Մարտեր առանց կանոնների

09/06/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ասել, թե բուխարեստյան բանակցություններն ավարտվեցին անարդյունք, իհարկե, չի կարելի. բացասական արդյունքը նույնպես արդյունք է։ Այդ բանակցությունները ցույց տվեցին, որ Արեւմուտքը շարունակում է ճնշումներ գործադրել առաջին հերթին Հայաստանի վրա, իսկ Հայաստանի իշխանություններն առայժմ տեղի չեն տալիս այդ ճնշումներին։ Ինչ ասես արժեր հենց միայն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այն հայտարարությունը, թե իրենք ուզում են, որ հայկական կողմն ինչքան հնարավոր է արագ եւ որքան հնարավոր է շատ տարածքներ վերադարձնի Ադրբեջանին։ Հավատացնում ենք` ադրբեջանցիներն էլ են ճիշտ նույն բանն ուզում։ Իհարկե, ինձ կարող են առարկել, թե «բայց համանախագահները պնդում են նաեւ, որ Ղարաբաղում մի 10-15 տարի հետո անկախության հանրաքվե անցկացվի, եւ դրա արդյունքների ընդունումը պարտադիր լինի բոլորի, այդ թվում` նաեւ Ադրբեջանի համար»։ Չհավատաք։ Համանախագահները լավ գիտեն, որ հակամարտությունից առաջ Ղարաբաղի բնակչության 76 տոկոսը հայեր են եղել, եւ եթե Ղարաբաղ վերադառնան ադրբեջանցի միայն այն փախստականները, ովքեր իսկապես հեռացել են Ղարաբաղից, տոկոսային այդ հարաբերակցությունը մոտավորապես նույնը կմնա։ Այսինքն` համանախագահները գիտեն նաեւ, որ եթե «հետաձգված հանրաքվեն» արդար կազմակերպվի, դրա արդյունքները կանխորոշված են։ Ուրեմն ինչի՞ համար է այդ 10-15 տարվա հետաձգումը։ Միայն նրա համար, որպեսզի ադրբեջանցիներին ժամանակ տրվի կեղծ ցուցակներով կեղծ փախստականնե՞ր լցնել Ղարաբաղ։ Բայց սա արդեն անկողմնակալ մոտեցում չէ։ Իսկ եթե հայկական կողմը փորձի դրա դեմն առնել, կսկսվի նոր պատերազմ։ Ընդ որում` մեզ համար աննպաստ պայմաններում, որովհետեւ արդեն վերադարձրած կլինենք 5 շրջանները։ Այնպես որ, հայկական կողմը ճիշտ է արել, որ տեղի չի տվել միջնորդների ճնշումներին։ Եթե ռազմական գործողությունները պիտի վերսկսվեն, ավելի լավ է վերսկսվեն հիմա, քան հինգ շրջանները վերադարձնելուց հետո։ Իսկ եթե որեւէ մեկը հավատում է միջնորդների տված երաշխիքներին կամ ադրբեջանցիների խոստումներին, բան չունենք ասելու։ Պարզապես արձանագրենք, որ անգլիական նավերն առ այսօր լեռներ բարձրանալու սովորություն չունեն, ռուսները միշտ վճռական պահին առեւտուր են սկսում թուրքերի հետ, իսկ ադրբեջանցիների թիվ մեկ ազգային խնդիրը, համենայն դեպս վերջին հարյուրամյակում, եղել է Ղարաբաղը դատարկելը (ի դեպ, իրենք սա չեն էլ թաքցնում)։

Այլ հարց է, որ միջնորդների առաջարկները մերժել` չի նշանակում հերոսական կեցվածք ընդունել, հայտարարել, թե դեռ հարյուր տարի էլ կզարգանանք շրջափակման պայմաններում, ու շարունակել հանգիստ վայելել իշխանությունը` իբր ոչինչ չի պատահել։ Այո, մեր բախտը բերել է, որ Ադրբեջանը նավթ ունի. Ադրբեջանին երբեք թույլ չեն տա ժողովրդավարական երկիր դառնալ։ Մեր տարածաշրջանում նավթն ու ժողովրդավարությունն անհամատեղելի են։ Խնդրեմ` Իրանը, Իրաքը, Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քաթարը… Սա մեզ հրաշալի հնարավորություն է տալիս` նավթը հավասարակշռել ժողովրդավարությամբ։

Ի դեպ, եթե որեւէ մեկին ժողովրդավարությունը դուր չի գալիս (կա նաեւ այնպիսի տեսակետ, թե ժողովրդավարությունն ընդամենը ժողովուրդներին հիմարացնելու` լավ մշակված մեթոդ է), կարող ենք ասվածն այլ կերպ ձեւակերպել։ Մեր հասարակությունը պիտի համաձայնության գա խաղի միասնական կանոնների շուրջ։ Այսինքն` մենք բոլորս (իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ), պիտի պայմանավորվենք, որ սրանից հետո, մեր իսկ շահերից ելնելով, ապրում ենք ահա այս կանոններով, եւ այս կանոնները խախտել չի կարելի։ Այդ կանոնները կարող են կոչվել «ժողովրդավարություն», կարող են կոչվել «հանցաշխարհի օրենքներ» կամ ցանկացած այլ բան, բայց անպայման պիտի լինեն կանոններ, որոնք ոչ մեկը չի խախտի։ Նույնիսկ «մարտեր առանց կանոնների» մարզաձեւում է այդպես. կանոններ չկան, բայց դա վերաբերում է հավասարապես բոլորին։

Իսկ Հայաստանում նույնիսկ սա չկա։ Ասենք, բոլորը գիտեն, որ դատարաններում հարցերը լուծվում են կաշառքով։ Բայց դատավորը կաշառք վերցնելու պարտավորություն չունի։ Կուզի` կվերցնի, չի ուզի` չի վերցնի։ Ուրիշ բան, եթե օրենքով ամրագրվեր, որ «դատավորը պարտավոր է դատական վեճը լուծել հօգուտ նրա, ով ավելի շատ կաշառք կտա»։ Իրավիճակը հաստատ ավելի լավ կլիներ եւ, ի դեպ, շատ ավելի ազնիվ։ Կամ, ասենք, բոլորը պայմանավորվեին, որ սեփականության շուրջ վիճելի հարցերը լուծվում են փոխհրաձգությամբ։ Ով կենդանի է մնում` նա էլ տիրանում է սեփականությանը։ Այսպես ավելի ազնիվ կլիներ, քան հիմա, երբ նման հարցերը մի դեպքում լուծվում են փոխհրաձգությամբ, մյուս դեպքում` օրենքով։ Նայած, թե այդ պահին իշխանություններին ինչպես է ավելի ձեռնտու։

Ի դեպ, ասվածի մեջ ամենեւին հեգնանք չկա։ Պարզապես Հայաստանում իսկապես պիտի խաղի կանոնների շուրջ հասարակական համաձայնություն լինի։ Կանոնները կարեւոր չեն։ Կարեւորն այն է, որ ոչ մեկը դրանք չխախտի։