Երեկ երեկոյան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել են ԼՂՀ հիմնախնդրի շուրջ Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ երկօրյա բանակցությունները: 2 երկրների ղեկավարները Բուխարեստ էին մեկնել` մասնակցելու Երկխոսության եւ գործընկերության Սեւծովյան գագաթաժողովին:
Թերեւս այն, որ բուխարեստյան բանակցությունները եւս պետք է արժանանային նախորդների ճակատագրին, պարզ էր ի սկզբանե: Հակամարտող կողմերը Բուխարեստ մեկնեցին «զգուշավոր եւ համեստ սպասելիքներով» եւ նախապես հայտարարեցին, որ իրենք լուրջ ակնկալիք չունեն: Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին, որ հերթական անգամ բարձրաձայնեցին իրենց լավատեսության մասին: «ԼՂՀ խնդիրը պետք է եւ կարող է լուծվել: Միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է»,- նախօրեին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Քի Վեսթում իրենք մոտեցել են համաձայնության, սակայն կողմերն իրենք չեն տվել վերջնական համաձայնություն: «Այս անգամ էլ մոտ ենք դրան: Հնարավոր է` այս անգամ ստացվի»,- բանակցություններից առաջ ասել էր Ֆրիդը` հատուկ ընդգծելով, որ համանախագահները կողմերի վրա ճնշում չեն գործադրի կարգավորման այս կամ այն ուղին ընդունելու համար: «Մենք դրանք առաջարկել ենք չեզոք ձեւով: Սակայն որպես ԱՄՆ ներկայացուցիչ` ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք հնարավորինս արագ տեսնել որքան հնարավոր է շատ տարածքների վերադարձն Ադրբեջանին եւ ադրբեջանցիների վերադարձն իրենց հայրենի վայրեր: Այստեղ առկա են 2 երկրների շահեր: Կան մի շարք տարբերակներ: Մենք առաջարկել ենք արդյունավետ տարբերակը: Իսկ այժմ ամեն ինչ կախված է նախագահներից»,- նշել է նա: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հետաքրքրություն են դրսեւորում քննարկումների առնչությամբ»: Ի պատասխան այն հարցի, թե արդյոք բանակցությունների` արդեն երկրորդ օրը շարունակվելը նշանակո՞ւմ է, որ որոշակի առաջընթաց է արձանագրվել քննարկումներում, Մանը նշել է, որ համանախագահները միշտ էլ առաջընթացի հույս են փայփայում: Իսկ Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, թե կողմերն իրենք են պատասխանատու համաձայնության համար:
Բուխարեստում Քոչարյան-Ալիեւ առաջին հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դը Գուխտի, Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ` Ռումինիայում Լեհաստանի դեսպանատանը: Դրանից հետո, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, 2 երկրների ղեկավարներն ունեցել են առանձնազրույց: Հետո դրան կրկին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: Հունիսի 4-ի հանդիպումը տեւել է ավելի քան 2,5 ժամ եւ ավարտվել Երեւանի ժամանակով 23-ին: Դրանից հետո ուշ երեկոյան Ռ. Քոչարյանը եւ Ալիեւը Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ մասնացել են համատեղ ընթրիքի:
Երեկ մինչեւ գագաթաժողովի սկսվելը, Ռ. Քոչարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դը Գուխտի, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջ. Քրուաչի, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պ. Սեմնեբիի հետ: Նմանատիպ հանդիպում էլ եղել է նաեւ Ադրբեջանի նախագահի հետ: Այնուհետեւ Բուխարեստի «Մարիոթ» հյուրանոցում շարունակվել է նախօրեին մեկնարկած Քոչարյան-Ալիեւ հանդիպումը: Սակայն երեկվա հանդիպումը, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, տեւել է 40 րոպե: Հյուրանոցից առաջինը դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանի հետ մեկնել է օդանավակայան: Քիչ անց Էլդար Մամեդյարովի հետ դուրս է եկել նաեւ Ալիեւը: Ակնհայտ է, որ կողմերն առանցքային հարցերի շուրջ հերթական անգամ համաձայնության չեն եկել: Թե այս անգամ կոնկրետ ի՞նչն է եղել այդքան շուտ բանակցություններն ավարտելու պատճառը, հայտնի չէ:
Հանդիպումից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեին նաեւ հայ քաղաքական գործիչները: Թեեւ վերջնական գնահատական տալու համար նրանք խորհուրդ էին տալիս սպասել բանակցությունների ավարտին, երբ հայտնի կդառնան դրանց արդյունքները:
Միակ մարդը, որ որոշակի ակնկալիքներ ուներ այդ հանդիպումից, ԱԺ նորաստեղծ «Գործարար» խմբի ղեկավար, ԵԽ ԽՎ Հայաստանյան պատվիրակության անդամ Գրիգոր Մարգարյանն էր: «Քոչարյանն ասաց, որ որեւէ լուրջ ակնկալիք չունի: Բայց մենք բոլորս էլ ակնկալիք ունենք, որ այդ հարցն ինչքան հնարավոր է պետք է շուտ լուծվի` հօգուտ հայ ժողովրդի: Ես` որպես ԵԽ ԽՎ անդամ, գտնում եմ, որ Ադրբեջանը պետք է գնա մեր առաջարկներին ընդառաջ: Իսկ մենք վերջապես գտնում ենք, որ այս հակամարտության կարգավորման հարցում պետք է գերակայի ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասում է Գ. Մարգարյանն՝ օրինակ բերելով Չեռնոգորիային: «Հայաստանի հայերն էլ են գտնում, որ ԼՂՀ հայերը պետք է անկախ լինեն: Սա է մեր տեսակետը: Դա հարմա՞ր է Ադրբեջանին, թե՞ ոչ, իրենց անձնական գործն է»,- ասում է նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ցանկանում է, որ մի շարք լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների կողմից «ուրվագծված բավական ապոկալիպտիկ սցենարներն իրականություն չդառնան»: «Բայց ակնկալիքներ չունեմ, քանի որ ԼՂՀ հակամարտության բնականոն լուծումը չի հանդուրժում ցանկացած իմպերատիվ մոտեցում, անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպության կամ որ գերտերության կողմից կհնչի»,- ասում է Աշոտյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ հակամարտության հիմնական լուծողները 3 պետությունների` ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդներն են: Բայց այս ժողովուրդների մոտ իշխող հասարակական տեսակետներն այս պարագայում իրարից շատ տարբեր են եւ «հույս չեն ներշնչում փոխզիջումային տարբերակի համար»: Ուստի, Ա. Աշոտյանի խոսքերով, տվյալ դեպքում լավագույն լուծումը ստատուս-քվոյի երկարաձգումն է: