Չնայած Թուրինում ընթացող Օլիմպիական խաղերը մեծ ուշադրության արժանացան բոլորիս կողմից, սակայն այս տարվա գլխավոր իրադարձությունը հունիսի 9-ին Գերմանիայում մեկնարկող Աշխարհի ֆուտբոլի առաջնությունն է։ 12 քաղաքում տեղի կունենա 64 խաղ եւ, մեկ ամիս «հարաբերություններ պարզելուց» հետո, հուլիսի 9-ին Բեռլինում կորոշվի 2006-ի աշխարհի ֆուտբոլի չեմպիոնը։ Առաջնության բացումը տեղի կունենա Մյունխենի «Ալյանց արենա» մարզադաշտում։ Բացման հանդիսավոր արարողությունը վստահված է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Պելեին եւ մանեկենուհի Կլաուդիա Շիֆերին։
Ի դեպ, մանեկենուհի Շիֆերը Գերմանիայի կառավարությանն օգնել է 2006թ. Աշխարհի ֆուտբոլի առաջնությունը Գերմանիայում կազմակերպելու գործում։ Նա Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ պարզապես ներկայացել է առաջնության համար մրցող երկրների հանդիպմանը։ Արդեն իսկ ստեղծվել է տպավորություն, որ առաջնությունը շատ լավ է անցնելու։ Ու դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ հիմա գրեթե անհավատալի է առաջնության տոմս գտնելը, չնայած՝ տոմսերի արժեքն աստղաբաշխական թվերի է հասնում։ 40-160 եվրո արժողությամբ ամենաէժան տոմսերը շատ վաղուց են սպառվել։ Իսկ սեւ շուկայում կիսաեզրափակչի տոմսերի արժեքն արդեն հասել է 2500 եվրոյի։
Աշխարհը «հիվանդացել է» ֆուտբոլով
Աշխարհը պատրաստվում է ֆուտբոլի առաջնությանը։ Մասնավորապես Գերմանիան լուրջ պատրաստություն է տեսնում աշխարհի տարբեր մասերից ֆուտբոլասեր հյուրերին ընդունելու համար։ Գերմանուհիները 12,5 մետր երկարությամբ բրդյա շարֆ են գործել, որն առաջնության ավարտից հետո մասնատվելու եւ վաճառվելու է։ Պատրաստվածության մակարդակը հասել է ընդհուպ նրան, որ «կարգի են հրավիրվում» հասարակաց տներն ու «լեգեոներուհիները», ովքեր պետք է առաջնության ընթացքում ակտիվ աշխատեն օտարերկրյա հյուրերի համար։ Ի դեպ, միասեռականների համար նույնպես պայմաններ են ստեղծված։ Չմոռանանք, որ գերմանական բոլոր այն քաղաքները, որտեղ անցկացվելու են առաջնության խաղերը, համարվում են համասեռամոլության խոշոր կենտրոններ։ Ֆուտբոլի առաջնությանն աշխարհի տարբեր վայրերում տարբեր կերպ են պատրաստվում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն, անգլիացի երկրպագուների տրամադրությամբ ոգեւորված, արդեն տեղ է պատվիրել եզրափակչի խաղի համար։ Թագուհին հույս ունի, որ Անգլիայի հավաքականը կհայտնվի եզրափակչում եւ, 40 տարի հետո, նորից չեմպիոն կդառնա։ Հիշեցնենք, որ 40 տարի առաջ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում աշխարհի գավաթն Անգլիայի հավաքականին հանձնել է հենց ինքը՝ Եղիսաբեթ Երկրորդը։ Սոցիոլոգիական հարցում է կատարվել Խորվաթիայում եւ պարզվել է, որ տղամարդկանց 50 տոկոսը մտադիր է արձակուրդ վերցնել՝ Աշխարհի ֆուտբոլի առաջնության խաղերին հետեւելու համար։ Խորվաթ տղամարդկանց մի մասն էլ խոստովանել է, որ պատրաստվում է սուտ հիվանդություն ձեւակերպել՝ աշխատանքի չներկայանալու համար։ Ուկրաինացի պաշտոնյաներն էլ որոշում են կայացրել այս ամիս կրճատել աշխատանքային ժամերը։
Ֆուտբոլի առաջնությունն ահաբեկչության թիրախ է
Հաճելի իրադարձություններից բացի, աշխարհի ֆուտբոլի առաջնությունում սպասվում են նաեւ տհաճ միջադեպեր։ Հայտնի է, որ ֆուտբոլի երկրպագուները զուսպ չեն եւ իրենց զգացմունքները շատ հաճախ արտահայտում են ոչ ադեկվատ ձեւով։ Վեճերն ու խուլիգանություններն այս խաղերի ժամանակ, իհարկե, անխուսափելի են։ Թեպետ Գերմանիայի ոստիկանությունը համարվում է աշխարհի ամենախիստն ու կանոնավորը, սակայն Անգլիա-Գերմանիա-Հոլանդիա հավաքականների երկրպագուներին սանձելը հեշտ չի լինի։ Գերմանիայի եւ Անգլիայի ֆուտբոլասերների բախումները սովորաբար ավարտվում են տուրուդմփոցներով։ Ինչը եւ եղավ 8 տարի առաջ Ֆրանսիայում տեղի ունեցող Աշխարհի ֆուտբոլի առաջնության ժամանակ։ Գերմանացի երկրպագու-խուլիգանների կողմից կռվում էին նաեւ «սքինհեդները»։ Տասնյակ վիրավորների թվում էր հայտնվել նաեւ ֆրանսիացի մի ոստիկան, ով գլխին ուժգին հարվածներ ստանալով՝ հաշմանդամ դարձավ։ 2 տարի անց Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ եւս 1 բախում։ Այս անգամ անգլիացիների եւ գերմանացիների բախմանը մասնակցում էին նաեւ հոլանդացիները, ովքեր ատում են անգլիացիների ինքնավստահությունն ու գերմանացիների չափից դուրս կազմակերպվածությունը։ Արդյունքում` այդ խաղում հաղթեցին անգլիացիները։ Մոտ կես տարի առաջ գերմանական անվտանգության ծառայություններին հայտնի էր դարձել, որ գերմանացի խուլիգանները «ռեւանշ» են պատրաստում։ Խուլիգանների «Եվրոդաշինքը» կարող է վերածվել նաեւ հզոր կոալիցիայի եւ ստանալ կրոնա-ռասայական ուղղվածություն։ Դեռ փետրվարին իտալացի ֆուտբոլասերների մի խումբ հայտարարել էր մահմեդական երկրների հավաքականների վրա հարձակումներ իրականացնելու մասին։ Էլ չենք ասում, թե ինչ սկանդալային իրավիճակ կստեղծվի մարզադաշտում, եթե հանկարծ Իրանի նախագահը որոշի ժամանել Գերմանիա՝ իր երկրի հավաքականին երկրպագելու համար։ Ի դեպ, Աշխարհի ֆուտբոլի առաջնությունը դարձել է նաեւ ահաբեկչության թիրախ։ Որոշ ահաբեկչական խմբավորումներ սպառնացել են ահաբեկչական գործողություններ ծավալել հատկապես այն խաղերի ժամանակ, երբ դաշտում կմրցեն Իրաքի եւ Աֆղանստանի դեմ պատերազմող պետությունների հավաքականները։
Ո՞վ կհաղթի
Տարբեր բուքմեյքերական ընկերությունների տված գործակիցների մեջ կան աննշան տարբերություններ, սակայն «պենտակամպեոնների» հարցում ոչ մի տարաձայնություն չկա։ Բարձր են գնահատվում Իտալիայի, Անգլիայի եւ Գերմանիայի հնարավորությունները. գործակիցները տատանվում են 6.5-7.5-ի սահմաններում։ Առաջին տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Հոլանդիան, Իսպանիան, Չեխիան եւ Պորտուգալիան։ Սակայն չեմպիոն դառնալու հավանականության բացահայտ նախապատվությունը բուքմեյքերները տալիս են Բրազիլիային՝ մոտ 3 գործակից։ Գաղտնիք չէ, որ բրազիլացիներին համակրում են նրանց անկրկնելի տեխնիկայի շնորհիվ։ Բրազիլիայի կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնց խաղը պարզապես հաճույք է պատճառում ֆուտբոլասերներին։ Իսկ վերջին շրջանում ֆուտբոլ ասելիս` մարդիկ առաջին հերթին հիշում են, իհարկե, Ռոնալդինիոյին։ Թող մեզ ներեն մյուս թիմերի երկրպագուները, սակայն հաշվի առնելով ընթերցողների մեծամասնության կարծիքը եւ այն, որ Բրազիլիան աշխարհի գործող չեմպիոնն է ու թիվ մեկ հավակնորդը, մենք այս թիմին եւ Ռոնալդինիոյին մի քանի առանձին տող կհատկացնենք։ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրան կարծում է, որ Գերմանիայի աշխարհի առաջնությունը կդառնա Ռոնալդինիոյի աստեղային ժամը։ 2002-ին նա նույնպես մասնակցում էր աշխարհի առաջնությանը, սակայն շատերի կարծիքով` նա ամենափայլուն ֆուտբոլիստը չէր։
Դրանից ի վեր շատ բան է փոխվել։ Ռոնալդինիոն 2 անգամ դարձել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ Իսպանիայի չեմպիոն՝ «Բարսելոնայի» կազմում եւ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթող։ Մարզիչի կարծիքով՝ նա աճել է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ, եւ դա կազդի նրա ելույթների վրա Գերմանիայում։
«Ռոնալդինիոն դաշտում կարող է անել ամեն ինչ։ Ես անգամ չեմ կարող նկարագրել այն ամենը, ինչ նա կարող է,- ասել է Պարեյրան։ -Նշեմ նաեւ, որ նա մեծ ջանասիրությամբ է մարզվում, եւ ամենակարեւորը՝ խաղում է ուրախությամբ, ոչ իր անձնական շահերի համար ամեն գնով գոլ խփելու համար, այլ՝ թիմի»։ Պարեյրայի խոսքերով, իր հիմնական խնդիրն է՝ օգնել Ռոնալդինիոյին, Ռոնալդոյին, Ադրիանոյին եւ Կակային ցուցադրել իրենց ողջ վարպետությունը. «Չեմպիոն դառնալու համար նրանք պարզապես պետք է խաղան իրենց ոճով»։
Բրազիլացիների մարզիչը խոստովանել է, որ սկզբում կասկածել է՝ արժե՞ արդյոք լծվել մարզչական աշխատանքին, չէ՞ որ հավաքականում հանդես են գալիս առաջին մեծության աստղեր։ «Սակայն այժմ կարող եմ ասել, որ նրանց միավորելն այդքան էլ դժվար չէր։
Որակավորման խաղերը ցույց տվեցին, որ նրանք կարող են խաղալ որպես մեկ միասնական թիմ, միասնական մեխանիզմ»,- ասել է Պարեյրան՝ հույս հայտնելով, որ ֆուտբոլիստները կհետեւեն արդար խաղի կանոններին, իսկ մրցավարները մատների արանքով չեն նայի խախտումներին։
Բրազիլիայի երկրպագուների համար կա եւս մեկ ուրախալի լուր։ Թիմի գլխավոր հարձակվողը՝ Ռոնալդոն, վնասվածք էր ստացել Նոր Զելանդիայի հետ ընկերական խաղում։ Բարեբախտաբար վնասվածքը ծանր չէր, նա արագորեն ապաքինվում է եւ արդեն մասնակցում է մարզումներին։ Բժիշկները հավաստիացնում են, որ նա լիովին պատրաստ կլինի խորվաթների հետ առաջին խաղին, որը կայանալու է հունիսի 13-ին։ Չեմպիոնի տիտղոսին արժանանալու հույսեր ունեն նաեւ գերմանացիները։ Թեպետ Գերմանիայի հավաքականում մարզչի՝ Յուրգեն Կլինսմանի եւ երկու դարպասապահների՝ Օլիվեր Կանի եւ Ենս Լեմանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, սակայն գերմանական մամուլը Կլինսմանին խոստացել է պարտության դեպքում «վիրահատել առանց ցավազրկման»։ Ինչեւէ, Գերմանիայում այնպիսի պայմաններ չեն ստեղծված, որպեսզի գերմանացի ֆուտբոլիստները չձգտեն ամեն գնով հաղթել։ Հաղթանակի դեպքում երկրի ղեկավարությունը յուրաքանչյուր ֆուտբոլիստի խոստացել է 300.000-ական եվրո։
Խմբերի կազմն ու ժամանակացույցը
Բացման խաղն առաջին անգամ կանցկացնի ոչ թե գործող չեմպիոնը՝ Բրազիլիան, այլ տանտերերը՝ Գերմանիայի ֆուտբոլիստները։ Նրանք մրցելու են Կոստա-Ռիկայի հետ։ Ստորեւ ներկայացնում ենք 8 խմբերի կազմը եւ հանդիպումների ժամանակացույցը։
ԽՈՒՄԲ A
հունիսի 9 Գերմանիա-Կոստա Ռիկա Մյունխեն
հունիսի 9 Լեհաստան-Էկվադոր Հելզենկիրխեն
հունիսի 14 Գերմանիա-Լեհաստան Դորտմունդ
հունիսի 15 Էկվադոր-Կոստա Ռիկա Համբուրգ
հունիսի 20 Էկվադոր-Գերմանիա Բեռլին
հունիսի 20 Կոստա Ռիկա-Լեհաստան Հաննովեր
ԽՈՒՄԲ B
հունիսի 10 Անգլիա-Պարագվայ Ֆրանկֆուրտ
հունիսի 10 Տրինիդադ եւ Տոբագո-Շվեդիա Դորտմունդ
հունիսի 15 Անգլիա-Տրինիդադ եւ Տոբագո Նյուրնբերգ
հունիսի 15 Շվեդիա-Պարագվայ Բեռլին
հունիսի 20 Շվեդիա-Անգլիա Քյոլն
հունիսի 20 Պարագվայ-Տրինիդադ եւ Տոբագո Կայզերսլաուտերն
ԽՈՒՄԲ C
հունիսի 10 Արգենտինա-Կոտ Դ՝Իվուար Համբուրգ
հունիսի 11 Սերբիա եւ Չեռնոգորիա- Հոլանդիա Լայպցիգ
հունիսի 16 Արգենտինա-Սերբիա Հելզենկիրխեն
հունիսի 16 Հոլանդիա-Կոտ Դ՝Իվուար Շտուտգարտ
հունիսի 21 Հոլանդիա-Արգենտինա Ֆրանկֆուրտ
հունիսի 21 Կոտ Դ՝Իվուար-Սերբիա Մյունխեն
ԽՈՒՄԲ D
հունիսի 11 Մեքսիկա-Իրան Նյուրնբերգ
հունիսի 11 Անգոլա-Պորտուգ. Քյոլն
հունիսի 16 Մեքսիկա-Անգոլա Հաննովեր
հունիսի 17 Պորտուգալիա-Իրան Ֆրանկֆուրտ
հունիսի 21 Պորտուգալիա-Մեքսիկա Հելզենկիրխեն
հունիսի 21 Իրան-Անգոլա Լայպցիգ
ԽՈՒՄԲ E
հունիսի 12 Իտալիա-Գանա Հաննովեր
հունիսի 12 ԱՄՆ-Չեխիա Հելզենկիրխեն
հունիսի 17 Իտալիա-ԱՄՆ Կայզերսլաուտերն
հունիսի 17 Չեխիա-Գանա Քյոլն
հունիսի 22 Չեխիա-Իտալիա Համբուրգ
հունիսի 22 Գանա-ԱՄՆ Նյուրնբերգ
ԽՈՒՄԲ F
հունիսի 12 Ավստրալիա-Ճապոնիա Կայզերսլաուտ.
հունիսի 13 Բրազիլիա-Խորվաթ. Բեռլին
հունիսի 18 Բրազիլիա-Ավստրալիա Մյունխեն
հունիսի 18 Ճապոնիա-Խորվաթիա Նյուրնբերգ
հունիսի 22 Ճապոնիա-Բրազիլիա Դորտմունդ
հունիսի 22 Խորվաթիա-Ավստրալիա Շտուտգարտ
ԽՈՒՄԲ G
հունիսի 13 Ֆրանսիա-Շվեյցարիա Շտուտգարտ
հունիսի 13 Կորեա-Տոգո Ֆրանկֆուրտ
հունիսի 18 Ֆրանսիա-Կորեա Լայպցիգ
հունիսի 19 Տոգո-Շվեյցարիա Դորտմունդ
հունիսի 23 Տոգո-Ֆրանսիա Քյոլն
հունիսի 23 Շվեյցարիա-Կորեա Հաննովեր
ԽՈՒՄԲ H
հունիսի 14 Իսպանիա-Ուկրաինա Լայպցիգ
հունիսի 14 Թունիս-Ս. Արաբիա Մյունխեն
հունիսի 19 Իսպանիա-Թունիս Շտուտգարտ
հունիսի 19 Ս. Արաբիա-Ուկրաինա Համբուրգ
հունիսի 23 Ս. Արաբիա-Իսպանիա Կայզերսլաուտերն
հունիսի 23 Ուկրաինա-Թունիս Բեռլին
1/8 եզրափակիչ
հունիսի 24 A1-B2 Մյունխեն
հունիսի 24 C1-D2 Լայպցիգ
հունիսի 25 B1-A2 Շտուտգարտ
հունիսի 25 D1-C2 Նյուրնբերգ
հունիսի 26 E1-F2 Կայզերսլաուտերն
հունիսի 26 G1-H2 Քյոլն
հունիսի 27 F1-E2 Դորտմունդ
հունիսի 27 H1-G2 Հաննովեր
1/4 եզրափակիչ
հունիսի 30 49-ի հաղթող-50-ի հաղթող Բեռլին
հունիսի 30 53-ի հաղթող-54-ի հաղթող Համբուրգ
հուլիսի 1 51-ի հաղթող-52-ի հաղթող Հելզենկիրխեն
հուլիսի 1 55-ի հաղթող-56-ի հաղթող Ֆրանկֆուրտ
1/2 եզրափակիչ
հուլիսի 4 57-ի հաղթող-58-ի հաղթող Դորտմունդ
հուլիսի 5 59-ի հաղթող-60-ի հաղթող Մյունխեն
3-րդ տեղի համար
հուլիսի 8 61-ի պարտվող-62-ի պարտվող Շտուտգարտ
Եզրափակիչ
հուլիսի 9 61-ի հաղթող-62-ի հաղթող Բեռլին
Ի՞նչ կանխատեսումներ կանեն հայ ֆուտբոլասերները
Բոլորն անհամբերությամբ սպասում են Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին եւ փորձում կանխատեսումներ անել։ Կարծում ենք՝ ընթերցողներին կհետաքրքրի նաեւ Հայաստանի որոշ ճանաչված մարդկանց կարծիքը։ Բոլորին՝ ավելի ճիշտ՝ ում հետ հաջողվեց կապվել, ուղղեցինք հետեւյալ հարցերը՝ հետեւելո՞ւ են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին, ո՞ր հավաքականին են երկրպագելու եւ ո՞վ կդառնա չեմպիոն։ Անկեղծ ասած՝ այս պարզ հարցի պատասխաններից մենք էլ բավական զարմացանք։ Առաջին հերթին զարմացրեց այն, որ հատկապես տղամարդկանց մեջ գտնվեցին մարդիկ, որոնց ընդհանրապես չէր հետաքրքրում այս առաջնությունը։ Եղան նաեւ մարդիկ, որոնք, չգիտես ինչու, խուսափեցին պատասխանելուց։ Իսկ պատասխանների մեջ էլ կային այնպիսիները, որոնք բավական ունիկալ են։ Սակայն ամեն ինչի մասին` հերթով։
Եվ այսպես, առաջին հերթին մեզ հետաքրքրում էր ի պաշտոնե ֆուտբոլին ամենամոտ կանգնած մարդու՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքը, սակայն վերջինս արդեն մեկնել էր Գերմանիա՝ հետեւելու աշխարհի առաջնությանը։ Իսկ դերասան Հրանտ Թոխատյանի հետ հաջողվեց կապվել, եւ նա առանց վայրկյան իսկ մտածելու պատասխանեց, որ երկրպագելու է Բրազիլիային։ «Չեմպիոն կդառնա կա՛մ Բրազիլիան, կա՛մ Գերմանիան։ Բայց ես, իհարկե, ուզում եմ, որ դա լինի Բրազիլիան»։ Գործարար Հրանտ Վարդանյանը, պարզվում է, այնքան էլ շատ չի հետաքրքրվում աշխարհի առաջնությամբ։ «Անգամ չգիտեմ, թե որ թիմերն են դուրս եկել։ Իսկ ընդհանրապես երկրպագում եմ հայկական ֆուտբոլը»,- ասաց նա։ Սակայն այսպիսի տեմպերով զարգանալու դեպքում մեր թիմը երբեւէ դուրս կգա՞ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Պրն Վարդանյանը լավատես է եւ որպես օրինակ հիշում է 1973թ. «Արարատի» հաջողությունները. «Մեր ժողովուրդը 2 սպորտաձեւ է ամենից շատ ընդունում՝ ֆուտբոլը եւ շախմատը»։ Դերասան Հրաչյա Հարությունյանն անպայման հետեւելու է առաջնությանը եւ ունի իր նախընտրած թիմը։ «Ես սիրում եմ անհատների խաղը, այդ իսկ պատճառով երկրպագելու եմ Բրազիլիայի հավաքականին: Եզրափակիչ դուրս կգան Բրազիլիան եւ Անգլիան: Իհարկե, կհաղթի Բրազիլիան»,- վստահ է Հ. Հարությունյանը։ «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի պատասխանը հույժ դիվանագիտական բնույթի է. «Երկրպագելու եմ արժանավորին, արժանավորը կդառնա չեմպիոն»։ Այսքանը… Երգչուհի Զարուհի Բաբայանը ֆուտբոլի աշխարհի արաջնությանը չի հետեւելու, որովհետեւ «նախ դրա ժամանակը չունի եւ հետո ընդհանրապես ֆուտբոլ չեմ սիրում»։ Նրա գործընկերուհին՝ Էմմա Պետրոսյանը, նույնպես ֆուտբոլի երկրպագու չէ, սակայն կլինի Բրազիլիայի կողմը։ Այդ կարծիքին է նրա ամուսինը Արամոն, որն իր եւ ընտանիքի անունից հավաստիացրեց. «Վստահաբար դիտելու ենք: Բրազիլիային առաջին հերթին եմ երկրպագելու: Հետո Իտալիա եւ Արգենտինա: Բրազիլիան դուրս կգա եզրափակիչ ու կմրցի կամ Գերմանիայի կամ Անգլիայի հետ: Կհաղթի Բրազիլիան: Սա նաեւ իմ որդու կարծիքն է: Իսկ էմման ֆուտբոլ չի նայում, բայց կիսում է իմ կարծիքը»: ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանն անշուշտ հետեւելու է ֆուտբոլին, սակայն մինչ պատասխանելը անդրադարձավ մեր շախմատիստների հաջողությանը. «Երջանիկ եմ, որ հայ տղամարդիկ ապացուցեցին, որ իրենք ամենախելացին են»։ Հ. Հակոբյանի կարծիքով, ֆուտբոլում, ի տարբերություն շախմատի, հիմնական դեր խաղում է ոչ թե ուղեղը, այլ ոտքերը, սակայն այստեղ էլ մտածելը շատ կարեւոր է։ Իսկ նրա ֆավորիտն, իհարկե, Բրազիլիան է։ «Բրազիլասիրության» այս շքերթը կարճ ժամանակով ընդհատեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։ «Աշխարհի առաջնությունը անակնկալների հովիտ է լինելու»,- գրողին վայել գնահատական տվեց Լ. Անանյանը։ Վերջինիս կարծիքով, դժվար է ենթադրություններ անել, քանի որ խաղում են շատ հզոր թիմեր։ Բայց մի հարցում Լ. Անանյանը վստահ է. «Իմ եւ իմ ընկերների անունից ասում եմ՝ Բրազիլիան չեմպիոն չի դառնալու, Բրազիլիայի վրա խաղադրույք չանեք»։ Իսկ մասնակից թիմերից նրա համակրանքը Գերմանիայի կողմն է։ «Շարմ» ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը շատ է սիրում Բրազիլիայի թիմը, սակայն այս անգամ կերկրպագի Իսպանիային, Իտալիային։ Իսկ, այնուամենայնիվ, ո՞վ կհաղթի։ Ռ. Ջաղինյանի պատասխանը, ինչպես եւ սպասվում էր, օրիգինալ էր. «Իհարկե հայերը»:
Հայաստանի Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն անպայման հետեւելու է աշխարհի առաջնության խաղերին եւ անգամ մտահոգվում է, թե առավոտյան ինչպես է կարողանալու վեր կենալ՝ աշխատանքի գնալու համար։ Ֆ. Ցոլակյանը նույնպես Բրազիլիայի մշտական երկրպագու է։ «Կարծում եմ` եզրափակիչ դուրս կգան Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականները։ Երեւի կհաղթի Բրազիլիան, սակայն մի քիչ կասկածում եմ։ Խաղերը տեղի են ունենում Գերմանիայում, իսկ դաշտի գործոնը շատ կարեւոր է»,- ահա այսպիսի մասնագիտական պատասխան տվեց ՀՊԾ ղեկավարը։
Իսկ ո՞ւմ կողմն է լինելու ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի համակրանքը։ «Ես Բրազիլիայի երկրպագուն եմ»։ Իսկ «ով կդառնա չեմպիոն» հարցին, Գ. Արսենյանի պատասխանն ավելի օրիգինալ էր, քան Ռուբեն Ջաղինյանինը. «Չեմպիոն կդառնա այն թիմը, որը կհաղթի եզրափակիչում»։ Ո՞վ կմտածեր։
Դերասան Արթուր Ութմազյանը ֆուտբոլի երկրպագու է եւ անպայման նայելու է խաղերը: Սակայն նրան ավելի շատ դուր է գալիս առանձին ֆուտբոլիստների, ասենք՝ Ռոնալդինիոյի եւ Զիդանի անհատական խաղը, այդ պատճառով էլ դժվարանում է նախապատվությունը տալ որեւէ թիմի։ Այնուամենայնիվ, Ա. Ութմազյանը փորձեց փոքրիկ կանխատեսում անել. «Անգլիայի հավաքականն էլ է լավը, սակայն եզրափակիչ դուրս կգա Բրազիլիան եւ կմրցի Անգլիայի հետ: Կամ ավելի հավանական է՝ Գերմանիայի հետ՝ տանտիրոջ իրավունքով»:
Ֆրանսիահայ բարերար Օշինը թեեւ ֆուտբոլ սիրում է, սակայն դժվար թե լրջորեն հետեւի խաղերին: «Ֆուտբոլ սիրում եմ, բայց միջազգային այսպիսի միջոցառումներին այդքան ակտիվ չեմ հետեւում: Եթե Բրազիլիա-Ֆրանսիա խաղ լինի՝ կարող է նայեմ»,- ասում է նա:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ զրուցել չհաջողվեց, սակայն նրա մամուլի քարտուղարը ճշտեց եւ մեզ տեղեկացրեց. Տ. Սարգսյանը երկրպագում է Բրազիլիային եւ կարծում է, որ չեմպիոն կդառնա հենց այս երկրի հավաքականը։
Իսկ երգչուհի Ալլա Լեւոնյանն ասաց. «Չգիտեմ, ճիշտն ասած, երեւի չնայեմ: Եթե Հայաստանը չի խաղում, ուրեմն չեմ նայի: Այսպես ասած, «թասիբի» հարց չկա: Բայց առաջ նայում էի, ու հավանում էի Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականներին»:
Իսկ հայերն էլի «խաղից դուրս վիճակում» են
Մենք հայերս, Աշխարհի Ֆուտբոլի առաջնությունում նորից մնացինք միայն դիտորդի դերում։ Իհարկե, մեզ համար սա ոչ զարմանալի է, ոչ էլ ուրախալի։ Սակայն վատն այն է, որ մենք արդեն համակերպվել ենք այս ամենի հետ ու չենք էլ մտածում՝ ինչպես անել, որ այս անգամ ընտրական փուլում գոնե վերջին կամ նախավերջին տեղը չզբաղեցնենք։ Ինչեւէ, հայ ֆուտբոլասերներն արդեն իսկ վաղը՝ հունիսի 9-ին գարեջրի բաժակը ձեռքներին, «արա, ո՞ւմ ես պաս տալիս» ու «Գոլ» նախադասություններով կկլանվեն հեռուստացույցի մեջ ու կտեսնեն, թե ինչպես են բեքհեմները, զիդաններն ու ռոնալդինիոներն իրենց հերթական գոլերը խփում։ Ու թերեւս քչերն այդ պահին կհիշեն, որ նույն օրը՝ հունիսի 9-ին կա եւս մեկ ֆուտբոլային հանդիպում, որը չնայած կապ չունի 2006-ի Աշխարհի առաջնության հետ, սակայն կապ ունի հայերիս հետ։ Բանն այն է, որ հունիսի 9-ին ժամը 17.00-ին Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպելու է Սան Մարինոյի երիտասարդականին։ Հիշեցնենք, որ Սան Մարինոյում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության առաջին փուլում հայերին 3։0 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց՝ որակազրկված հայ ֆուտբոլիստին դաշտ հանելու պատճառով։ Վաղը՝ հունիսի 9-ին սեփական դաշտում հայ ֆուտբոլիստները պետք է կարողանան 4 անպատասխան գոլ ուղարկել մրցակցի դարպասը։ Միայն այս դեպքում Հայաստանի երիտասարդականը հնարավորություն կստանա դուրս գալ Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ։ Ինչեւէ, թերեւս այս խաղում հայերի ցուցաբերած արդյունքներն էլ ինչ-որ տեղ ցույց կտան՝ պատրա՞ստ են մենք արդյոք գոնե մտածել 2008-ին աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու մասին։ Մենք, իհարկե, հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին այս խաղում ու փորձում ենք լավատես լինել ու հուսալ, որ 4 անպատասխան գոլը մոտ է իրականությանը։ Իսկ ինչ վերաբերում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին, առայժմ ստիպված ենք համակերպվել հայերի բացակայությանը Գերմանիայի խաղադաշտերում եւ երկրպագել մյուս երկրների թիմերին։ Այս դեպքում զերծ ենք մնում որեւիցե եզրակացություն կամ կանխատեսում անելուց եւ առաջարկում ենք բոլորին պարզապես դիտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների խաղը, որի ընթացքում, չի բացառվում, որ գրանցվեն նոր ռեկորդներ ու ի հայտ գան նոր անուններ։