Միգուցե օլիմպիադային մասնակցող 150 երկրների բնակչության մեծամասնությունն առաջին անգամ լսեց «Հայաստանի Հանրապետություն» անունը, եւ միգուցե շատերն իրենք իրենց հարց տվեցին՝ ովքե՞ր են հայերը, ինչպե՞ս կարողացան շրջանցել շախմատային այնպիսի գերտերությունների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Հոլանդիան, ԱՄՆ-ը…
Սակայն շախմատային անցուդարձին հետեւող ոչ մեկի համար մեր հաջողությունն անակնկալ չէր։ Բավական է նշել, որ մասնակից երկրների թվում Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր վարկանիշով 3-րդն էր։ Առաջինը Ռուսաստանի հզոր հավաքականն էր, երկրորդը՝ Հնդկաստանի՝ Վիշվանաթան Անանդի գլխավորությամբ։
Հայկական շախմատը միշտ էլ եղել է բարձրության վրա։ Ունեցել ենք աշխարհի չեմպիոն՝ Տիգրան Պետրոսյան։ Ունեցել ենք պատանիների աշխարհի չեմպիոն, տարբեր հեղինակավոր մրցաշարերի հաղթողներ։ Անցյալ տարի ունեցանք նաեւ աշխարհի գավաթակիր՝ Լեւոն Արոնյանը։ Սակայն թիմային պայքարում այսպիսի հաջողություն հայկական շախմատը դեռ չէր ունեցել։ Օլիմպիադայում բրոնզ ունեցել էինք, Եվրոպայի չեմպիոն դարձել էինք, սակայն Օլիմպիական ոսկին դեռ իր տեղը չէր գրավել այս հավաքածուում։
Ընդունված կարծիք է, որ հայերն իրենց լավ են դրսեւորում անհատական մարզաձեւերում (բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանր ատլետիկա եւ այլն), իսկ թիմային պայքարում թույլ են։ Շատերն այդկերպ են բացատրում նաեւ մեր ֆուտբոլային թիմերի անհաջող ելույթները։ Ու թեեւ շախմատը անհատական մարզաձեւ է, յուրաքանչյուրը հույսը դնում է միայն իր ուժերի եւ կարողությունների վրա, սակայն թիմային ոգին այստեղ նույնպես շատ կարեւոր է։ Շախմատիստի խաղի վրա կարող է ազդել թիմի մթնոլորտը, իսկ շախմատում այդ մթնոլորտը կայուն պահելը բավական դժվար է։ Օրինակ, կարող է լարվածություն ստեղծվել թիմի կազմը որոշելու պատճառով, երբ անվանի շախմատիստները տեղ չեն գտնում խաղատախտակի առաջ։
Առանձին շախմատիստների բարձր կարգը միայն բավարար չէ։ Որպես ասվածի ապացույց` կարելի է դիտարկել Ռուսաստանի հավաքականը։ 6 շախմատիստներից 5-ն անհատական վարկանիշներով գերազանցում են «սուպերգրոսմայստերական» ցուցանիշը՝ 2700-ը։ Կրամնիկ, Սվիդլեր, Գրիշչուկ, Մորոզեւիչ, Բարեեւ, Ռուբլովսկի. այս ահեղ կազմը բավարարվեց ընդամենը 6-րդ տեղով, ինչը ռուսները խայտառակ ձախողում են համարում եւ գլխավոր պատճառը տեսնում են թիմային ոգու բացակայության մեջ։
Վերադառնանք մեր տղաներին։ Նախեւառաջ հարկ է նշել, որ Հայաստանն այս օլիմպիադային ներկայացել էր մարտական կազմով։ Գլխավոր մարզիչ Տիգրան Նալբանդյանին օգնելու համար Հունգարիայից հրավիրվել էր Պետեր Լեկոյի մարզիչը՝ Արշակ Պետրոսյանը։ Ի դեպ, վերջինս դեռ Հունգարիայից զանգահարել էր եւ տեղեկացրել՝ երազում տեսել է, որ մերոնք չեմպիոն են։ Այս մասին «Սպորտ-Էքսպրեսին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։
Մեր հավաքականը մի կարեւոր բանով եւս աչքի է ընկնում՝ իր թարմ կազմով։ Մեր շախմատային լեգենդներից մեկը՝ Ռաֆայել Վահանյանն արդեն հանդես չի գալիս հավաքականի կազմում։ Մեր անվանի շախմատիստներից Սմբատ Լպուտյանը մասնակցեց միայն առաջին հանդիպումներին։ Ու չնայած փայլուն խաղին (3 խաղում` 2,5 միավոր), նա եւ Հայաստանի բազմակի չեմպիոն Արտաշես Մինասյանն իրենց տեղը զիջեցին երիտասարդներին։ Իսկ վերջիններս իրենց լիովին արդարացրին։ 5-րդ տուրից սկսած՝ մեր հավաքականը հանդես եկավ հետեւյալ կազմով, որը մինչեւ վերջ չփոխվեց՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Գաբրիել Սարգսյան։ Սա նշանակում է, որ հաջող սերնդափոխությունը մեր հավաքականում արդեն կարելի է կայացած համարել։
Իսկ Գաբրիել Սարգսյանն ընդհանրապես դարձավ օլիմպիադայի հերոսը։ Նա մասնակցեց բոլոր 13 հանդիպումներին եւ վաստակեց բոլորից շատ՝ 10 միավոր։ Բարձր արդյունավետությամբ հանդես եկավ նաեւ Վ. Հակոբյանը՝ 12 խաղում 9 միավոր։ Մեր շախմատիստները եւս մի ռեկորդ սահմանեցին՝ ընդհանուր 52 անհատական հանդիպումներում կրելով ընդամենը 2 պարտություն, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Առաջին պարտությունն ընդհանրապես կարելի է թյուրիմացություն համարել։ Առաջին տուրում առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Կարեն Ասրյանը սպիտակներով անակնկալ պարտություն կրեց վենեսուելացի Ռաֆայել Պրասկայից, որը գրոսմայստեր չէ։ Սակայն սա չազդեց Ասրյանի մարտական ոգու վրա, հաջորդ տուրերում նա կայուն խաղ ցուցադրեց։ Իսկ 11-րդ տուրում մինչ այդ անպարտելի Չեխիայի հետ խաղում պարտության մատնեց Բաբուլա Վլաստիմիլին եւ կարեւոր միավոր ապահովեց մեր թիմի համար։ Հենց 11-րդ տուրից հետո Հայաստանն ամրապնդեց իր դիրքերը եւ գործնականում անհասանելի դարձավ մյուս թիմերի համար։ Մյուս պարտությունը կրեց մեր ուժեղագույն գրոսմայստերը՝ Լեւոն Արոնյանը, սակայն դա ամոթալի պարտություն չէր։ Մրցակիցը Վ. Կրամնիկն էր, որը չեմպիոնական տիտղոսից զրկել էր Գարրի Կասպարովին։
Վերջին՝ 13-րդ տուրից առաջ մեր տղաները 2,5 միավորով գերազանցում էին երկրորդ տեղում ընթացող Չինաստանի հավաքականին։ Ոչ-ոքին լիովին բավական էր. անգամ Հոլանդիային 4-0 հաշվով հաղթելու դեպքում չինացիները չէին կարող հասնել մերոնց։
Շախմատում այսպիսի դեպքերում գործում է «վերջին տուրի կանոնը», այն է՝ ավելորդ ռիսկի չդիմել։ Մերոնք այդպես էլ արեցին եւ մոտ 10 րոպե տեւած պայքարից հետո խաղաղ դաշն կնքեցին հունգարացիների հետ։ Անկախ մյուս խաղերի արդյունքից՝ մեր հավաքականն արդեն չեմպիոն էր՝ 36 միավորով։ Չինաստանը վերջին տուրում 2,5-1,5 հաշվով հաղթեց Հոլանդիային եւ 34 միավորով արժանացավ արծաթե մեդալի։ Բրոնզը բաժին հասավ ԱՄՆ-ի հավաքականին, որը 3,5-0,5 հաշվով ջախջախեց Նորվեգիային։ Իսկ ռուսները անփառունակ ձեւով ավարտեցին Օլիմպիադան՝ 3-1 հաշվով պարտություն կրելով Իսրայելից։ Անգամ ոչ-ոքի խաղալու դեպքում Ռուսաստանի հավաքականը կունենար ԱՄՆ-ի հետ հավասար՝ 33 միավոր եւ ավելի բարձր վարկանիշի շնորհիվ կարժանանար բրոնզե մեդալի։ Սակայն չստացվեց։ Ռուսների համար ցավելով հանդերձ՝ ավելի լավ է ուրախանանք մեր հավաքականի փայլուն հաջողությամբ, որը 13 տուրում տարավ 10 հաղթանակ, 2 տուր ավարտեց ոչ-ոքի եւ չկրեց ոչ մի պարտություն։ Ստորեւ ներկայացնում ենք մեր հավաքականի բոլոր հանդիպումները։
1. Հայաստան – Վենեսուելա՝ 3 – 1
2. Նիգերիա – Հայաստան՝ 0,5 – 3,5
3. Հայաստան – Դանիա՝ 3 – 1
4. Հայաստան – Նորվեգիա՝ 4 – 0
5. Ռուսաստան – Հայաստան՝ 2 – 2
6. Հայաստան – Ուզբեկստան՝ 2,5 – 1,5
7. Հոլանդիա – Հայաստան՝ 1 – 3
8. Կուբա – Հայաստան՝ 1 – 3
9. Ուկրաինա – Հայաստան՝ 1,5 – 2,5
10.Հայաստան – Չինաստան՝ 2,5 – 1,5
11. Հայաստան -Չեխիա՝ 3 -1
12. Ֆրանսիա – Հայաստան՝ 2 – 2
13. Հայաստան – Հունգարիա՝ 2 – 2
Վերջում եւս մեկ անգամ հիշենք մեր հերոսների անունները, ում շնորհիվ ամբողջ աշխարհի հայերը հպարտության անմոռանալի րոպեներ են ապրում՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան։
Շնորհակալություն…