Իրանական ճգնաժամի սրացման հետ մեծանում է երկու հանրապետությունների դերը, ընդ որում` Ադրբեջանինն առավել եւս, քանի որ Հայաստանը թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը, իսկ Ադրբեջանը չի կարող դիմադրել ԱՄՆ-ի ճնշմանը եւ ուղղակի կամ անուղղակի կհարի հակաիրանական կոալիցիային:
Ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություններն արդեն ակնհայտ են. հիմա հենց ամերիկացիներն են առաջին ջութակի դեր կատարում բանակցային գործընթացում եւ ձգտում են հասնել կարգավորման հենց այս տարի: Դրանից հետո նրանք կարող են ավելի հանգիստ լինել Հարավային Կովկասում գտնվող իրենց թիկունքի համար Իրանի հետ առճակատման դեպքում: Սակայն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման դեպքում շատ բան կախված կլինի հենց Հայաստանի դիրքորոշումից: Չէ՞ որ Հայաստանն այն տարածքն է, որը կարող է օգտագործվել Իրանին պոտենցիալ հարված հասցնելու դեպքում: Զուր չէ, որ այժմ ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ լուրջ բանակցություններ է վարում նրա տարածքը Իրանի դեմ օգտագործելու հարցերով: Որոշակի անկանխատեսելիություն է իր մեջ թաքցնում նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղաբաշխումը: Մի խոսքով, բավականին շատ են պատճառները, որ Հայաստանը կրկին վերածվի տարածաշրջանում պոտենցիալ պատերազմների թատերաբեմի: Մանավանդ, որ հակամարտության կարգավորումից հետո Ռուսաստանը պարզապես դուրս կմղվի Հայաստանից եւ ընդհանրապես Հարավային Կովկասից, ինչը նույնպես համապատասխանում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներին: Գլխավոր հարցը` ԱՄՆ-ի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավոր հեռանկարի մասին, արդեն հորիզոնում երեւում է: «Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում կզոհվի մոտ 10.000 մարդ, եւ նոր պատերազմ կսկսվի Մերձավոր Արեւելքում»,- կանխատեսումներ են արվում դեռ փետրվարի 13-ին հրապարակված բրիտանական «Օքֆորդ ռիսերչ գրուպ» ոչ կառավարական անալիտիկ կազմակերպության զեկույցում: Այս փաստաթուղթն արժանի է ուշադրության այն պատճառով, որ հենց այդ կազմակերպությունն էր կանխատեսումներ արել, համաձայն որոնց` Սադամ Հուսեյնի ռեժիմը կարելի է հեշտությամբ տապալել, սակայն դրանից հետո Իրաքը կվերածվի խռովարարների որջի:
ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ Պենտագոնի ստրատեգները հրաման են ստացել` կազմել Իրանին հարված հասցնելու պլան: ԱՄՆ-ի ՊՆ-ից այդպիսի խիստ գաղտնի տեղեկատվության արտահոսքի փաստն արդեն խոսում է Իրանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու եւ միջազգային հանրության կարծիքը շոշափելու նպատակի մասին: Հավանաբար պատահական չէ, որ ամերիկյան քաղաքական գործիչները բացեիբաց քննարկում են մոտակա հակամարտությունը: Այսպես, ԱՄՆ-ի ՊՆ Դոնալդ Ռամսֆելդը հայտարարեց. «Քննարկվում են բոլոր տարբերակները, այդ թվում եւ` ռազմական»: Նրան աջակցեց նաեւ Արիզոնա նահանգի սենատոր, հանրապետական Ջոն Մաքքեյնը, որը նախագահի թեկնածու է. «Միայն մի բան կա, որ ռազմական գործողությունից ավելի վատ է. դա միջուկային զենք ունեցող Իրանն է»: Վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 57%-ը պաշտպանում են ռազմական միջամտությունը, որը կխանգարի Իրանին ատոմային ռումբ ստեղծել:
Հասկանալի է, որ այդպիսի հարվածն Իրանի սպառազինության ծրագրերը կարող է հետ գցել մի քանի տարով, սակայն մի ամսվա ընթացքում իրավիճակը կարող է վերածվել հակամարտության, որի մեջ կներքաշվեն Իսրայելը, Հայաստանը (?), Ադրբեջանը (?), Լիբանանը եւ Պարսից ծոցի երկրները: Բացի այդ, դրա մեջ կարող են ներքաշվել նաեւ ԱՄՆ-ի մերձավոր բարեկամները, օրինակ` Մեծ Բրիտանիան, այն դեպքում, եթե մասնակցի ագրեսիային կամ թեկուզ թույլ տա ամերիկյան ռմբակոծիչներին օգտագործելու իր օդակայանները: Անգլիացիները դա հրաշալի հասկանում են, այդ պատճառով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Ստրոն հանգստացրեց հասարակական կարծիքը. «Ռազմական տարբերակ չկա: Այդպիսի հնարավորությունը նույնիսկ չի քննարկվել, եկեք անկեղծ խոսենք»: Թեեւ դիվանագիտությունն իրեն դեռ չի սպառել, Իրանի միջուկային ծրագրերը ոչնչացնելու համար ռազմական ուժի կիրառումն այսօր ակտիվորեն քննարկվում է բոլոր մակարդակներով: Իրանն ամեն կերպ փորձում է իրեն ապահովել տարածաշրջանում, նախ եւ առաջ աշխատելով թույլ չտալ Ադրբեջանին` ԱՄՆ-ի համար հնարավոր հարվածի հենադաշտ դառնալ։ Թեհրանը գնաց անգամ այն բանին, որ համաձայնեց Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացել, իսկ Իլհամ Ալիեւի նախագահական ոտքը վերջապես մտավ իրանական Ադրբեջան նահանգի մայրաքաղաքի հողը: Սա աննախադեպ դեպք է. Ադրբեջանի ոչ մի նախագահ սրանից առաջ դեռ չէր եղել Թավրիզում` չնայած գործադրվող դիվանագիտական ջանքերին: Արժե՞ արդյոք լրջորեն խոսել ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի քաղաքականության փոփոխման մասին: Այս փուլում անհնարին է միանշանակ պատասխան տալ այս հարցին: Փաստն այն է, որ Թեհրանն այսօր ակնհայտորեն մտահոգված է իրանական միջուկային խնդրի հետ կապված իրադարձությունների բացասական զարգացման հնարավորություններով` ԱՄՆ-ի եւ Իսրայելի` խոսքից գործին անցնելով:
Փորձագետները համակարծիք են, որ ԱՄՆ-ը ռազմական հնարավորություն ունի ոչնչացնելու Իրանի տասնյակ հայտնի միջուկային օբյեկտները: ԱՄՆ-ի զորքը փաստացի օղակի մեջ է առել Իրանին` արեւմուտքում` Աֆղանստանից, արեւելքում` Իրաքից, Թուրքիայից եւ Կատարից, հարավում` Օմանից եւ Դիեգո Գարսիա կղզուց: ԱՄՆ-ի նավատորմը Պարսից ծոցում նավախումբ ունի, որտեղ կան ավիակիրներ: Բնականաբար, գործի կդրվեն թեւավոր հրթիռները: Չի բացառվում նաեւ ռազմավարական B2-ռմբարկիչների օգտագործումը, որոնք ստեղծվել են «ստելս» տեխնոլոգիաների կիրառմամբ: Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողությունների համար կպահանջվի 100.000 զինվոր: Առանց այդ էլ հակամարտության գոտում ամերիկյան ուժերը մեծ թիվ են կազմում. 130.000 զինվոր Իրաքում, 18.000` Աֆղանստանում: Ամենից հավանական է, որ ԱՄՆ-ը օդային գործողություններ կնախաձեռնի: Իրանի կարեւորագույն միջուկային եւ ռազմական օբյեկտների վրա առաջին խոշորամասշտաբ ավիահարձակմանը կարող են մասնակցել ավելի քան 100 ամերիկյան ռմբարկիչներ: Իրանի վրա ամերիկյան ավիահարձակումներն առավել խոշորամասշտաբ կլինեն, քան Իսրայելի կողմից 1981թ. հարձակումը Իրաքի Օսիրակ կենտրոնի վրա, եւ ավելի շատ կհիշեցնեն Իրաքի դեմ 2003թ. օդային գործողությունները: Ռազմական փորձագետները կարծում են, թե միջուկային օբյեկտների ոչնչացումը մի շաբաթից քիչ ժամանակ կխլի, սակայն դա դեռ սկիզբն է:
Առաջին` իրանցիները պատրաստվում են հարձակմանը: Գլխավոր օբյեկտները քողարկվում են հակաօդային պաշտպանության համակարգերով եւ թաքցված են գետնի տակ: Նաթանզում գտնվող օբյեկտի կարեւորագույն բաղադրամասերը գտնվում են 18 մետր խորության վրա եւ պաշտպանված են բետոնի երկմետրանոց ծածկույթով: Նույն կերպ պաշտպանված է նաեւ Իսպահանի` ուրանի հարստացման օբյեկտը:
Երկրորդ` Իրանն ի վիճակի է իրեն պաշտպանել: Նա կարող է օգտագործել գործողության միջին շառավիղ ունեցող հրթիռներ` Իսրայելին կամ ամերիկյան ռազմական օբյեկտներին հարված հասցնելու համար: Բացի այդ, Իրանը կարող է խոչընդոտել նավագնացությանն էներգակիրների արտահանման գլխավոր ճանապարհներին: Սկսելով միջուկային օբյեկտներից` ստիպված կլինեն մեծացնել նպատակների շրջանակը` քիմիական գործարաններ, հրթիռային կայաններ, կամուրջներ, օդակայաններ եւ սուզանավեր` հարյուրավոր օբյեկտներ, այդ թվում եւ` քաղաքացիական:
Երրորդ` Իրանը սպառնում է դիմել ասիմետրիկ միջոցների` ահաբեկչական պատերազմ սկսել: Լիբանանի «Հեզբոլլահը» հարձակվում է Իսրայելի վրա: Շիաների կրոնական առաջնորդ Մոկտադ ալ Սադրը կարող է իր «Մահդիի բանակ»-ին հրաման տալ` հարձակվելու Իրաքում գտնվող ամերիկյան եւ բրիտանական զորքերի վրա: Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումները կարող են հարձակումներ գործել ամերիկյան օբյեկտների վրա ամբողջ աշխարհում:
Այսպիսով, Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցությունը պահպանելուն ուղղված ռազմական գործողությունը կարող է տարածաշրջանը ներքաշել նոր հակամարտության մեջ: Ամերիկյան ագրեսիան կբորբոքի մուսուլմանների զայրույթը, կհամախմբի Իրանի ժողովրդին ընդհանուր առմամբ ոչ այնքան պոպուլյար կառավարության շուրջ, կամրապնդի Իրանի նախագահի դիրքերը եւ կսրի հակաամերիկյան տրամադրություններն իսլամական աշխարհում: Ի վերջո, նա չի տապալի Իրանի գաղտնի ծրագրերը, քանի որ Իրանը հավանաբար դուրս կգա Միջուկային զենք չտարածելու պայմանագրից եւ կարագացնի միջուկային սպառազինություն ստեղծելու աշխատանքները: Եթե հարձակման թիրախ դառնա Բուշերի միջուկային ռեակտորը, դա կհանգեցնի ռադիոակտիվ ամպի` Պարսից ծոցում տարածվելուն: Նաեւ հարկ կլինի հարված հասցնել Իրանի փոքրաթիվ ռազմածովային ուժերին, որոնց կազմի մեջ կա երեք սուզանավ` հնարավոր վտանգից զերծ պահելու համար Օրմուզի նեղուցի ցամաքային կարեւորագույն ճանապարհները, որ կապում են Պարսից ծոցն Օմանի ծոցի հետ: Իրանը կարող է նաեւ փոխադարձ հարված հասցնել` հարձակվելով նավթի տանկերների վրա մահապարտների նավակներով: Այս ամենն անխուսափելիորեն կհանգեցնի նավթի գների բարձրացմանը:
«Օքֆորդ ռիսերչ գրուպ»-ի զեկույցի մեջ հետեւյալ եզրահանգումն է արվում. «Ներկայիս ճգնաժամին ի պատասխան ռազմական գործողություններ իրականացնելն առավել վտանգավոր տարբերակ է, այդ պատճառով այն քննարկել չի կարելի: Հարկավոր է փնտրել այլընտրանքային միջոցներ, որքան էլ որ դա դժվար լինի: Մոլլաներին կարող են կանգնեցնել դիվանագետները, ոչ թե ինքնաթիռները»:
Մասնավորապես, փետրվարի սկզբին իրավիճակից դուրս գալու ելք առաջարկեց Վլադիմիր Պուտինը: Դրա էությունն այն է, որ միջուկային վառելիքի արտադրության եւ օգտագործման ամենավտանգավոր փուլերը` ուրանի հարստացումը եւ ռադիոակտիվ թափոնների ուտիլիզացիան, կիրագործվեն Ռուսաստանում, հնարավոր է` եւ որոշ այլ երկրներում, օրինակ` ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում գտնվող մի քանի մասնագիտացված կենտրոններում: Այն երկրները, որոնք կատարելու են սահմանված կանոնները, կարող են միջուկային ռեակտորներ ստեղծելու տեխնոլոգիաների թույլտվություն ստանալ` դրանք խաղաղ նպատակներով կիրառելու համար: Փորձագետների կարծիքով` այս պլանին Թեհրանի համաձայնությունը կարող է վերջ դնել ճգնաժամին: Դա նաեւ թույլ կտա խստացնել միջուկային զենքի չտարածման` այսօր գործող ռեժիմը, որը վտանգի տակ է դրված Պակիստանի, Հնդկաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ճեղքումների արդյունքում: Ռուսաստանը հույս ունի իրավիճակը բախումնայինից դարձնել կոմպրոմիսային եւ այդպիսով պահպանել լավ հարաբերությունները ինչպես` Արեւմուտքի, այնպես էլ` Իրանի հետ: Բացի այդ, Ռուսաստանը լուրջ տնտեսական շահեր ունի, որոնք վտանգի տակ կդրվեն, եթե Իրանի նկատմամբ միջազգային սանկցիաներ կիրառվեն կամ ռազմական գործողություններ սկսվեն: Ռուսական պետական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը ներկայումս Իրանի հարավում` Բուշերում, ատոմակայան է կառուցում, որտեղ օգտագործվելու է 1000 մեգավատտ հզորությամբ ռեակտոր: Դա բացարձակապես խաղաղ ծրագիր է, որի իրագործումը վերահսկում է ՄԱԳԱՏԷ-ն:
Միջուկային ոլորտում փորձագետների կարծիքով այս առաջարկի թույլ տեղն այն է, որ տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերն իրականացնելու համար, պրակտիկայում չեն փորձարկվել: Քննարկելով «միջուկային ոլորտում գլոբալ համագործակցության» հիմնախնդիրները` ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը կարծում է, որ միջուկային վառելիքի մատակարարման եւ դրա վերամշակման հարցերը պետք է լուծել միմիայն միջուկային նյութերի հուսալի տեխնոլոգիաների համաձայնեցումից հետո: ԱՄՆ-ում դրանց իրագործումը հետաձգել են չափից դուրս մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում ԱՄՆ-ը հրաժարվել է միջուկային թափոնների վերամշակման ոլորտում ուսումնասիրություններ անցկացնելուց եւ կորցրել համաշխարհային լիդերությունը: Այսօր վերադառնալով լավ մոռացված հնին` ԱՄՆ-ը օգտագործում է միջուկային անվտանգության եւ զանգվածային ոչնչացման զենքի վտանգը, որպեսզի վերսկսի ուրանի հարստացման ոլորտում ուսումնասիրությունները:
Միջազգային հանրության համար իրանական հիմնախնդրի լուծման հաջողությունը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ դա կարող է օգնել միջոցներ ստեղծել` զսպելու համար այն երկրներին, որոնք ապագայում կարող են ցանկանալ միջուկային զենք ստեղծել: Բացի այդ, աշխարհում, որը էներգառեսուրսների պակասություն է զգում, միջուկային էներգիան դառնում է չափազանց գրավիչ այլընտրանք թանկ ածխաջրածնային վառելիքի համեմատությամբ: