«Ադրբեջանցիները կարծես թե կորցնում են խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու իրենց հնարավորությունը: Ես ներկա չեմ եղել բանակցություններին, սակայն հանրապետության նախագահն ինձ տեղյակ է պահել, որից հետո իմ կարծիքն այն է, որ ադրբեջանցիները կորցնում են խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու իրենց հնարավորությունը»,- երեկ հայտարարել է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նախարարն ակնհայտորեն նկատի ունի, որ ադրբեջանցիները հնարավորություն ունեին խաղաղ ճանապարհով վերադարձնել Ղարաբաղի հարակից մի քանի շրջաններ, սակայն հրաժարվել են դրա դիմաց համապատասխան զիջումներ անել: Այն է՝ ճանաչել ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն: Այլ կերպ ասած՝ «տարածքներ՝ անկախության դիմաց» ծրագիրն իսկապես օրակարգում է եղել, բայց մերժվել է Ադրբեջանի կողմից: