Էլի ասեցին՝ ապակառուցողական

07/06/2006

Մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի Բուխարեստ մեկնելուց առաջ արած հայտարարությունը, թե ինքը համեստ սպասելիքներով է մեկնում բանակցությունների, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե դա վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: «Տարօրինակ է, որ Քոչարյանը նման հայտարարություններ է անում Բուխարեստում նախագահների հանդիպման նախօրեին: Մի կողմից` նա համաձայնել է այդ հանդիպմանը, մյուս կողմից` կանխագուշակում է դրա անարդյունավետությունը: Կարծում եմ, որ դրանով Քոչարյանը ցանկանում է ապահովագրել իրեն»,- ասել է նա՝ ավելացնելով, թե միջազգային միջնորդները հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված փորձեր են ձեռնարկում, սակայն Հայաստանի ղեկավարության նման վարքագիծը վկայում է, որ հայերը մտադիր են շարունակել բանակցությունների եւ պայմանավորվածությունների խափանման իրենց «ապակառուցողական գիծը»: