Հունիսի 10-ին մայրաքաղաքի շուրջ 12.300 շրջանավարտների համար կհնչի հերթական վերջին զանգը։ Միջնակարգ դպրոցների ավարտական վերջին զանգի տեղափոխումը մայիսի վերջից հունիսի առաջին տասնօրյակ պայմանավորված է ընթացիկ ձմեռային արձակուրդների երկարաձգմամբ։
Ըստ քաղաքապետարանի Կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Ալոյանի, քանի որ ուսումնական տարին կազմված է 34 շաբաթից, ապա պետական կրթական ծրագրերի չափորոշիչների համաձայն, տարին ավարտին հասցնելու համար ամառային արձակուրդների տեւողությունը կարճվել է 3 շաբաթով։
Քաղաքապետարանի ենթակայության շուրջ 189 հանրակրթական դպրոցների տնօրեններին հրահանգվել է բացառել վերջին զանգին նվիրված արարողությունների ավելորդ շռայլությունները եւ այս համատեքստում կանխել տասներորդցիների դրամահավաքության ավանդույթը։ Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի խոսքերով, միջոցառումները պետք է կրեն բացառապես բովանդակային բնույթ։ Ս. Աչոյանի պարզաբանմամբ, բովանդակային միջոցառումների նպատակն է, որ՝ «Վերջին զանգը չվերածվի պատանեկան խելահեղ անկառավարելի խրախճանքի, եւ ողջ գիշեր փողոցներում չհնչեն տասներորդցիների ավտոմեքենաների հռնդյունը, անդադար ազդանշաններն ու սուլոցները»։ Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է նաեւ բեմերից չհնչեցնել դպրոցի եւ ուսուցիչների հասցեին անբարեհունչ արտահայտություններ։ Որքանո՞վ է կառավարելի եւ վերահսկելի նոր կյանք մտնող շրջանավարտների ոգեւորությունը, դժվար տեսանելի է։ Գաղտնիք չէ, որ այդ օրերին աճում է դժբախտ պատահարների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային վթարների թիվը։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Արաբկիր համայնքի հանրակրթական դպրոցներից մեկի շրջանավարտները դեռեւս տարեսկզբից են սկսել իրենց դրամահավաքությունը` յուրաքանչյուր ամիս հավաքելով 5000-ական դրամ։ 10 ամսվա ընթացքում նրանց կուտակած գումարը կազմում է բնականաբար 50.000 դրամ, որը նախատեսված է ինչպես ավարտական երեկոյի (այն նշելու են «Ընտանեկան» ռեստորանային համալիրում), այնպես էլ հաջող քննությունների ընթացքն ապահովելու համար։ Համարժեք գումար են հավաքել նաեւ Շենգավիթ համայնքի դպրոցներից մեկի շրջանավարտները։ Տասներորդցիներից մեկի հավաստմամբ (որը չբացահայտեց իր ինքնությունը), իրենց դպրոցի տնօրենն անձամբ է կազմակերպում դրամահավաքը եւ սեփական հայեցողությամբ ընտրում նույնիսկ ավարտական երեկոյի անցկացման վայրը (օբյեկտը)։ Իսկ Աջափնյակ համայնքի ուսուցչուհիներից մեկը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, իրենց դպրոցի տնօրենը խստիվ արգելում է ուսուցիչներին, աշակերտներին եւ նրանց ծնողներին մինչեւ ավարտական քննությունների ավարտը քեֆեր կազմակերպել` ընդգծելով, որ քննությունների ավարտից հետո որեւէ միջոցառման համար դպրոցն այլեւս պատասխանատվություն չի կարող կրել։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Երեւանի ծայրամասերի դպրոցներում հավաքագրվող ֆինանսական միջոցները շատ ավելի համեստ են կենտրոնում սովորող աշակերտների համեմատ։ Եթե արվարձանում բնակվող յուրաքանչյուր աշակերտի համար վերջին զանգն արժե 30-35.000 դրամ, չհաշված երեկոյի հագուստի գումարը, ապա ապահով խավի դպրոցականների գումարային նախաձեռնումները բավականին խոշոր են եւ թռիչքային։ Տասներորդցիների շրջանում մեծ տարածում ունի նաեւ ավարտական քննությունների առթիվ ուսուցիչներին դրամական նվիրատվությունների երեւույթը (այն սկսվում է 10.000 դրամից, նկատենք, որ նախկինում ուսուցիչներին հանձնվում էին միայն հուշանվերներ)։ Նման ձեռնարկումների համար այս տարին թերեւս վերջինը կլինի, քանի որ հաջորդ տարվանից հանրակրթական դպրոցների ավարտական քննությունները կընթանան կենտրոնացած համակարգով։