Գորբաչովը գոհ է Պուտինից

09/06/2006

Հունիս 7-ին Մամուլի համաշխարհային 59-րդ կոնգրեսի եւ Խմբագիրների համաշխարհային 13-րդ ֆորումի մի խումբ մասնակիցներ ԽՍՀՄ էքսնախագահ Միխայիլ Գորբաչովի հետ հրավիրված էին ճաշի: Համաշխարհային մամուլի ղեկավարների հետ Գորբաչովի քննարկման հիմնական թեման դարձյալ վերակառուցումն էր: Մ. Գորբաչովը փորձում էր բացատրել, որ իր խնդիրը ոչ թե Խորհրդային Միության փլուզումն էր, այլ՝ ռեֆորմների միջոցով երկրի վերակառուցումը: Նա, ի տարբերություն այն բանի, որ պաշտպանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը, խիստ քննադատության ենթարկեց Ելցինին եւ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանը: Ըստ Մ. Գորբաչովի, Ելցինը կատարում էր ԱՄՆ իշխանությունների հրահանգը՝ սկսած իրեն իսկ իր շրջապատի կողմից «գահընկեց» անելուց: «Ով ամերիկյան ջազ երաժշտության տակ պարում է, նրա վերջը վատ է լինում»,- ասաց էքսնախագահը: Գորբաչովը ճիշտ է համարում Պուտինի՝ Չեչնիայի նկատմամբ վարած քաղաքականությունը:

Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ «168 Ժամի» հարցին Մ. Գորբաչովը շատ հակիրճ պատասխանեց՝ ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ մինչ օրս արտահայտած իր տեսակետներին նոր բան չի կարող ավելացնել: «Համբերություն, միայն համբերություն է պետք ունենալ այս հարցում: Ես մտածում եմ, որ չի կարելի նման կոնֆլիկտներն այնպես լուծել, որ մի կողմը հաղթող լինի, իսկ մյուս կողմը՝ պարտվող: Այս մասին ես ասել եմ նաեւ 1988 թվականին: Պետք է կարողանալ հարցի լուծման այնպիսի մոդուլ, ֆորմուլա գտնել, որն ընդունելի կլինի երկու ազգերի համար էլ: Իրենց՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի պատմությունն ու մշակույթը հաշվի առնելով պետք է ԼՂՀ-մասին որոշում կայացնել»,- ասել է Գորբաչովը: