Բուխարեստի Ռամբույեն

09/06/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների փետրվարյան հանդիպումից հետո Ռամբույեն դադարել է սոսկ ինչ-որ մի դղյակի անուն, հետեւաբար` նաեւ հատուկ անուն լինելուց։ Ռամբույեն պարզ ու հասարակ մի բառ է, որը… Չէ, մի բացեք բառարանը, դա նոր բառ է եւ ոչ մի տեղ դեռ ներառված չէ։ Ռամբույեն պարզ ու հասարակ, թանձրացականի տարրեր պարունակող վերացական մի գոյական է, որը նշանակում է` անհնարին գործընթացի ձախողում։

Մեր լեզվում սա եզակի երեւույթ չէ։ Էլի ունենք դեպքեր, երբ հատուկ անունը դարձել է հասարակ գոյական, մինչեւ անգամ՝ բայ։ Օրինակ՝ էլեկտրոնային ապրանքներ արտադրող «Քսերոքս» ֆիրմայի անունը։ Հայաստան ներմուծված պատճենահանող առաջին սարքերի անունով, պատճենին մենք ասում ենք` «քսերոքս», պատճենելուն՝ քսերոքսել կամ քսերոքս անել։ Նույնպես ժամանակին «Վիլիս» էինք կոչում բոլոր ջիփանման ավտոմեքենաներին։ Սա էլ` ի պատիվ Երկրորդ աշխարհամարտից հետո ավար առնված «Վիլիս» անունով մեքենայի։ Շատերը բենզինով աշխատող սղոցը կոչում են «Դրուժբա»՝ տարբերություն չդնելով՝ սովետակա՞ն է, չեխակա՞ն, թե՞ իտալական։ Այսպես են կոչում ի պատիվ Սովետի օրոք եղած միակ բենզասղոցի, որն ահավոր հռնդյունով ազդարարում էր սովետական ժողովուրդների, այդ թվում` նաեւ հայերի ու ադրբեջանցիների բարեկամությունը։

Եվ եթե քսերոքսը, վիլիսն ու դրուժբան սովետական փակ հասարակարգում ապրող մարդկանց չտեսության շնորհիվ են հատուկից դարձել հասարակ գոյականներ, ապա «ռամբույեն» խորհրդանիշն է ազատ աշխարհի անճարակության։

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկվում է անել մի բան, ինչը նրանք անել չեն ուզում։ Ավելին՝ առաջարկվող այդ բանը դեմ է նրանց քաղաքական շահերին։ Ուրեմն՝ նրանք այդ բանն անել չեն կարող։ Բայց ռամբույեն այն իրավիճակը չէ՝ լինի դա ֆրանսիական դղյակում, Բուխարեստում, թե Բուդապեշտում, որ հակամարտող երկրների ղեկավարները վերցնեն ու միաբերան ասեն. «Չենք ուզում եւ չենք կարող»։ Նրանք պետք է կառչեն մանրամասներից՝ այդպիսով հակադրվելով միակ ու անքննելի ճշմարտությանը, որն է` խաղաղության անխուսափելիությունը։

Եթե միջնորդ համանախագահները նպատակակետ ունենան խաղաղությունը, այլ ոչ թե հակամարտության կարգավորումն, ինչպես ասվում է գրեթե բոլոր հաղորդագրություններում, ռամբույեն անընդհատ չի կրկնվի։ Բայց կրկնվում է, որովհետեւ համանախագահներն էլ հընթացս կարգավորում են իրար մեջ եղած անտեսանելի հակամարտությունները՝ հաճախ ավելի շատ առաջ մղելով ոչ թե համերաշխության, այլ դոմինանտության հարցեր։

Հայտնի փաստ է, որ Միացյալ Նահանգներին հուզում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի անվտանգությունը։ Այդ իմաստով ավելի լավ կլինի հարցը կարգավորել ոչ թե ինքնորոշման սկզբունքով, այլ՝ տարածքային ամբողջականության։ Սա ձեռնտու է նավթամուղի երթուղու երեք կետից երկուսում։ Ռուսաստանին հուզում է իր ամբողջականության խնդիրը եւ Հարավային Կովկասում ազդեցության ամեն գնով պահպանումը։ Եթե Ռուսաստանը կողմ լինի ինքնորոշման սկզբունքին, կշահի Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրը, բայց կարող է կորցնել Չեչնիան ու էլի չգիտեմ թե ինչեր։ Եթե կողմ լինի տարածքային ամբողջականության սկզբունքին, ստիպված կլինի տեսնել վրացական իմպերիայի զարթոնքը, ինչն ամենեւին էլ իր սրտով չէ։ Ռուսաստանի սրտով չի լինի նաեւ Ամերիկայի շահընկեր Ադրբեջանի հզորացումը։ Ուրեմն հանուն Չեչնիայի ու էլի չգիտեմ թե ինչերի, Ռուսաստանը վերջնականապես կկորցնի Հարավային Կովկասի երեք հանրապետություններից երկուսին։ Հայաստանը կդառնա մի խորդանոց, որտեղ կպահվի ռուսական մաշված ու ավելորդ սպառազինությունը։ Ֆրանսիան, որը ներկայացնում է Եվրամիությունը, այս կարգի շահեր կարծես թե չունի։ Եվրամիությանն ավելի շատ հետաքրքրում է, որ հարեւանների տնից աղմուկ չլսվի, ու մի քիչ էլ, որ Ռուսաստանը հնարավորին չափ թույլ լինի։

Այսինքն՝ միջնորդական առաքելության այս ձեւաչափը հաջողություն ունենալ չի կարող, քանի որ դրա հիմքում խաղաղարարության նշույլ իսկ չկա։ Գուցե կա քաղաքական հաշվենկատություն, գուցե կա ինչ-որ բան հանուն ինչ-որ բանի կարգավորելու բուռն ցանկություն, բայց եղածը խաղաղության բովանդակություն չունի։

Ես չգիտեմ, ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն ինչո՞ւ է հրաժարվում իր պաշտոնից, բայց կարող եմ ենթադրել, որ փորձառու գործիչը հասկացել է գործընթացի ռամբույեական բնույթը։ Համենայնդեպս, նա համանախագահներից միակն է, ով վերջին շրջանում բազմիցս շեշտը դրել է հասարակություններին պատրաստելու անհրաժեշտության վրա, որովհետեւ հասկացել է, որ իր Հայրենիքի համար որքան էլ թանկ ու կարեւոր լինի նավթամուղը, հասարակությունների անպատրաստության պարագայում հակամարտությունը ոչ թե կկարգավորվի, այլ՝ կձեւափոխվի, ինչը պակաս վտանգավոր չէ թանկագին նավթամուղի համար։

Ցավալի է, սակայն, որ Սթիվեն Մանը հրաժարվել է անձամբ եւ չի առաջարկել, որ եռյակից դուրս գան Միացյալ Նահանգները կամ եռյակն ընդհանրապես լուծարվի ու հավաքվի մի նոր ձեւաչափ՝ աշխարհում կշիռ ունեցող, բայց տարածաշրջանում մեծ շահեր չունեցող երկրներից։ Նոր ձեւաչափին կարող են անդամակցել Կանադան, Չեխիան եւ Հարավային Կորեան։

Այս եռյակի ընտրությունը կարող է պատահական թվալ, բայց ամենեւին էլ պատահական չէ։ Կանադան ուներ Քվեբեկի խնդիրը, որն 1995-ին հանրաքվեով (49.4%-50.6%. հարաբերակցությամբ) լուծեց հանուն տարածքային ամբողջականության։ Չեխիան ունի քաղաքակիրթ «ապահարզանի» փորձառություն, իսկ Կորեան ունի մասնատված երկրի միավորման հարց, որը չի շտապում բարձրացնել, որովհետեւ երեւի դեռ չի պատկերացնում երկու Կորեաների արյունակից բնակիչների համակեցությունը։ Կարեւորն այն է, որ երեքն էլ ամեն գնով հարց լուծողի վարք չեն ցուցաբերել, եւ ստեղծված իրավիճակում նոր համանախագահների համար առաջնային կլինեն ոչ թե քաղաքական, այլ հումանիտար խնդիրները։