Հատուկ գործողությունն իրականացվել է նրա համար, որպեսզի ստուգվի այն տեղեկատվությունը` իբր խոշոր չինովնիկները կաշառք են վերցնում` Հաշվարկային պալատի ստուգումների նյութերից որոշ փաստեր չներկայացնելու համար: Ձերբակալվել է նաեւ Չախմախչյանի փեսան՝ Արմեն Հովհաննիսյանը, ով աշխատում է Հաշվարկային պալատում: Չախմախչյանը, սակայն, օգտվելով պատգամավորական անձեռնմխելիությունից, որոշ ժամանակ անց ազատ է արձակվել: Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 3-ին Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը Կալմիկիայի Ազգային խուրալի նախագահին դիմում է ներկայացրել` Լ. Չախմախչյանի սենատորական իրավասությունները ժամկետից շուրջ դադարեցնելու եւ նրան «իմունիտետից» զրկելու մասին պահանջով: Օրենքով Դաշնության խորհրդի նախագահը պարտավոր չէ հիմնավորել իր դիմումը: Ավելի վաղ, մայիսի 12-ին Միրոնովը նման քայլի էր դիմել եւս 4 սենատորի նկատմամբ, որոնցից մեկը եւս հայ է` Արկադի Սարգսյանը: «Lenta.ru»-ի փոխանցմամբ, «Տրանսաերո» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պլեշակովը Չախմախչյանին հրավիրել է իր աշխատավայր՝ քննարկելու ասոցիացիայի հետ «Տրանսաերոյի» համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, նրանք պետք է խոսեին Հայաստանում այդ ընկերության կողմից գովազդային արշավ սկսելու մասին: Չախմախչյանի հետ այդ հանդիպմանը գնացել է նաեւ Առուշանովը: Հանդիպման ընթացքում Պլեշակովը եւ Չախմախչյանը հուշանվերներ են փոխանակել: Նույն աղբյուրի հավաստմամբ, խոսակցության ընթացքում Պլեշակովն ակնարկել է Հաշվարկային պալատի կողմից վերջերս «Տրանսաերոյում» իրականացված ստուգումների մասին: Նրա կարծիքով, դրանցում ոչ օբյեկտիվ տվյալներ են եղել, եւ նա Չախմախչյանին խնդրել է օժանդակել իր ընկերությանը. չէ՞ որ նրա փեսան ինչ-որ բան կարող էր անել: Խոսակցության ավարտին Պլեշակովը սեղանի տակից ճամպրուկ է հանել եւ տվել է Առուշանովին: Իր խոսքերով, Չախմախչյանն այդ ճամպրուկին չի դիպչել եւ չի էլ իմացել դրա պարունակության մասին: Նա ենթադրել է, որ դրանում վերոնշյալ հուշանվերներից մեկն է: Չախմախչյանի հավաստմամբ, նա նույնիսկ չի տեսել, թե ինչպես է Առուշանովն այն վերցրել: Իսկ երբ դուրս է եկել Պլեշակովի ընդունարանից, նրան սպասելիս են եղել Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները: Չախմախչյանի խոսքերով, նրանք շատ կոպիտ են վարվել իր հետ, ինչ-որ արտահայտություններ են արել իր ազգային պատկանելության վերաբերյալ: Չախմախչյանը մատնացույց է արել իր պատգամավորական անձեռնմխելիությունը, իսկ ԱԴԾ աշխատակիցներն ասել են, որ նա այդ վկայականը «գնել է շուկայում»: Իսկ ճամպրուկում, որն, այնուամենայնիվ, Առուշանովը վերցրել էր, եղել է 300.000 ԱՄՆ դոլար (10 հազարական դոլարների 30 կապոց): Ավելի ուշ, ՌԴ Գլխավոր դատախազությունում հայտնել են, թե դա կաշառքի ընդամենը մի մասն է, ընդհանուր գումարը պետք է լիներ 1,5 մլն դոլար: Ձերբակալվելուց 2,5 ժամ հետո Չախմախչյանն ազատ է արձակվել եւ հասցրել է մասնակցել Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի ժողովին, որի ժամանակ նրան ընտրել են այդ կազմակերպության նախագահ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Չախմախչյանի փեսային եւ Առուշանովին Գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացնելու ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով (խմբով կամ առանձնահատուկ խոշոր չափերով կազմակերպված խարդախություն):
Իսկ Չախմախչյանը հերքել է կաշառակերության մեջ իրեն ներկայացվող մեղադրանքները: «Դա պրովոկացիա է, որ կազմակերպվել է «Տրանսաերոյի» նախագահի կողմից»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է սենատորը: Նա նաեւ ասել է, որ իր փեսայի ձերբակալությունն այդ պրովոկացիայի մի մասն է: Սակայն Չախմախչյանը չի մանրամասնել, թե ինչը կարող էր Պլեշակովի կողմից պրովոկացիայի պատճառ հանդիսանալ: Հունիսի 5-ին Հաշվարկային պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը հաստատել է, որ հենց ինքն է նախաձեռնել իր ղեկավարած գերատեսչությունում կոռուպցիայի դեմ պայքարը: Իսկ Մոսկվայում, ըստ «Lenta.ru»-ի, արդեն խոսում են այն մասին, որ Չախմախչյանի վրա հարձակումն, ըստ էության, հարձակում է Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի վրա, քանզի այս երկուսը բարեկամական հարաբերությունների մեջ են: 2002թ. Չախմախչյանը, հակառակվելով Կրեմլին, պաշտպանել է Իլյումժինովի թեկնածությունը, իսկ 2004թ. վերջինս փոխհատուցել է՝ նպաստելով նրան, որ Չախմախչյանը դառնա սենատոր: Նույն կայքը տեսակետ է հայտնում, որ սա հենց այն խոշոր հակակոռուպցիոն արշավն է, որ մեկ ամիս առաջ Պուտինը խոստացել էր իրականացնել: Հետաքրքիրն այն է, որ այս արշավը սկսվեց ՌԴ գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովի օրոք, ով խոստացել էր բացահայտել կոռուպցիայի ավելի սկանդալային դեպքեր, սակայն հունիսի 2-ին հենց ինքն ազատվեց աշխատանքից: Արդեն 3 օր է, ինչ ռուսական լրատվամիջոցները Չախմախչյանի ձերբակալությունը ներկայացնում են՝ որպես միանշանակ կոռուպցիայի դրսեւորում:
Հիշեցնենք, որ Լեւոն Չախմախչյանը հերթական զոհն էր, ով ժամանակին «պռախոդ» ուներ Պուտինի մոտ: Հիշեցնենք նաեւ, որ Ռուսաստանի մեծահարուստ Լ. Չախմախչյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է եւ 2003թ. նախագահական ընտրություններին ժամանել էր Հայաստան:
Հ.Գ. Ի դեպ, դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի այս պատմությունը, եւ թե իրականում ով է ճիշտ՝ Լ. Չախմախչյա՞նը, ով պնդում է, որ իր նկատմամբ ԱԴԾ աշխատակիցները շատ կոպիտ են վարվել եւ վատ արտահայտություններ են արել իր ազգային պատկանելության վերաբերյալ, թե՞ այն, ինչ փոխանցում են լրատվամիջոցները: Սակայն մեկ բան ակնհայտ է. այս միջադեպը համընկավ ճիշտ այն դեպքերի հետ, երբ ՌԴ-ում հայերի սպանված դիակներ են հայտնաբերվում: Արդյոք սա զուգադիպությո՞ւն է, թե՞…
Սեփ.լր.