Ինչպես են հայերը «ձեւեր թափում»

09/06/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Այն, որ հայերը թատրոն են ունեցել Քրիստոսի ծննդից դեռ շատ առաջ, դեռեւս չի նշանակում, որ 21-րդ դարում մենք ազգովի պետք է դերասանություն անենք, ընդ որում՝ բառիս ամենավատ իմաստով: Ընդհանրապես ասում են, որ պատմությունը կրկնվում է երկու անգամ` առաջին անգամ ողբերգության տեսքով, երկրորդ անգամ` ֆարսի:

Բայց մենք հայ ենք եւ, բնական է, որ անգամ թեւավոր խոսքերի պարագայում տարբերվում ենք մնացածից: Մեզ մոտ պատմությունը կրկնվում է երրորդ անգամ (խոսքս Երրորդ Հանրապետության մասին է): Եվ եթե Առաջին Հանրապետության դեպքում մենք ունեինք ողբերգություն (դաշնակների ղեկավարած պետությունը չէր կարող ողբերգական ավարտ չունենալ), երկրորդի դեպքում` դա իրոք ֆարս էր, որովհետեւ չունենալով փաստացի պետություն, մենք այն հայտարարել ենք Երկրորդ Հանրապետություն, ապա երրորդի դեպքում դեռ պարզ չէ, թե ինչ է մեզ սպասում: Չնայած իրականությունը մեզ ստիպում է ենթադրել, որ հայերի Երրորդ Հանրապետությունը նախկին երկուսի խառնուրդն է` տրագիկոմեդիա, որը համեմված է սյուրռեալիստական շտրիխներով:

Փորձենք հետազոտել Հայաստանը մի քանի տեսանկյունից:

Փիլիսոփայա-կենդանաբանական տեսանկյուն. Ինչպես գիտեք, փիլիսոփայության մեջ կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը: Սակայն մերոնք փորձում են հակառակվել իրականությանը եւ «ձեւ են թափում», թե ամեն ինչ լավ է: Օրինակ, միջազգային «Fitch» վարկանիշային գործակալության կողմից Հայաստանին տրվել է «BB-» վարկանիշը (ինչը թարգմանաբար` մաքուր հայերենով, նշանակում է, «ՃՃ» վարկանիշ), բայց այդքանից հետո մեր իշխանությունները շարունակում են պնդել, որ մեր տնտեսությունը զարգանում է վագրի եւ մնացած կատվազգիների թռիչքին հավասարազոր: Մեր իշխանավորներին ուզում եմ հուշել, որ կենդանական աշխարհում այլ կենդանիներ էլ կան` կրիա, ջայլամ, բորենի, «շակալ», առնետ (վերջին երկուսը հայկական քաղաքական լեռնաշխարհում հանդիպում են շատ հաճախ եւ լիովին ադապտացվել են տեղի «չորով» կլիմային): Բայց մեզ մոտ շատ լավ աշխատում է այդ նույն փիլիսոփայության բացասման օրենքը: Այդ օրենքի համաձայն` Արտաշես Գեղամյանը բացառում է, որ Արթուր Բաղդասարյանն ընդդիմություն է, իսկ Ա.Բաղդասարյանը բացառում է, որ Ա. Գեղամյանն է ընդդիմություն: Պատկերացրեք, երկուսն էլ ճիշտ են: Տարբերությունը մեկն է` Ա. Գեղամյանը ռուսական դասական «շկոլայի դերասան է», իսկ Ա. Բաղդասարյանը` ժամանակակից արեւմտյան, սակայն երկուսն էլ իրար դիմում են բացառապես Ստանիսլավսկու ոճով` «նե վերյու»:

Ֆիզիկա-քիմիական տեսանկյուն. Հիշեցնեմ, որ ըստ ֆիզիկայի օրենքների` հեղուկները փոխում են իրենց ձեւը, սակայն չեն փոխում ծավալը, գազերը փոխում են եւ ձեւը, եւ ծավալը, իսկ պինդ մարմինները չեն փոխում ոչ ձեւը, ոչ ծավալը: Համաձայն այս օրենքի` «Օրինաց երկիրը» վերջին օրերին փոխեց եւ իր ձեւը, եւ ծավալը («Գործարար» պատգամավորական խմբի ականջը կանչի): Հետեւաբար կարելի է ենթադրել, որ այս կուսակցությունը գազ է (Գազի անվանումն ընտրեք Մենդելեեւի պարբերական աղյուսակից, ձեր ճաշակով, բացի թթվածնից: Ինքներդ եք հասկանում, որ նրանց թթվածինն արդեն փակ է): Այս օրենքի համաձայն` դաշնակները հեղուկ են` ծավալը չեն փոխել արդեն հարյուր տարուց ավելի, սակայն ձեւը փոխում են ըստ իրենց (կամ ըստ դատախազի) հայեցողության: ՄԱԿ-ը հալոգեն գազ է, որովհետեւ կարողացավ «Օրինաց երկրի» չեզոքացման ռեակցիայի արդյունքում փոխարինել վերջինիս, որի հետեւանքով նրանց աչքերը գիշեր-ցերեկ «պլպլում են», իրենց իսկ մեքենաների՝ «հալոգեն ֆառերի» նման: Եթե լսենք իրենց, ապա Հանրապետականը պինդ մարմին է, սակայն նոր կուսակցությունների ի հայտ գալուց հետո ահագին թուլացել են, բայց ինչքան էլ տարօրինակ է, հաճույք չեն ստանում:

Մաթեմատիկական տեսանկյուն. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեսանկյունի «մաման վաղուց է լացացրել»: Ապագա ընտրությունների կոնտեքստում հիշեցնեմ, որ 90 համամասնական տեղերը կազմում են տասնյակ կուսակցական ցուցակների (այդ թվում` նաեւ անիմաստ) 100%-ը: Մնացած 41 մեծամասնական տեղերը վերոնշյալ «չորով կլիմայի» ածանցյալն են: Շատերին թվում է, որ այս երկու թվերի գումարի արդյունքում 2008-ին հերթական կոալիցիոն եռանկյունաչափական ֆունկցիայի արդյունքում կգան ընդհանուր հայտարարի եւ կլուծեն ամենաբարդ նախագահական խնդիրը: Իմ կարծիքով` այս երկու ընտրությունների արդյունքը կարող է լինել հակադարձ համեմատական:

Եթե վերադառնանք մեր այսօրվա իրավիճակին, որը հոդվածի սկզբում անվանեցի տրագիկոմեդիա, ապա լավատեսությունս ինձ հուշում է, որ այսօր է տրագիկ, բայց շատ շուտով մենք բոլորս ականատես կլինենք այն կոմեդիային, որն ուրախություն կպատճառի ինչպես մեզ, այնպես էլ մեր սերունդներին: Եվ այդ ժամանակ մենք կունենանք ամուր բազիս եւ ժամանակակից (բայց ոչ էլիտար) վերնաշենք, որտեղ չի լինի աղբ, եւ «առնետները» սովից կսատկեն, որտեղ բոլորն իրենց կպահեն ազնվական մետաղների նման, ոչնչացնելով յուրաքանչյուր մանրէ, եւ որտեղ պատգամավորներ կդառնան 100%-ով ժողովրդի ձայնով ընտրվածները, այլ ոչ թե 200%-ով նկարվածները: