Երեկ միջազգային «Fitch» վարկանիշային գործակալության կողմից Հայաստանին տրվել է «BB-» վարկանիշը:
Վերջինս, ըստ գործակալության սանդղակի, նշանակում է, որ ՀՀ-ն գտնվում է «խոցելի» կատեգորիայում եւ օժտված է «չափավոր ցածր ֆինանսական կայունությամբ»: «Fitch»-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ չնայած Հայաստանի տնտեսական աճին` 2005թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է մոտ 1500 դոլար, այն դեպքում, երբ «BB» ռեյտինգային խմբի համար այդ ցուցանիշի միջինը 2500 դոլար է: «ՀՀ կառավարության հարկային եկամուտները կազմում են ՀՆԱ-ի մոտ 14%-ը, ինչը «Fitch»-ի կողմից ռեյտինգավորված պետությունների շարքում ամենացածր ցուցանիշն է»,- նշվում է ընկերության նամակում: Բացի այդ, «Fitch»-ը կարեւորում է ՀՀ աշխարհաքաղաքական իրավիճակն` ընդգծելով, որ երկրի վարկանիշի վրա մեծ բացասական ազդեցություն են թողնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են` «ԼՂՀ կայուն կարգավիճակի բացակայությունը եւ Թուրքիայի հետ վատ հարաբերությունները»: Թեեւ վարկանիշային գործակալությունը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության վերսկսման ռիսկը գնահատում է միջինից ցածր, այնուամենայնիվ, գտնում է, որ «վերջնական քաղաքական լուծումների բացակայությունը երկարաժամկետ հատվածում շարունակում է սպառնալ տարածաշրջանային կայունությանը»: «Fitch»-ի գնահատմամբ, ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ դժվար թե շեշտակի փոփոխություններ լինեն` չնայած 2007թ. եւ 2008թ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Գործակալությունը համարում է, որ ՀՀ-ի վարկանիշի վրա դրական ազդեցություն կարող են թողնել գործարար միջավայրի բարելավումը, ներքին խնայողությունների եւ ներդրումների աճը, կապիտալի տեղական շուկաների զարգացումը, ինչն էլ կընդլայնի կառավարության ներքին ֆինանսավորման հնարավորությունները: Նշենք, որ ՀՀ-ն 1-ին անգամ է ռեյտինգավորվում, եւ կրկին մխիթարվենք նրանով, որ վատագույն գնահատականին չարժանացանք: Կարող էինք, չէ՞:
Կ.Թ.