Դոլար ենք նվաստացնում…

07/06/2006

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի խոսքերով, վերջին 2 տարվա ընթացքում դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ վկայում է մեր երկրի տնտեսությունն ամրապնդման մասին։ Պրն Ռոբինսոնը խոստովանել է, որ իրենք վախ ունեին, թե դրամի արժեւորման միտումները կարող են բացասաբար անդրադառնալ հայրենական արտադրության ապրանքների մրցունակության վրա։ «Սակայն մեր գնահատականներով, հայկական ապրանքները շարունակում են մնալ մրցունակ»,- ասել է նա։ Ռոբինսոնը չի կարծում, որ դոլարի արժեզրկումը կատարվում է արհեստական եղանակով։ Ընդհակառակը՝ ըստ նրա, Հայաստանի արժութային շուկան կարգավորվում է շուկայական մեխանիզմներով՝ առաջարկով եւ պահանջարկով։ Իսկ վերջին ամսվա ընթացքում արձանագրված փոխարժեքի անկման պատճառներից մեկը,

Ռ. Ռոբինսոնի կարծիքով, դոլարի արժեզրկումն է՝ մյուս արժույթների, օրինակ՝ եվրոյի եւ ֆունտ ստեռլինգի նկատմամբ։ Ռ. Ռոբինսոնից ետ չի մնացել նաեւ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանը, որը դոլարի արժեզրկումը պայմանավորել է երկնիշ տնտեսական աճով։ Վերջինիս կարծիքով, ներդրումների հաշվին մեր երկրում մեծ չափով դոլար է կուտակվել, ինչն էլ նվազեցնում է նրա փոխարժեքը։ Ի դեպ պրն Ներսիսյանցը չի նշել, թե դրամի արժեւորման երեւույթը որքան կշարունակվի։ Իսկ մեր կարծիքով, դա կշարունակվի այնքան, մինչեւ դոլարը կհասնի մի մակարդակի, երբ 2007թ. բյուջեի համար ԿԲ-ն կկանխատեսի մի փոխարժեք (ինչպես 2005-ին կանխատեսեց 420 դրամ), որի համաձայն` 2007թ. մեր բյուջեն կնախատեսվի գրեթե մեկուկես անգամ մեծ, քան 2006-ինը։ Իսկ 2007թ. ընտրություններից առաջ դրամով արտահայտված այդ «մեծ» բյուջեն եւ ուրվագծվող երկնիշ տնտեսական աճն իշխանությունները կօգտագործեն որպես իրենց փայլուն գործունեության ապացույց։ Ինչ վերաբերում է ՀԲ-ին, ապա վերջիններիցս խիստ գնահատականներ սպասել պետք էլ չի։ Վերջիվերջո, ՀՀ տնտեսական քաղաքականությունն ուղղորդողներից մեկն էլ հենց այս կառույցն է, եւ տնտեսական ոլորտի անհաջողությունների մասին խոսելը կնշանակեր խոստովանել նաեւ սեփական ձախողումների մասին։

Չենք կարող ասել` ՀԲ գնահատականները սխալ են։ Սակայն մյուս կողմից` այն, որ «չեյնջի» աշխատողներն առավոտյան արթնանում եւ միանգամից որոշում են դոլարի առքի գինն իջեցնել մի քանի դրամով, դժվար է տեղավորվում շուկայական մեխանիզմների տրամաբանության մեջ։

Բ. Թ.