերի հետ:
«Ելակի սեզոնին, դեռ շուկա չմտած, հոտը քթներս էր բռնում,- ասում է «շուկա անող» մի տիկին։ -Հիմա քթներս մեջն ենք մտցնում` հոտ չենք առնում, ու անհամ է»:
Նույն դժգոհությունը կա պոմիդորի նկատմամբ: Արտաքինից վառ կարմիր ու ախորժաբեր պոմիդորները ներսից սպիտակ են ու ամուր, այդ պատճառով էլ՝ անհամ: Այդ ամենի պատճառը դրսից ներկրվող սերմերն են: Դրանց առավելությունը շատ բարձր բերքատվությունն է, բայց՝ անհամ որակով: Շուկայում ելակ վաճառող ոսկեվազցին հավատացնում է, որ տեղականը լավ բերք չի տալիս, դրա համար էլ չեն աճեցնում: Բացի այդ` տեղականը, ճիշտ է, համով է, բայց այնքան էլ լավ չի վաճառվում:
«Դրսից բերած ելակը շատ խոշոր է ու պինդ,- ասում է ելակ վաճառողը: -Մեր հաճախորդներին դա դուր է գալիս: Նրանք տեղական մանրը չեն ուզում գնել: Մենք էլ ցանում ենք այն, ինչ առնում են: Հետո մեր տեղականը քիչ է բերք տալիս, դա մեզ ձեռ չի տալիս: Արտասահմանյանը կրկնակի-եռակի շատ է տալիս, դրա համար էլ դա ենք ցանում»:
Ճիշտ չի ասել, թե մշակաբույսերի տեղական սորտերն էլ չկան: Ուղղակի գնորդը հաճախ չի կարողանում տարբերել: Տեղական սորտերն իրենց ցածր բերքատվության պատճառով շուկայում շատ ավելի թանկ են վաճառվում: Այս հանգամանքը կարող է գնորդին մի փոքր կողմնորոշել: Իսկ ընդհանրապես շուկային, մանավանդ մեր շուկային լավ ու վատ որակների սորտերն էլ անհրաժեշտ են:
«Շուկան է որոշում պահանջարկը,- ասում է Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: -Էժանի ու անորակի պահանջարկն այսօր ավելի շատ է, քան՝ թանկի ու որակյալի: Մեր բնակչության գերակշիռ մասն ունի ցածր գնողունակություն, նրան սեզոնին հարմար է պահածոյի համար պոմիդորը գնել ոչ թե 200, այլ 100 դրամով: Դրա համար էլ շուկայում գերակշռում է ցածրորակ բուսական մթերքը»: Իսկ ընդհանրապես Հայաստանում սերմերի շուկան շատ բարձիթողի վիճակում է եղել. ով ինչ ասես ներկրել է: Վերահսկողություն չի եղել: Հաճախ մեր շատ գյուղացիներ, խաբվելով ամերիկյան կամ ֆրանսիական անվանը, ցանում են սերմերը եւ բերք չեն ստանում:
Խորհրդային տարիներին բոլոր հանրապետությունների հետ միասին Հայաստանն էլ ունեցել է սերմերի ֆոնդ: Անկախությունից հետո դա վերացել է: Այն ժամանակ ընդունված էր, որ սերմացուի 20 տոկոսը պետք է պահեստավորվի եւ պահպանվի արտակարգ իրավիճակների համար: Եթե հանկարծ որեւէ աղետ լինի, եւ տվյալ մշակաբույսից ընդհանրապես բերքահավաք չլինի, հաջորդ տարի կկարողանան ֆոնդի սերմերն օգտագործել: Ոլորտի մասնագետների կարծիքով, սերմերի ֆոնդն ինչ-որ տեղ ազգային անվտանգության նշանակություն ուներ: Իսկ Գառնիկ Պետրոսյանի կարծիքով, այսօր սերմերի ֆոնդ ունենալու անհրաժեշտություն չկա:
«Դա նախ` ահագին ծախսերի հետ է կապված,- ասում է նա: -Հետո էլ, եթե այնպես ստացվի, որ որեւէ մշակաբույսի սերմի հետ կապված որեւէ խնդիր ունենանք, այսօր կապն ու հնարավորություններն ամբողջ աշխարհի հետ այնպիսին է, որ շատ արագ կարող ենք ամեն ինչ հարթել»:
Հիմա պետությունն՝ ի դեմս Գյուղնախարարության, որոշել է ի վերջո վերահսկել այս ոլորտը: Նախ` 2005թ. ընդունել է «Սերմերի մասին» օրենքը, հետո՝ դրանից բխող որոշումները: Իսկ գործնականում անցած տարեվերջին ստեղծվել է «Սերմերի գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը: Սերմ ներկրող յուրաքանչյուր գործարար պարտավոր է այս գործակալությունից հավաստագիր ձեռք բերել, հետո նոր վաճառել: Հակառակ դեպքում` պատասխանատվության կենթարկվի: Գործակալությունը նախ սերմը լաբորատոր փորձաքննության է ենթարկելու, հետո արդեն անցնելու է փորձարկման երկամյա փուլ: Գործակալությունը կամ ներկրողն ինքը երկու տարի այդ սերմը ցանելու է տեսնի, թե ինչ բերքատվություն կամ ծլունակություն է ապահովում: Եթե այդ սերմն իրեն արդարացրեց մեր հողում ու լաբորատորիայում, ուրեմն՝ թույլատրում են գրանցել:
Բացի ներկրվող սերմերից` այսուհետ հավաստագիր պետք է ունենան նաեւ տեղում արտադրվող ու վաճառվող սերմերը: Գ. Պետրոսյանը գյուղացիներին խորհուրդ է տալիս սերմ գնելիս անպայման հետը պահանջել ուղեկցող փաստաթուղթ, որպեսզի հետո՝ հարկ եղած դեպքում, կարողանան վաճառողին պատասխանատվության ենթարկել: Իհարկե, դժվար է մեր գյուղացիներին սովորեցնել վարուցանք կատարելիս զբաղվել նաեւ թղթարարությամբ: Մանավանդ որ՝ դրանում շահագրգիռ չեն լինի նաեւ սերմ վաճառող ու սովորաբար հարկերից խուսափող մեր ձեռներեցները: Բայց ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղը կընկնի:
«Մի քանի տարուց հետո դուք շուկայում չեք տեսնի առանց հավաստագրի վաճառվող սերմ,- հավատացնում է «Սերմերի գործակալության» տնօրեն Արմեն Վարդանյանը: -Թե՛ սերմ գնողը, թե՛ վաճառողը պետք է հասկանան, որ դա իրենց շահերից է բխում»:
Ճիշտ է՝ ոլորտը կանոնակարգելն ու վերահսկելը բոլոր դեպքերում լավ բան է: Բայց մենք շատ տխուր անցյալ ունենք, որ ցանկացած ոլորտի կանոնակարգում ու վերահսկում ունեցել է նաեւ հետին նպատակ՝ կենտրոնացնել շուկան մի քանի խաղացողների ձեռքում: Մի խոսքով, ոլորտը մոնոպոլիզացնել: Մանավանդ որ, մեր շատ պատգամավորներ ու պաշտոնյաներ շատ ակտիվ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղատնտեսությամբ են զբաղվում նաեւ Գյուղնախարարության որոշ պաշտոնյաներ, ու նրանց մոտ հաստատ թաքուն ցանկություն կառաջանա սերմերի առքուվաճառքով զբաղվելու թույլտվություն տալ արտոնյալ գործարարների: Ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ սերմերի առքուվաճառքով զբաղվողների քանակը կարող է փոքրանալ, սակայն հավատացնում են, որ ամեն ինչ անելու են, որ շուկան չտուժի: