Մտածկոտ եւ երազկոտ այս տղան չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին եւ օրերն անց էր կացնում լճի ափին` ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով:
Նա շատ դժվարին եւ յուրօրինակ կյանք ապրեց: Մանուկ հասակում ծանր հիվանդացավ եւ զրկվեց խոսելու ընդունակությունից: Հիվանդությանը հաջորդեց երկարատեւ բուժումը: Պատանի էր, երբ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նահանգներում Ոստանիկը բազմաթիվ զրկանքներ տեսավ: Չափահաս տարիքում նա ստեղծեց գլուխգործոցներ: Պայքարում էր չքավորության դեմ, հետո հիվանդացավ քաղցկեղով եւ նրան վիրահատեցին, այնուհետեւ ավտովթարի ենթարկվեց եւ կորցրեց ձեռքը, իսկ հետո էլ ինքնասպանություն գործեց Կոննեկտիկուտում գտնվող իր արհեստանոցում…
Ոստանիկ Ադոյանի անունը շատերը չեն լսել: Նա իր համար մի նոր անուն էր ընտրել` Արշիլ Գորկի, եւ հենց այս անունով էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին, որպես անցած հարյուրամյակի մեծագույն նկարիչներից մեկը:
Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում եւ Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը: Նրա կարծիքով, մեծ հումանիստի եւ իր կյանքի պատմությունները բավական նման են:
Վանի ինքնապաշտպանության ժամանակ Գորկին օգնում էր աշխարհազորայիններին: Նրանց զենք, փամփուշտ, հագուստ եւ սնունդ էր տանում, վերադառնում էր միայն ուշ երեկոյան: 1915թ. հունիսի 15-ին, վերցնելով մի քանի օրվա սննդի պաշար եւ մի քիչ էլ գումար, Ադոյանների ընտանիքն ուղեւորվեց Երեւան: Ողջ ունեցվածքը թաղեցին տան բակում, կարծում էին, որ շուտով կվերադառնան, սակայն…
Գորկու կրտսեր քույրը` Վարդուշը, հիշում էր. «Քայլում էինք Վանա լճի արեւելյան քարքարոտ ճանապարհով: Քայլում էինք օր ու գիշեր, առանց դադարի: Երբ մայրս ուտելու որեւէ բան էր գտնում՝ տալիս էր Գորկուն: Նա ավելի շատ Գորկու մասին էր հոգ տանում, քան դուստրերի, քանի որ Գորկին միակ արու զավակն էր եւ շատ հյուծված էր: Վանեցիների մի մասը գնաց Պարսկաստան, այնտեղից էլ Բաղդադ, իսկ մենք բռնեցինք Էջմիածին տանող ճանապարհը: Հունիսի 25-ին հասանք Էջմիածին: Էջմիածնում մնացինք երեք շաբաթ: Բակում էինք ապրում: Շուտով սկսեցին հիվանդություններ տարածվել եւ այդ ժամանակ Գորկին փրկեց մեզ: Նա մի սայլ բերեց եւ ասաց. «Պետք է հեռանանք այստեղից»: Հուլիսի 16-ին եկանք Երեւան: Ապրում էինք կայարանամերձ փողոցում: Դա շատ խղճուկ տեղ էր: Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին` տպարանում: 1916թ. քույրերս` Ագապին եւ Սաթենիկը, մեկնեցին Ամերիկա: Ես հաճախ էի Արշիլի հետ խոսում իր ծանր վիճակի մասին, սակայն նա անընդհատ ասում էր. «Ես կաշխատեմ, դուք չպետք է անհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի»: Այո՛, նա հավատում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք իրար շատ էինք սիրում: Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար: Այսպես առանց հանգստի աշխատելով գումար էինք վաստակում: Գորկին ուզում էր, որ մայրիկը ոչնչի կարիք չզգա: Ցավոք, շուտով մայրիկն՝ ուժասպառ լինելուց հիվանդացավ: Գորկու ստացած գումարը չէր բավականացնում սնունդ գնելու համար: Ինչ-որ կերպ գոյատեւելու համար՝ նա սկսեց Երեւանի մերձակա գյուղերից հացահատիկ եւ խաղող գնել, այնուհետեւ դրանք քաղաքում վաճառել: Սակայն ի՞նչ կարող էր անել 14-ամյա տղան: Մորս վիճակը գնալով վատանում էր, եւ 1919թ. մարտի 20-ին նա հանկարծամահ եղավ մեր ձեռքերում: Ընդամենը 39 տարեկան էր, իսկ մենք դեռ փոքր էինք: Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր: Մայրիկը միշտ մեզ բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին: Եվ ահա նա մեզնից հեռացավ: Մի որոշ ժամանակ անց Տիգրան անունով մի վանեցի Գորկուն առաջարկեց. «Փոքրիկ, լավ կանես վերցնես քրոջդ եւ հեռանաս այստեղից: Ի՞նչ ունես այստեղ անելու»: Գորկին համաձայնեց: Սկզբում մեկնեցինք Թիֆլիս, այնուհետեւ Բաթումի, այնտեղ նստեցինք Պոլիս մեկնող նավը: Ուղեւորության ընթացքում Գորկին չէր բաժանվում մատիտներից: Ծաղիկներ, թռչուններ, կենդանիներ, նավեր ու երկինք էր նկարում, սկսեց բանաստեղծություններ գրել: Մեր նավը Էլիս Այլանդ մտավ 1920թ. մարտի 1-ին: Գորկին չսիրեց Ամերիկան: Շուրջբոլորը խառնաշփոթ էր, սակայն հետո սովորեցինք այդ խելահեղ ռիթմին, բայց Արշիլն անընդհատ կարոտում էր Վանը: Ապրում էր քրոջս` Ագապիի բնակարանում: Հետո մեր ետեւից եկավ հայրս եւ Փրովիդենս տարավ: Գորկին մնաց այնտեղ ապրելու: Ընդունվեց «High technical School», քանի որ այդպես էր ցանկանում հայրս, իսկ Գորկին ցանկանում էր նկարել, դրա համար էլ ներկեր գնեց եւ սկսեց աշխատել Բոստոնի «Մաժեստիկ» թատրոնում: Անտրակտների ժամանակ նա դիմանկարներ էր անում: Նկարչությունը մշտապես զբաղեցնում էր նրա միտքը»:
1925թ. Գորկին մեկնում է Նյու Յորք, որը համարվում էր Ամերիկայի գեղանկարչության կենտրոնը: Արշիլը զգում էր, որ կհասնի արվեստի բարձունքներին: Բնակարան վարձեց եւ սկսեց դասեր տալ նյույորքյան «Grand Central School of Art» քոլեջում: Իր ուսանողներից նա պահանջում էր արվեստի հանդեպ ունենալ խիստ եւ ազնիվ վերաբերմունք, զերծ մնալ դիլետանտությունից: «Արվեստն ունիվերսալ է, այն ձեզ է պատկանում, եւ դուք պարտավոր եք հարստացնել այն»,- կոչ էր անում նա իր ուսանողներին:
Արվեստն ունիվերսալ է… Արշիլ Գորկու ողջ ստեղծագործական ուղին ամփոփված է այս բառերի մեջ: Ամերիկայում նրան անվանում էին «Ամենաինտերնացիոնալ նկարիչ», «20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակ»:
Գորկին սիրում էր հետեւել, թե ինչպես են նկարում երեխաները: Հաճախ էր Վարդուշին ասում. «Տե՛ս, այս երեխան նկարում է ինչպես Ուսելոն: Նրանք իսկական նկարիչներ են` հինավուրց ժամանակների նկարիչներ, նրանք այնքան մաքուր են եւ այդպես էլ նկարում են: Երբ մենք էլ ենք ցանկանում այդպես նկարել` մեզ մոտ չի ստացվում: Այն, ինչը մեզ համար այդքան բարդ է, նրանց համար բնական է»:
Նոր արվեստը ծնվում է նոր մարդու հետ: Գորկու վաղ շրջանի պեյզաժներում, նատյուրմորտներում եւ դիմանկարներում երեւում է Սեզանի ազդեցությունը: Ավելի ուշ նրա սիրելի նկարիչը դարձավ Պիկասոն: Սակայն մեծ նկարիչների գործերի հետ առնչվելը չխանգարեց նրա մոտ անկախ գեղարվեստական մտածելակերպի զարգացմանը: Փոխարենն օգնեց ավելի խորամուխ լինել գեղարվեստական լեզվի բարդ փիլիսոփայական խոսքի բազմաթիվ գաղտնիքների մեջ եւ գնալ բոլորովին նոր ուղիով: Իր առաջին քայլերն Արշիլ Գորկին կատարել է դեռեւս Վանա լճի ափին: Այդ տարիներին փայտիկը փոխարինում էր վրձնին, իսկ ավազը՝ կտավին, ալիքներն էլ ոչնչացնում էին նրա ստեղծած հրաշալի աշխարհը:
Սակայն ոչ մի ուժ ի զորու չէր կործանել այն ճշմարիտն ու գունեղը, համարձակ մտահղացումներն ու լուծումները, որոնք ընկած են նրա գեղանկարչության հիմքում: Գորկու կտավներում բացակայում է արհեստական գեղարվեստականացումը եւ կյանքի իդեալականացումը: Նրա լավագույն աշխատանքներից են` «Նկարիչն ու նրա երեւակայական կինը», «Նատյուրմորտ», «Ինքնանկար», «Պեյզաժ», քույրերի` Վարդուշի, Սաթենիկի, Ագապիի եւ այլոց դիմանկարները, որոնք ստեղծվել են 20-30-ական թվականներին, ռեալիստական ոճի մեջ: Այս կտավներն իրենց տեղն են գտել աշխարհի խոշորագույն պատկերասրահներում: Նրանք այդ տեղին արժանացել են ձեռագրի յուրօրինակության, հին եւ նոր արվեստի սինթեզի շնորհիվ:
Արշիլ Գորկու «Նկարիչը եւ մայրը» կտավն առանձնանում է յուրահատուկ հմայքով: Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ եւ խելացի աչքերը լի են վախով: Այս աչքերի մեջ երեւում է ժողովրդի բնավորությունը: Ոստանիկի աչքերը լայն բացված են, սուր ականջներն` ընդգծված, իսկ ձեռքին ծաղիկներ են: Քիչ ծռված շուրթերն, ասես, ուզում են ժպտալ, սակայն չեն կարողանում: Ասես երեխայի հոգու մեջ մի վերք է բացված, նա չի կարող կեղծել եւ ժպտալ այս կյանքին:
Արշիլն իր հարազատ վայրերից եւ խորտակված պատանեկությունից շատ բան բերեց Ամերիկա: Գորկին գտնում էր, որ այն, ինչը ծնվում է մարդու հանճարից, չպետք է արժանանա սառն անտարբերության, եւ պայքարում էր դրա դեմ: Պատասխանատվության զգացում ու սեփական անձի հանդեպ պահանջկոտություն, մարդկության համար պայքարելու ձգտում. սա է եղել Արշիլ Գորկու հավատամքը: Արհամարհելով այդ ժամանակ նորաձեւ համարվող կառուցողական ձեւերն ու կուբիզմի կոնստրուկտիվ պլանները, նա ձգտում էր դեպի պոեզիան, եւ հզոր երեւակայությունը քանդում էր արվեստի քարացած օրենքները:
Գորկու արվեստն առաջին անգամ հավանության արժանացավ ֆրանսիացի պոետ, պրոզայիկ եւ քննադատ Անդրե Բրետոնի կողմից: Ֆրանսիայի օկուպացման ծանր տարիներին Անդրե Բրետոնը տեղափոխվեց Ամերիկա, եւ նրանց միջեւ յուրահատուկ բարեկամություն սկսվեց: Միասին նրանք ճանապարհորդում էին Ամերիկայով: Բրետոնն այնքան սիրեց Գորկու պայծառ միտքը, որ իր մի քանի ստեղծագործությունները կոչեց նրա կտավների անուններով: 1945թ. Նյու Յորքում Արշիլ Գորկու անհատական ցուցահանդեսի համար ստեղծված ալբոմի համար Անդրե Բրետոնը նախաբան գրեց: Այդ նախաբանը նրա արվեստի առաջին պրոֆեսիոնալ վերլուծությունն էր:
Այս ցուցահանդեսը վերջինն էր: Երեք տարի անց նա հրաժեշտ տվեց կյանքին, Ամերիկային, Հայաստանին, երկրին, որը նա պաշտում էր: Հայկական պարերն ու երգերը նրա համար միակ խթանն էին, իսկ մայրենի լեզուն օգնում էր մտածել, վիճել գեղեցիկի մասին: Հատվածներ էր երգում «Անուշ» օպերայից, խնայում էր սննդի փողը, որպեսզի հայ գրողների գրքեր գնի: Գորկին աղքատ կյանք էր վարում, թեեւ այդ մասին երբեք եւ ոչ մի տեղ չէր խոսում:
Նա անսահմանափակ գիտելիքների տեր էր, ամերիկյան պատմության խոշոր գիտակ: Բազում անգամներ է մամուլը գրել, որ Արշիլ Գորկու, Պոլլոկի եւ Մատտի շնորհիվ է, որ ժամանակակից գեղանկարչությունը զարգացման նոր ուղիներ գտավ, եւ, որ Գորկին ժամանակակից ամերիկյան արվեստի եւ նյույորքյան նկարչական դպրոցի հիմնադիրն է: Ամերիկայում 30-40-ական թթ. անվանում են Գորկու շրջան: Գորկին առանց բացառության մեծ ազդեցություն է թողել Ամերիկայի բոլոր խոշոր նկարիչների վրա: Արվեստում ի հայտ եկավ մի նոր ուղղություն` «Պոստգորկիական»:
1967թ. ֆրանսիական մամուլը գրեց. «Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»:
Արշիլի մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, ալբոմներ աշխարհի տարբեր լեզուներով:
Ալեն Ջուֆֆրին գրել է. «Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին… Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո: Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք: Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության` գեղանկարչության…»:
Գորկին մահացավ ավելի վաղ, քան կարողացավ իրագործել իր երազանքը` վերադառնալ Հայաստան: Մահացավ միայնության մեջ…
1948թ. Վարդուշին ուղղված նամակներում նա գրում էր, որ հոգնել է Ամերիկայից, գտնում է, որ իրեն այստեղ չեն հասկանում, չեն գնահատում իր արվեստը: Գորկին իսկական հայ էր, սիրում էր մայրենի լեզուն եւ նվիրված էր հարազատ արվեստին: Պաշտում էր Հայաստանը եւ միշտ ասում էր. «Մի օր ես հայրենիք կվերադառնամ, սակայն միայն այն ժամանակ, երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս»: Չհասցրեց, բայց փոխարենն այն փառաբանեց իր արվեստով…