Կառավարությունը, հայտնի բան է, ռազմի կածան է դուրս եկել։ Պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ճիշտ է, անարգանքի սյունին դեռեւս ոչ մի կաշառակեր չի գամվելու. բոլոր չինովնիկների գանգամաշկը տեղում է։ Բայց կառավարությունը համառորեն շարունակում է իր պայքարը։ Անգամ օգտվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իր իրավունքից։ Մի շաբաթ առաջ կառավարությունն օրենքի նախագիծ էր բերել հասցրել Ազգային ժողովի քվեարկության։ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի ընդունումը մեր խորհրդարանականներն առանց լուրջ քննարկումների սուսուփուս տապալեցին։ Անգամ դահլիճ եկած պատգամավորները բոյկոտել էին քվեարկությունը։ Օրենքը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում եզակի չէր։ Մեկ այլ նախագծով ենթադրվում էր քրեական պատասխանատվության ենթարկել 3 մլն դրամից ավելի հարկեր թաքցնող գործարարներին։ Այ, քրեական պատասխանատվության հարցի շուրջ պատգամավորները պերճախոս էին։ Դիմության ու ընդդիմության կանոնները մոռացած փաստարկում էին, թե ամենեւին էլ իմաստ չկա քրեական պատասխանատվության ենթարկել հարկեր թաքցնողներին։ Ինչո՞ւ նրանց տանել բանտ ու կերակրել պետության հաշվին. զարմանում էին համարյա բոլորը։ Ավելի լավ է` պարզապես տուգանել։ Թվում է, թե այդպես ավելի լավ է պետության ու հասարակության համար եւ խիստ հարիր է ժամանակների լիբերալ (ազատական) ոգուն։ Խուսափե՞լ ես բանակից, քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն` վճարիր, եւ ազատ ես։ Թաքցրել ես հարկե՞ր. վճարիր ու ազատ ես։ Անմեղ զայրույթի պահին ապտակել կամ դանակահարել ես որեւէ մեկին` վճարիր եւ ազատ ես։ Ազատ ես դասալիք լինելու, դավաճանելու, խաբելու բոլոր հետեւանքներից։ Միայն վճարիր։ Ինձ մոտ սա ոչ թե լիբերալիզմի տպավորություն է թողնում, այլ «քարթու» միջնադարի` երբ կաթոլիկ եկեղեցին մեղքերի թողության արժեթղթեր էր վաճառում։ Բարոյալքման նույն սրսուռ միջավայրն է։ Խորհրդարանականները բոյկոտեցին նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքի նախագիծը։ Գայթակղությանը չդիմանալով` նախադասությունը վերաշարադրում եմ` «Խորհրդարանականները բոյկոտեցին նաեւ իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքի նախագիծը»։ 3 մլն դրամ պետությունից թաքցնելը (այսինքն` գողանալը) այդ ե՞րբ դարձավ հանցագործություն, որ գործարարների ազնիվ դասը քրեական հետապնդման ենթարկվի։
Ֆիզիկական անձանցից գույքի եւ եկամուտների հայտարարագիր լրացնելու պահանջն էլ մեր խորհրդարանականները մերժեցին ի սեր եւ ի շահ ժողովրդի։ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը ենթադրում էր, որ ամսական 500 հազար դրամ եւ ավելի եկամուտ ունեցողները հայտարարագրեն իրենց ունեցվածքը։
Կառավարությունը ճիշտ չէր հաշվարկել նախագիծը խորհրդարան ներկայացնելու պահը։ Խորհրդարանի տղերքը շունչները պահած սպասում են Կոնդ թաղամասի հողերի վաճառքին, բիզնես կենտրոն դարձող Հյուսիսային պողոտայի բացմանը։ Ու հանկարծ այդ պահին, ավելի ճիշտ` այն պահին, երբ տղերքը պատրաստվում էին Հյուսիսային պողոտայի սկզբի բացման քեֆին, կառավարությունը պահանջում է հայտարարագրել իրենց ունեցվածքը։ Դե արի ու հայտարարագրի օր օրի աճող ունեցվածքդ։ Պատգամավորները միասնական հակահարված տվին կառավարությանը։ Նրանք պնդում էին, որ ցանկացած գյուղացու համար դժվար է հայտարարագրվելը։ Կառավարության ներկայացուցիչ Արմեն Ալավերդյանն էր զարմացել, որ մեր ազգընտիր պատգամավորներին թվում է, թե գյուղացին ամսական 1200 դոլար եկամուտ ունի։ Բայց մեր պատգամավորներն, ինչպես միշտ, իրենց չափով են չափում բոլորին։ Զուտ պատգամավորական 260 հազար դրամ աշխատավարձից բացի` նրանց մեծ մասն այլ օրինական եկամուտներ էլ ունի։ Եվ, բնականաբար, խորհրդարանականների մեծ մասը կմտներ հայտարարագրման ենթակա «ֆիզիկական անձանց» ցուցակ։ Իր ունեցվածքի մասին իր ձեռքով ամբողջական ցուցակ կազմող ու այդ ցուցակը պետությանը հանձնող պատգամավորը հաստատ անքնության պես մի բան կվաստակեր։ Ի վերջո, նույն պատգամավորն ինքն էլ վստահ չէ, որ պետությունը (կամ էլ պետության անունից հանդես եկող ազդեցիկ մի չինովնիկ) ի չարս չի օգտագործի այդ ինֆորմացիան։ Մեր խորհրդարանական պրակտիկայում պարբերաբար լինում են դեպքեր, երբ իշխանությունն իրեն անհրաժեշտ որեւէ քվեարկություն անցկացնելու համար գործի է դնում իր ողջ զինանոցը։ Ուժային բոլոր կառույցները (անգամ Ազգային անվտանգության մարմինները), Հարկային տեսչությունը հանձնարարություն է ստանում ապահովել բոլոր պատգամավորների ներկայությունը եւ քվեարկությունը։ Հավանաբար այս օրինակներից են վախեցել նրանք։ Բայց կառավարությունն անհողդողդ է կոռուպցիայի դեմ պայքարի իր ծրագրերում։ Օրենքի տապալված նախագիծը նորից մտցվել է օրակարգ եւ ճիշտ նույն մեթոդներով կառավարությունը կստիպի ներկայանալ ու քվեարկել կողմ սույն օրենքին։ Հետո միջազգային կառույցներին կզեկուցի կոռուպցիայի դեմ պայքարում իր հերթական քայլի կամ հերթական հաղթանակի մասին։ Մենք կունենանք հերթական լավ օրենքը, որ մեր խորհրդարանն ընդունում է միջազգային կազմակերպությունների ճնշման տակ։ Այդ օրենքն էլ կմիանա լավ, բայց չգործող օրենքների բազմությանը։ Ճիշտ է, ֆիզիկական անձինք ստիպված հայտարարագրեր կլրացնեն, բայց դրանք անհասու կլինեն հասարակությանը։ Այդ տեղեկություն-հայտարարագիրը կօգտագործի միայն իշխանությունը` որպես գործարար դասի վրա ճնշման հերթական լծակ։ Մինչդեռ հին Հռոմում էին պահանջում, որ Սենատի անդամները (այսօրվա խորհրդարանականները) երբեք չփակեն դռները։ Որպեսզի ցանկացած ընտրող տեսնի, թե ինչպես է ապրում իր ընտրյալը։ Այսինքն` իր ընտրած պատգամավորը։ Իսկ էդ հներից մեկը` Սենեկան նույնիսկ պահանջում էր, որ սենատորներն ապրեն ապակե տներում։ Այդ դեպքում կառուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտություն չէր լինի։ Սենեկայի պահանջն իհարկե չկատարվեց։ Փոխարենը` կործանվեց Հռոմեական Կայսրությունը։