Սերգոյի ճակատագիրը

07/06/2006

ՀՀ կրթության ու գիտության նախկին նախարար, ՕԵԿ նախկին փոխնախագահ Սերգո Երիցյանին աշխատանքից ազատելուց հետո խոստացել էին նշանակել ՀՀ նախագահի խորհրդական: Ու թեեւ Երիցյանի պաշտոնանկությունից արդեն 20 օր է անցել, սակայն խոստացված պաշտոնը նրան չեն տվել: Ի պատասխան «Ինչո՞ւ քցեցիք Սերգո Երիցյանին» հարցին` երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Ո՞վ է ասում` քցեցինք: Ես նրան ոչ մի բան էլ խոսք չեմ տվել»: Ի պատասխան հիշեցման, թե Երիցյանին խոստացել էին նախագահի խորհրդականի պաշտոնը, Ա. Մարգարյանը նկատեց. «Դե, եթե խոսք են տվել` ուրեմն կանեն: Նախագահն այստեղ չէ, հենց եկավ` ես կհարցնեմ»: Ի դեպ, վարչապետը մի քանի անգամ գովեստի խոսքեր էր շռայլել ՀՀ մշակույթի նախկին նախարար Գեւորգ Գեւորգյանի հասցեին: Բայց պաշտոնավարման 100-րդ օրը նրան ազատեցին աշխատանքից: «Դա քաղաքական պայմանավորվածությունների հետեւանք էր եւ կախված չէր նախարարի աշխատանքից: Մենք կփորձենք Գ. Գեւորգյանի ներուժն ուրիշ տեղ օգտագործել»,- վստահեցրեց նա: Իսկ մշակույթի նոր նախարարին նա առայժմ չի շտապում որեւէ գնահատական տալ. «Նոր նախարարը դեռ նոր է աշխատում»: