Ոստիկանության Գյումրիի բաժանմունքն օրերս հետախուզում է հայտարարել Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանի որդու` Հովսեփ Գրքիկյանի նկատմամբ:
«168 ժամն» անդրադարձել էր, թե ինչպես մայիսի 17-ին Գյումրիի Շախմատի տան մոտակայքում Հովսեփ Գրքիկյանը ատրճանակի կրակոցներ էր արձակել սրճարանի ցուցափեղկերին եւ պատահաբար վիրավորել ներսում գտնվող պահակին: Ի դեպ, հետաքրքիր է, որ Գրքիկյանը միջադեպից ընդամենը րոպեներ առաջ է ազատ արձակվել ոստիկանության բաժնից, ուր նրան բերման էին ենթարկել վիճաբանության ժամանակ ատրճանակից օդ կրակելու համար: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, Գրքիկյանին ազատ էին արձակել ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Գրիգոր Եպիսկոպոսյանի զանգից հետո: Ավելին, ազատ արձակելուց հետո ոստիկանները նրանից ներողություն են խնդրել ու ետ վերադարձրել ատրճանակը: Եվ միայն այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել Գ. Եպիսկոպոսյանի նկատմամբ, հայրենի իրավապահներն իրենց մեջ կամքի ուժ են գտել` հետախուզում հայտարարելու Հովսեփ Գրքիկյանի նկատմամբ: Մեզ հասած տեղեկություններով, այսօր Գյումրիից «փախած է» նաեւ քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը: Վերջինս մտավախություն է ունեցել, որ ոստիկաններն իրեն կձերբակալեն, որպեսզի որդին ստիպված գա եւ իրավապահներին ներկայանա: