«Լա՛վ են անում՝ սպանում են, ես ձեր …»

12/06/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Gazetasng ինտերնետային կայքում ռուս ազգայնամոլների ձեռքով վերջերս սպանված հերթական զոհի՝ 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության մանրամասների մասին պատմող նյութ է զետեղված, որը ենթադրում էր նաեւ կայքի ընթերցողների վերաբերմունքը կատարվածին: Արձագանքներն անցնում են հարյուրի սահմանը, սակայն, որքան էլ անհավանական է թվում, ազգայնամոլական հողի վրա հայ երիտասարդի սպանությանն արձագանքողներին դա անել ստիպել է ամենեւին էլ ոչ կարեկցանքը կամ, ասենք, զայրույթը: Բացահայտ հայհոյանքներ (տես՝ վերնագիրը), սպառնալիքներ հայերի հասցեին, ամեն կարգի մեղադրանքներ: Հայերը մեղադրվում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ քրեական բնույթի հանցագործությունների մեջ: Բերվում են պատմական դեպքեր, հայտնի մարդկանց ցիտատներ, ուր հայերը ներկայանում են որպես ամենացածր ու ստոր մեղքերի կրողներ: Եվ դատապարտման ոչ մի խոսք հայ երիտասարդին դանակահարած սափրագլուխների հասցեին: Ի թիվս այլեւայլ մեղադրանքների, որոնք, ըստ տասնյակ նամակագիրների (որոնք, հասկանալի է, ազգությամբ հայ չեն)՝ հիմք են հայերի հետ դաժանաբար վարվելու, նշվում է նաեւ Ռուսաստանում գործող այն հանցավոր խմբավորումների ցանկը, որոնք մասնագիտացած են անօրինական գործողություններում: Մենք պարզապես մեջբերենք այն մարդկանց անունները, որոնց գործողությունների թե՛ հասցեն, թե՛ բնույթը նշված են ամենայն մանրամասնությամբ: Մոսկվայում գործունեություն ծավալած «օրենքով գողերի» անունները, ըստ կայքում տեղադրված ինֆորմացիայի, սրանք են՝ Գեղամյան Գարիկ (մականունը՝ Կարտոլ), Ալեքսանդր Գիվոեւ՝ «Հայ-հույ» մականունով, Գարիկ Թավրիզով, Անզոր Աղայան, Տիգրան Ասատրյան, Արամ Հայբյան` «Չազո», Միքայել Բաղդասարյան՝ «Ծուռթաթ արջ», Ալբերտ Գուրգենյան՝ «Մորյակ», Գուլիվեր Մուքբանյան՝ «Մինագո», Սարգսյան Ռոբերտ՝ «Ռոբիկ», Հովհաննիսյան Վլադիմիր, Սարոյան Ռայթիկ՝ «Սինոկ»: Այս ցանկին հետեւում է գործող վեց հանցավոր խմբերի թվարկումն ու թե հատկապես ապօրինի ո՛ր ոլորտներն են դրանք տնօրինում: Նշված է ավտոտրանսպորտի գողությամբ զբաղվող մոտ 30 հոգուց բաղկացած մի խմբի մասին, որի ղեկավարն է Տ.Գ.Մեցոյանը: Ս. Մադաթյանի ղեկավարած 20-25 հոգանոց խումբը զբաղված է ապօրինի ֆինանսական գործարքներով, զենքի վաճառքով: Պարտքերի կորզումով է զբաղված մոտ 25 հոգուց բաղկացած եւ Գ. Սարգսյանի կողմից ղեկավարվող խումբը: «Լենինականյան» խմբավորման լիդեր Գ. Ֆարզադյանը եւ նրա 15-20 հոգանոց խումբը մասնագիտացած է ավտոտրանսպորտի գողության գործով: Ռեկետով զբաղվում է «Օրեխովսկայա» խմբի լիդեր Գ. Զիրոյանն ու նրա 10-15 հոգանոց խումբը: Չերկիզովսկայա խմբավորման լիդերը՝ ոմն Վաչկոսը, իր 20 հոգանոց խմբով զբաղվում է ռեկետով եւ պարտքերի կորզմամբ: Կայքում նշված է, որ հայերն իրենց միջոցներն ուղղում են իրենց մարդկանց ռուսաստանյան իշխանություններ խցկելու համար, կաշառում են դատավորներին, եւ շատ այլ նման մեղադրանքներ: Ապա կոնկրետ հասցեներով նշվում են այն վայրերը, որոնք գտնվում են հայ խմբավորումների հսկողության կամ հետաքրքրությունների շրջանակում՝ այսպիսով, նրանց տեղը մատնացույց անելով «բոլոր հետաքրքրվողներին»: Համաձայնեք, որ Արթուր Սարդարյանի սպանության մասին պատմող հոդվածի անմիջապես հարեւանությամբ զետեղված սույն տեղեկատվությանը ծանոթանալիս քիչ ռուսներ առանց կանխակալ տրամադրությունների կփորձեն ընկալել սպանության փաստը: Հատկապես ռուսական կայքերում հակահայկական ամեն բնույթի տեղեկատվությունը, որը, փաստորեն, խիստ մատչելի է ցանկացողներին, արդեն իսկ ուղղորդում է սափրած գլուխներով այն ռուս ազգայնականներին, որոնք Ռուսաստանում մեծ թափ ստացող ապաբարոյականացման, գործազրկության, սոցիալական անհավասարության մթնոլորտի մեղավորներին փորձում են փնտրել ոչ թե իրենց երկրի իշխանական համակարգում, այլ հատկապես կովկասցիների շարքերում՝ արդեն հայտնի հետեւանքներով: Սակայն սա կատարվածի մի՛ կողմն է, որին պիտի որ հետեւեր մեր երկրի իշխանությունների արձագանքը մեկ այլ երկրում իր քաղաքացիների՝ արդեն օրինաչափ դարձած սպանություններին: Ռուսաստանը Բուդապեշտ չէ, իսկ ռուս դատարկագլուխ սքինհեդն ադրբեջանցի սպա չէ, որ հայ երիտասարդին սպանելուց հետո արժանանա հայ բարձրաստիճան ղեկավարության կոշտ գնահատականին, որպեսզի փողոց դուրս գան հարյուրավոր հայ երիտասարդներ, բողոքի նոտաներ ուղարկվեն համապատասխան ատյաններ եւ այլն, եւ այլն: Նախ՝ իրենց հայրենակիցների սպանությունների շարքը ոտքի չհանեց ու չհամախմբեց մոսկվաբնակ հայերին՝ համայն հայության հոգեւոր հոր դերը ստանձնած Արա Աբրահամյանի դրդմամբ: Միայն վերջին սպանությունից հետո մի քանի մատաղահասակ հայուհիներ ու Ռուսաստանի բուհերում սովորող հայազգի ուսանողներ մոմերով շրջան կազմեցին Կրեմլի մատույցներում՝ ի հիշատակ սափրագլուխների ձեռքով ազգային թշնամանքի եւ անհանդուրժողականության հողի վրա զոհվածների: Ի դեպ, ՌԴ հայերի միությունը հրաժարվել էր մասնակցել բողոքի այս ակցիային: Լուռ է նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:

Պաշտոնական Երեւանն էլ, պետք է նկատել, հանդես չեկավ կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով, որ Ռուսաստանում պաշտպանվեն հայերի՝ ապրելու, ինչպես նաեւ` ազատ եւ անվտանգ տեղաշարժվելու իրավունքները: Միակ հանդուգն ու խիզախ պաշտոնյան, թերեւս, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանն էր, որն այս շաբաթ լրագրողներին վստահեցրեց, թե Ռուսաստանում արդե՛ն իսկ սկսել են համապատասխան միջոցներ կիրառվել հայերի հանդեպ ոտնձգությունները կանխելու ուղղությամբ, մասնավորապես, ՀՀ փոխարտգործնախարարը վստահ է, որ Ռուսաստանի իշխանությունները, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ՌԴ Գլխավոր դատախազ Ուստինովին աշխատանքից ազատեց նաեւ այդ պատճառով: Եվ հետո, մեր իշխանություններն իրենց չեն խնայում` բողոքելու կատարվածի դեմ. ա՛յ, օրինակ, մեր Արտգործնախարարությունը բողոքի նոտա է փոխանցել անձամբ… ՌԴ Արտգործնախարարության մամուլի խոսնակին: