Ճգնաժամ չի ստեղծվի

07/06/2006

«Եթե օբյեկտիվ պատճառներ լինեն, հնարավոր է, բայց դա էական ազդեցություն չի թողնի երկրի զարգացման եւ ԱԺ-կառավարություն հարաբերությունների վրա»,- երեկ հայտարարել է պարոն Մարգարյանը: Վարչապետը շատ վատ է գնահատել վերջին մի քանի օրերին ԱԺ-ում տեղի ունեցած «բանավեճերը», քանի որ, ըստ նրա, չի կարելի ԱԺ-ում բանավեճերն այդ մակարդակի իջեցնել եւ իրար վիրավորել: Ա. Մարգարյանը բացառել է այդ կարգի բանավեճերն իր ղեկավարած կառավարությունում:

Ընդհանրապես, այս օրերին քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում Բուխարեստում Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն է, քանի որ միջազգային կառույցների կարծիքով, այն ԼՂՀ բանակցային գործընթացի համար կարող է բեկումնային լինել: Սակայն, պարզվում է՝ Անդրանիկ Մարգարյանն էլ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից: «Մեծ ակնկալիքներ չկան: Ադրբեջանական կողմից եղած արձագանքներն ինձ չեն ներշնչում, թե մեծ առաջընթաց կլինի: Խնդրի լուծմանը հասնելը հավանական չեմ համարում, բայց հավանական եմ համարում, որ հետընթաց չի լինի»,- գտնում է վարչապետը: Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը կարող է հետեւել արհեստականորեն ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, երբ ստատուս-քվոն պահպանելու նպատակով Քոչարյանը կարող է ցրել ԱԺ-ն եւ նոր ընտրություններ անցկացնել, վարչապետը պատասխանեց. «Այդպես մտածողներին կարող եմ հիասթափեցնել. ներքաղաքական իրավիճակի լարվածություն չի լինելու»:

ՀՀԿ նախագահն այդպես էլ չի հստակեցրել, թե 2007թ. ընտրություններին որ ուժի հետ են իրենք մասնակցելու, եւ արդյոք ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելո՞ւ է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը. «Ժամանակը կգա, կիմանաք»: Ա. Մարգարյանի խոսքերով, ՀՀԿ համամասնական ցուցակը կուսակցության խորհուրդը կճշտի 2007թ. փետրվար-մարտ ամիսներին: Եվ միայն դրանից հետո պարզ կլինի` ՀՀԿ-ն մենա՞կ է գնում ընտրություններին, թե՞ դաշինքով: Բայց վարչապետի խոսքերով, «բոլոր ուժերն էլ պոտենցիալ դաշնակիցներ են»: Այսօր ՀՀ ներքաղաքական դաշտում բավական լուրջ բախում է հասունանում ՀՅԴ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ: Դաշնակցությունը գլխավոր դատախազին մեղադրում է կուսակցություններ ստեղծելու, եւ, ըստ այդմ, քաղաքական կյանքի վրա ազդելու մեջ: Վարչապետի խոսքերով, դա ոչ թե ներքաղաքական սկանդալ է, այլ ընդամենը մասնավոր դեպք՝ վստահեցնելով, որ իրենք կաշխատեն հարթել այդ հակասությունները: Վարչապետը համամիտ է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի այն հայտարարություններին, թե այսօր ՀՀ-ում կոռուպցիան բավական լուրջ ծավալներ ունի: Բայց զարմանալիորեն, այսօր ոչ մեկը գործնականում չի պայքարում կոռուպցիա կոչված այդ երեւույթի դեմ, եւ «Հակակոռուպցիոն ծրագիրը» զուտ թղթի կտոր է: «Եթե դուք ծանոթ եք մեր հակակոռուպցիոն ծրագրին, պետք է իմանաք, որ ինքներս էլ չենք թաքցնում, որ կոռուպցիա գոյություն ունի եւ՛ պետական ապարատում, եւ՛ տարբեր հատվածներում: Հրանտ Մարգարյանը նոր բան չի ասել: Ասել է այն, ինչ կառավարությունը հայտարարել է»,- ընդգծել է Ա. Մարգարյանը:

Ա. Գ.