Արգելք չի՞ լինի

07/06/2006

Ռուսաստանը հակառուսական դրսեւորումների համար Վրաստանին անընդհատ պատժում է: Եվ այդ նպատակով, ինչքան հնարավոր է, օգտագործում է Հայաստանին: Մարտի 21-ին Ռուսաստանի Անասնաբուժության եւ ֆիտոսանիտարական ծառայության պետի հրամանով արգելվել էր բուսական ծագում ունեցող մթերքների ներմուծումը Վրաստանի տարածքով՝ պատճառաբանությամբ, թե իբր կեղծ սերտիֆիկատներ են հայտնաբերել, որոնցով փորձել են բուսական ծագում ունեցող անհայտ ծագման ապրանքները Հայաստանի բուսական ծագում ունեցող մթերքի անվան տակ անցկացնել ՌԴ: Մինչ այդ՝ անցած տարվա նոյեմբերին էլ արգելվել էր վրացական գյուղատնտեսական արտադրանքը ներմուծել ՌԴ: Վրաստանի մամուլում տեղեկատվություն եղավ, թե կեղծ սերտիֆիկատների մասին Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությանը տեղեկացրել է Հայաստանի գյուղնախարարությունը: Վրաստանի համապատասխան պաշտոնյաները հերքում են այդ տեղեկատվությունը եւ ավելացնում, որ 1 տարի է, ինչ իրենց ֆիտոսանիտարական ծառայությունը չի գործում, ուրեմն իրենք չէին կարող հայերին սերտիֆիկատներ տրամադրել: Այս արգելքը զգալի վնաս կհասցնի Վրաստանի գյուղատնտեսությանը: Պարզ է, որ Հայաստանը դեպի Ռուսաստան ելք ունի միայն Վրաստանի տարածքով ու արգելքը վերաբերում է նաեւ մեր գյուղմթերքին: Եթե մերոնք այս տարի չկարողանան գյուղատնտեսական ապրանք արտահանել Ռուսաստան, մեր գյուղատնտեսությունն էլ մեծ վնասներ կստանա: Մերոնք հավատացնում են, որ ամեն ինչ արել են, որ արգելքը հայկական արտադրանքին չվերաբերի: Մայիսի 31-ին, գյուղնախարար Դավիթ Լոքյանի հանձնարարությամբ, Բույսերի կարանտինային ծառայության եւ երկրագործության պետական տեսչության պետ Մեխակ Ղազարյանը մեկնել է Ռուսաստան, բանակցել է տեղի իր գործընկերների հետ, համաձայնություն է ձեռք բերել, որ հայկական գյուղմթերքն անարգել արտահանվի Հայաստան: Անցած տարի արտահանողները դժգոհում էին, որ ռուսական Վերին Լարս անցակետում արհեստական դժվարություններ են ստեղծում մեր ապրանքների ներմուծման համար: Մինչդեռ Վրաստանն այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ իր տարածքով մեր բեռներն անարգել հասնում էին Ռուսաստանի սահման: Մ.Ղազարյանը հավատացնում է, որ այս տարի ռուսական կողմից ոչ մի արգելք չի լինի, միայն ներկրողները նախօրոք պետք է տեղեկացնեն իրենց բեռի մասին եւ Հայաստանից ունենան համապատասխան սերտիֆիկատ: Սպասվում է, որ այս տարի Ռուսաստան կարտահանվի 6-7 հազար տոննա ծիրան` անցած տարվա 8-9 հազարի փոխարեն: Մինչեւ հիմա արտահանվել է մոտ 22 000 տոննա կեռաս, բայց ինքնաթիռով:

Ա.Ա.