– Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ Բուխարեստյան հանդիպումը, որից միջազգային հանրությունը բավական մեծ ակնկալիքներ ուներ, հերթական անգամ ձախողվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
– Ես չեմ կարծում, որ Բուխարեստյան հանդիպումը ձախողվել է: Ընդհանրապես ամեն մի հանդիպում օգտակար է: Այդկերպ նախագահների համար հնարավորություն է ստեղծվում՝ տեսակետներ փոխանակելու: Առավել եւս, երբ ճշգրտումներ են արվում ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնք ներկայացրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ լուրջ տեղաշարժ այս անգամ էլ չի արձանագրվի. նման հանդիպումների ելքը կարելի է կանխատեսել՝ հետեւելով Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին: Եթե Ադրբեջանում ամեն ինչ շարունակվում է ատելության, պատերազմի քարոզի եւ ռազմատենչ հայտարարությունների ներքո, ապա, բնականաբար, նման գործընթացի պարագայում որեւէ էական տեղաշարժ հնարավոր չէ արձանագրել: Նախագահների հանդիպման ժամանակ էական տեղաշարժերի արձանագրումն իր հետեւից պետք է բերի նաեւ կոնկրետ իրականացվելիք քայլերի: Իսկ նման մթնոլորտում ի՞նչ կոնկրետ քայլերի մասին կարող է խոսք լինել:
– Փաստորեն եւ Ադրբեջանը, եւ Հայաստանն իրենց սկզբունքներում անզիջում դիրքորոշում են որդեգրել ու կարծես պատրաստ չեն փոխզիջման գնալ: Այդ դեպքում ո՞րն է լինելու լուծումը:
– Լուծումը շատ պարզ է. միջազգային կազմակերպությունները տարբեր փաստաթղթեր են ընդունել: Մասնավորապես կարող եմ մատնանշել ԵԽ ԽՎ 1416 բանաձեւը, որտեղ հստակ ամրագրել են, որ Ադրբեջանի այդ գործելակերպն անընդունելի եւ դատապարտելի է: Եվ պահանջել են վերջ դնել նման գործելակերպին: Ուրեմն այդ կազմակերպությունները պետք է կարողանան հետեւել գործընթացներին, արձանագրել արդյունքները եւ համապատասխան արձագանք տալ: Եվ երբ այդ արձագանքները գնալով կոշտանան, ապա Ադրբեջանը երկու տարբերակ կունենա. հրաժարվել նմանատիպ գործելակերպից կամ շարունակել իրեն այդպես պահել՝ հայտնվելով միջազգային կազմակերպությունների կոշտ արձագանքների հարթությունում: Բայց ակնհայտ է, որ այդպիսի կոշտ արձագանքներն ավելի ու ավելի են մոտեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը: Այլապես այս վիճակն այդպես երկար շարունակվել չի կարող:
– Այսօրվա դրությամբ գո՞հ եք միջազգային հանրության արձագանքներից ու հետեւողականությունից:
– Միջազգային հանրությունն ունի իր գործունեության մոտեցումներն ու ավանդույթները, որոնք, տեւական ժամանակ է, կիրառում է: Եվ ակնհայտ է, որ մեկ հարցի հետ կապված այդ ավանդույթները չեն կարող փոխվել: Այնպես որ, որեւէ բան գնահատելիս պետք է հաշվի առնել նաեւ այդ ավանդույթները: Եվ հիմա եղած արձագանքները գտնվում են այդ ավանդույթների շրջանակներում: Այնպես որ, դժգոհ լինելու հիմքեր չկան:
– Ընդդիմության գնահատմամբ, Քոչարյանն ու Ալիեւն իրենք չեն ուզում լուծել ԼՂՀ հակամարտությունը, այլապես վաղուց փոխզիջումների գնացած կլինեին: Համամիտ չե՞ք:
– Ընդդիմությունը նման դիրքորոշում ունի մեկ պարզ պատճառով: Նրանք, բնականաբար, պետք է դատապարտեն Ադրբեջանի իշխանություններին, քանի որ վերջիններս չեն ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Մյուս կողմից ընդդիմությունը պետք է որոշակի կոշտ վերաբերմունք ունենա մեր իշխանությունների նկատմամբ՝ արդեն ոչ թե ԼՂՀ խնդրի հետ կապված, այլ` իրենց խմբակային, կուսակցական, ներքաղաքական շահերի առումով: Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում չէ: Գոնե Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է մի կողմ թողնել կուսակցական շահերը: Մանավանդ, որ ԼՂՀ խնդրում իշխանությունների գործելակերպի մեջ, չեմ կարծում, թե որեւէ խոցելի կետ կարող են գտնել: Հիշեցնեմ, որ 1998 թվականին, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ, անընդհատ ասում էին, որ ահա ՀՀ-ն կհայտնվի շրջափակման մեջ, շատ կարճ ժամանակում կկորցնենք Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն էլ ծանր վիճակում կհայտնվի: Բայց անցել է ավելի քան ութ տարի, եւ կյանքը ցույց տվեց, որ ԼՂՀ դիրքերն ավելի են ամրապնդվել: Այսօր տարբեր փաստաթղթերում արձանագրված է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման ժամանակ պետք է անպայման կիրառվի ազգերի ինքնորոշման իրավունքը: Այսինքն՝ Ղարաբաղի դիրքերն ամրապնդվել են: Իսկ նախորդ տարիներում չեք գտնի գեթ մեկ փաստաթուղթ, որ նման հաստատագրում արված լինի: Հետեւաբար, գնահատականները համարժեք չեն իրողություններին ու զարգացումներին:
– Շատերի գնահատմամբ, առաջիկայում, հնարավոր է, կրկնվի 1998թ. իշխանափոխության սցենարը: Դուք որքանո՞վ եք դա իրատեսական համարում:
– Բացարձակապես իրատեսական չեմ համարում, որովհետեւ չի կարելի վերացական սցենարներ գուշակել: 1998թ. սցենարը թելադրված էր կյանքից: Ես ազնվորեն ու անկեղծորեն կարծում եմ, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները եւ Հայաստանի առաջին նախագահը համարում էին, որ եթե չգնան այն լուծումներին, որոնք առաջարկվում են, ապա ապագայում շատ ծանր իրավիճակ է սպասվում: Իրենք սա արձանագրում էին: Եվ տեսնելով, որ ԼՂՀ խնդրում իրենց մոտեցման մեջ անհամաձայնություն կա, իրենք հրաժարական ներկայացրեցին: Այսօր նման գնահատական Հայաստանի իշխանությունները չունեն: Ճիշտ հակառակը՝ իրողություններն արձանագրում են, որ մենք, միգուցե ոչ այն չափով, որ ցանկանում ենք, սակայն գնում ենք առաջ: Եվ առնվազն մեկ սկզբունքային հաջողություն կարող ենք արձանագրել. դա խնդրի կարգավորման մեջ որպես սկզբունք ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:
– Ակնհայտ է, որ միջազգային հանրությունն, այսպես ասած, շտապում է լուծված տեսնել ԼՂՀ հիմնահարցը: Այդ դեպքում ստատուս-քվոյի պահպանումը որքանո՞վ է ձեռնտու, եւ որքա՞ն կտեւի այս իրավիճակի պահպանումը:
– Մեր խնդիրն է` ոչ թե կանխատեսել, թե իրավիճակի պահպանումը որքան կտեւի, այլ խորացնել այն դրական միտումները, որ կան ԼՂՀ խնդրի կարգավորման մեջ: Սա է կարեւորը: Պետք է ամրապնդել այն դիրքերը, որ արդեն իսկ ունենք: Կարծում եմ, պետք է միջազգային հանրության առաջ շարունակենք պնդել այն մոտեցումները, որ պետք է հստակ դիտարկում իրականացվի այն խնդիրների, մոտեցումների վերաբերյալ, որոնք միջազգային հանրությունը դնում է շահագրգիռ կողմերի առաջ: Սրա հետեւողական իրականացումն է, որ էլ ավելի կմոտեցնի խնդրի կարգավորմանը: Իսկ թե ինչքան կտեւի այդ ժամանակը՝ դժվար է ենթադրել: Մենք ոչ թե ժամանակի, այլ ընթացքի մասին պետք է մտածենք: Եվ վստահ եմ, որ ընթացքը տանում է դեպի ԼՂՀ անկախության ճանաչում: