Մշակույթի նախկին նախարար Գեւորգ Գեւորգյանը ներկայումս «վայելում» է մեր իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով պարտադրված արձակուրդը: Սակայն ասել, թե նա այդ արձակուրդը վայելում է, ճիշտ չէ, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ ամեն օր արթնանալ ու չիմանալ, թե ինչ պիտի անես` շատ ծանր բան է. «Համենայն դեպս, ես շատ ծանր եմ տանում»:
Հիշեցնենք, որ «Սի-էս մեդիա» ընկերությունում մի քանի հազար դոլար աշխատավարձի պայմանագիր կնքած Գ. Գեւորգյանը հրաժարվեց ստուդիան ղեկավարելուց՝ գերադասելով մշակույթի նախարարի պաշտոնը, որի համար ստանում էր մոտ 500 դոլար աշխատավարձ: Գ. Գեւորգյանի հետ ունեցած մեր հարցազրույցը հետաքրքիր էր այնքանով, որ թեեւ վերջինիս մեր իշխանությունները տհաճ իրավիճակի մեջ գցեցին, այդուհանդերձ, նա չի թաքցնում իր ապրումները եւ անկեղծորեն խոստովանում է, որ ինքը Մշակույթի նախարարությունում մեծ առաքելություն ուներ, եւ ափսոսանքով է խոսում իր պաշտոնազրկման մասին: Հետեւաբար, մշակութային իր ծրագրերը ներկայացնելիս դեռեւս խոսում է այդ դաշտում հեղափոխություն անելու ոգեւորությամբ եւ, որքան էլ զարմանալի է, վերջին իրադարձություններն այդ ոգեւորությունը չեն կոտրել: Թեեւ շրջանառվում են լուրեր, թե Գ. Գեւորգյանին առաջարկվելու է նախագահի կամ վարչապետի խորհրդականի պաշտոնն, այդուհանդերձ ինքը՝ Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կինոգործիչների նախաձեռնությամբ առաջիկայում վարչապետի հետ հանդիպում է լինելու, որպեսզի քննարկվեն ազգային Կինոկենտրոնի հետ կապված հարցեր: Կինոգործիչները միահամուռ կերպով Գ. Գեւորգյանին են տեսնում Կինոկենտրոնի տնօրենի կարգավիճակում: «Կարծում եմ` ուրիշ այլ առաջարկներ էլ կլինեն, ես գիտեմ, որ վարչապետն ու նախագահն էլ առաջարկներ ունեն, բայց թե կոնկրետ ի՞նչ պաշտոն՝ չգիտեմ»,- վստահեցրեց Գ. Գեւորգյանը՝ հայտարարելով, որ ինչ պաշտոնում էլ լինի, միեւնույն է՝ կուսակցական չի դառնալու եւ իր անձը չի քաղաքականացվելու: Վերջինիս համար Մշակույթի նախարարի պաշտոնը նույնպես քաղաքական դաշտում էր, սակայն ինքն այդ պաշտոնն ընդունել էր այլ գիտակցությամբ, ըմբռնումով եւ մոտեցմամբ, որով կարելի էր շատ արագ բարձրացնել մշակույթի հեղինակությունը, մշակութային գործիչների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծել եւ ստեղծագործելու ժառանգությունը պահպանել: «Մշակույթի համար ես իմ առաքելությունն ունեի, անկախ նրանից` դա քաղաքակա՞ն պաշտոն էր, թե՞ ոչ: Այնպես որ, եթե ինձ հոգեհարազատ պաշտոն լինի, որի դեպքում ես կզգամ, որ թեւերս քշտած պիտի աշխատեմ եւ օգտակար լինեմ ժողովրդի համար, իհարկե, կընդունեմ»,- հավատացնում է Մշակույթի նախկին նախարարը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանը կկարողանա՞ արդյոք Գ. Գեւորգյանի սկսած գործը շարունակել, ապա վերջինս պատասխանեց. «Չգիտեմ` նոր նախարարն ի՞նչ ծրագրեր ունի, համենայնդեպս, ես մեծ ծրագրեր ունեի: Ամբողջ ոլորտի սեփականաշնորհման գործընթացի կասեցման, վարձակալությամբ տրված կառույցները ետ վերցնելու դատական պրոցեսներ էի սկսել: Օրենսդրական դաշտի հետ կապված շատ մեծ աշխատանք էինք սկսել, շատ կարեւորում էի ՀՀ-ում մշակութային համակարգված ծրագրով աշխատանքը, մշակույթի դերի բարձրացումն ու պրոֆեսիոնալ մշակույթը, բայց չգիտեմ` նոր նախարարն ի՞նչ ծրագրեր ունի, կարող է նա լրիվ ուրիշ ծրագրով է եկել: Երբ առավոտից երեկո աշխատում էի, եւ հանկարծ մի հարցի լուծումը լինում էր՝ ինձ շատ մեծ էներգիա էր տալիս այդ հաջողությունը, եւ պատրաստ էի կրկնակի աշխատել»: Գ. Գեւորգյանին զարմացրել է, որ, օրինակ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, թե իրենք 1 տարվա մեջ մշակույթի ոլորտը կառանձնացնեն ու կտեսնեն, թե որտեղ ինչ կա: Ավելին՝ նրան զարմացրել է այն փաստը, որ Մշակույթի նախարարության ռազմավարությունը ստանձնել է ՄԱԿ նախագահը: Մինչդեռ Մշակույթի նախարարն անկուսակցական է, պարզապես այդ պորտֆելը նրան առաջարկվել է ՄԱԿ-ի կողմից: Գեւորգյանին` որպես մշակույթի ոլորտի մարդ, տակավին չեն բավարարել Գ. Արսենյանի հորդորները: Ըստ նրա, փաստորեն այս ոլորտն իր ձեռքն է վերցրել ՄԱԿ-ը, քանի որ հարցերը պիտի Գ. Արսենյանը լուծի: Այս զավեշտալի տրամաբանությունը Գ. Գեւորգյանի համար անընդունելի է: «Կենտրոն» հեռուստաընկերությամբ Արսենյանն ասում էր, որ ամբողջը պիտի քանդվի, առանձնացվի, տեսնենք, թե որտեղ են գողանում եւ այլն: Ես շատ վրդովված եմ, ի՞նչ ասել է գողություն ասվածը մշակույթում: Մշակույթի ոլորտում գողեր չկա, գողեր թող ուրիշ համակարգերում փնտրեն: Այլ բան է, որ ֆինանսական ռեսուրսները համակարգված չեն օգտագործվում, ֆինանսական հոսք կա, որոնք ճիշտ տնօրինելու, նպատակին ծառայեցնելու դեպքում կարելի է ռացիոնալ օգտագործել: Պետք է լավ պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդիկ աշխատեն, իսկ գողությունն այդ դեպքում ինքնըստինքյան կվերանա»,- ասաց նախկին նախարարը՝ ավելացնելով, որ արվեստագետների հայտարարությունները, թե մեզ Մշակույթի նախարարություն պետք չէ, պայմանավորված է նրանով, որ այն հեղինակազրկված է, եւ մարդիկ չեն հավատում այդ նախարարության աշխատանքին: Ըստ նրա, նախ պետք է հոգեւոր դաշտ ստեղծվի, ինչն իրեն հաջողվել էր, քանի որ մշակույթի գործիչները յուրօրինակ էնտուզիազմով էին սկսել աշխատել: Գ. Գեւորգյանը Արսենյանի հայտարարություններից հետո սկսել է արժեւորել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների բարյացակամ գործելաոճը: «Նախ ես շնորհակալ եմ ՕԵԿ-ին, որ մշակույթի գործիչների խնդրանքին ընդառաջեց, իր պորտֆելը տվեց անկուսակցականին եւ վստահեց ինձ: Եվ Արթուր Բաղդասարյանին հատկապես շնորհակալ եմ այն բանի համար, որ կուսակցական որեւէ սկզբունք, սահմանափակում իմ առաջ չդրեց, մի անգամ չկանչեցին ու չփորձեցին կախվածության մեջ դնել: Ես լրիվ ազատ էի, իսկ հիմա ՄԱԿ-ի լիդերն այդ ոլորտը կարգավորելու ֆունկցիան վերցրել է իր վրա: Ցանկացած որոշում պիտի համաձայնեցնի Արսենյանի հետ, իսկ այդ դեպքում պորտֆելը դառնում է կուսակցական: Արսենյանին լսելուց հետո հասկացա, թե ես ինչ մեծ առավելություն ունեի: Ա. Բաղդասարյանը ոչ միայն ինձ չխանգարեց, այլեւ որեւէ առաջարկ չարեց»,- ասում է Գ. Գեւորգյանը՝ վստահեցնելով, որ ինքը ՄԱԿ-ի առաջարկած պորտֆելը չէր ընդունի, որովհետեւ իրեն` որպես նախարարի, ուղղություններ, հրահանգներ տալու իրավունք էին ստանձնելու:
Ի տարբերություն նախկին նախարարների, ովքեր մշտապես «նվնվում» էին, թե Մշակույթի նախարարությունն ամենաքիչ ֆինանսավորվողներից է, եւ բազում հարցերի լուծման բացակայությունը պատճառաբանում էին գումարների սղությամբ, ապա Գ. Գեւորգյանը պնդում է, որ մշակույթի բնագավառում առաջնահերթ խնդիրներ կան, որոնց լուծումից հետո միայն պետք է պարզապես ֆինանսները ճիշտ տնօրինել: «Պետք է մասնագետ լինել, խորը ուսումնասիրել եւ ճիշտ ճանապարհներով գնալ: Պետք է ցանկություն, հոգատարություն լինի` լրջորեն զբաղվել գործով, եթե կարիք կա` բազմաթիվ անգամ դռները ծեծել, ուրեմն՝ պետք է դա անել, հետեւողականորեն գնալ այդ ճանապարհով: Բացի այդ, պետք է վեր կանգնել անձնական շահերից, շողոքորթելուց, քծնելուց եւ ճիշտ լուծումներ տալ ամեն ինչին»,- վստահեցնում է Գ. Գեւորգյանը՝ համոզմունք հայտնելով, որ պրոֆեսիոնալին նախապատվություն տալու փոխարեն` հորեղբոր տղային գերադասելու պարագայում` ամեն ինչ կտապալվի: Գ. Գեւորգյանը հավատացնում էր, որ իր ոգեւորությունը նույնիսկ տարածվել էր նախագահի եւ վարչապետի վրա, ովքեր որպես կանոն դրական են արձագանքել իր ներկայացրած առաջարկներին: «Հասկացա, որ խոչընդոտող չկա, հակառակը պատրաստակամ են օգնել եւ ողջունում են իմ ծրագրերը: Ես շատ կարեւորում էի միջազգային կառույցներում ինտեգրվելը եւ մշակույթի բնագավառում նույնպես գրանտներ ներգրավելը»,- ասում է նա՝ ափսոսելով, որ ծրագրերն, այնուամենայնիվ, կիսատ մնացին: Գ. Գեւորգյանը չի ընկճվել, քանի որ աշխատանքից վատ աշխատելու համար չեն ազատել, անգամ վարչապետն է ափսոսանք հայտնել համագործակցության ձախողման համար: Թեեւ ինքը լավ չի տիրապետում քաղաքական դաշտին եւ պատկերացում չունի, թե իր պաշտոնազրկումը որքանով կարելի էր կանխել, այդուհանդերձ գտնում է, որ լավ աշխատող մարդուն քաղաքական որոշումները չպիտի խանգարեն: «Իմ կարծիքով` սխալ է նման որոշում կայացնելը, միանշանակ կարծում եմ, որ դա կառավարության որոշումը պետք է լիներ, որովհետեւ դառնում ես կառավարության անդամ, պետության ղեկավար, ու հենց այնպես հանում են դուրս»,- ասում է մշակույթի նախկին նախարարը: