«Արհեստականորեն ապրում եմ»,- ասում է հիվանդ Եղիշ Ղազարյանը

07/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Արմենիա» բժշկական կենտրոնի Հեմոդիալիզի բաժանմունքի վերջին հիվանդասենյակում հանգրվանած 47-ամյա տղամարդը դռան թակոցին չի արձագանքում: Հիվանդասենյակի դռան բացվելն անգամ նրան չի շեղում, որովհետեւ մտքերով հասել է չգիտես ուր: Եղիշ Ղազարյանն է, ով երիկամների հիվանդության պատճառով մաշվել, մի բուռ է դարձել, իսկ մաշկի գույնը նույնքան դեղին է, որքան հիվանդասենյակի խունացած պատերն են: «Համարյա 20 կգ ջուր են քաշում, արհեստականորեն ապրում եմ էլի»,- ասում է նա, ով արդեն 1 ամիս է, ինչ հիվանդանոցում է: 6-7 ամիս առաջ բժիշկներն անսպասելիորեն Եղիշի մոտ հայտնաբերել են երիկամների խրոնիկ անբավարարություն հիվանդությունը, որին դիմակայելու համար մեծ խնամք եւ սիստեմատիկ բուժում է անհրաժեշտ: Հակառակ դեպքում հիվանդը չի կարող ապրել: Եղիշը կախված է նաեւ «Ալբումին» դեղամիջոցից, քանի որ միայն դրա օգտագործմամբ է մի քիչ ցավերից ձերբազատվում: Այս դեղորայքն արժե 19.700 դրամ, որը նման հիվանդության դեպքում օրվա մեջ հաճախ երկու անգամ է օգտագործվում: «Պայքարում էի էս սոցիալական ծանր պայմանների դեմ, առավոտից իրիկուն աշխատելով հազիվ երեխաներիս կարողանում էի կերակրել, հիմա ի՞նչ պիտի լինի»,- հազիվ կարողանում է կցկտուր բառեր արտաբերելով խոսել՝ իր ընտանիքի հեռանկարը չտեսնելու պատճառով այլայլված Եղիշը: Կինը մի քանի տարի առաջ քաղցկեղից մահացել է` երկու երեխաների խնամքը թողնելով Եղիշի վրա: Նրա երկու երեխաներից 20-ամյա աղջիկը՝ Մարինեն չի կարող աշխատել` հորը խնամելու պատճառով, իսկ որդին՝ Արսենը զինվորական ծառայությունն է անցկացնում Փարաքարում գտնվող հատուկ նշանակության ջոկատում: Մեր այցելության ժամանակ 2 օրով արձակուրդ եկած Արսենը շփոթահար վիճակում եկել էր հորը տեսնելու: «Չգիտեմ` ի՞նչ պիտի անենք, էս ի՞նչ բան է, ես պիտի վերադառնամ զորամաս, չգիտեմ` հորս ո՞նց թողնեմ, ո՞ւմ հույսին թողնեմ»,- հուզմունքից այս ու այն կողմ գնալով` ասում է Արսենը, ով այնքան խուճապահար է, որ չգիտի, թե ինչպես ներկայացնի իր ընտանիքի անելանելի վիճակը: «Շատ վատ եմ, ոսկորներս ցավում են, էս ի՜նչ դժբախտություն է…»,- ասում է Եղիշը, ով մասնագիտությամբ վարորդ է, երկար տարիներ աշխատել է Կենտկոմում, իսկ ներկայումս ոչնչի ընդունակ չէ իր վիճակը բարելավելու համար: Ասում է՝ «Անկախությունից հետո վիճակներս շատ վատացավ, մի կերպ ապրում էինք: Հետո էլ կինս մահացավ, միայնակ երկու երեխա էի պահում: Հիմա թե ի՞նչ պիտի լինի մեր հետ, չգիտեմ: Հիմա ոչինչ չգիտեմ»: Եղիշի մեջ մի տեսակ կյանքը մարել է, քանի որ չի հավատում իր հետագա կյանքին: Նրա կյանքը երկարացնելու համար գումար է պետք, որովհետեւ մեծ նշանակություն ունի հատուկ սննդակարգով սնվելն ու դեղորայքը: «Երեխեքս ինձ պարտքով յոլա են տանում, էլ մարդ չի մնացել, որ պարտք չլինենք»,- ասում է Եղիշը, ով չի նշում, թե մասնավորապես՝ ում, բայց ինչ-որ մարդկանց խնդրել է, որ գումարով իրեն օգնեն: Ասում է, որ մեծահարուստներին խնդրել է իր կյանքը երկարացնելու համար հովանավորել, սակայն դեռ ոչ ոք չի արձագանքել: Այս խոսքերն ասելիս` նա ճնշվում, կծկվում է, ինչից հասկանում ես, որ սա այն մարդը չէ, որը կարող է օգնություն խնդրել, որովհետեւ հպարտությունը թույլ չի տալիս: Հարցերին կարճ ու կոնկրետ է պատասխանում՝ ասելով, թե խոսելն անգամ իրենից մեծ էներգիա է պահանջում, սակայն ակնհայտ է, որ նրա համար ոչ այնքան խոսելն է դժվար, որքան իր անօգնական վիճակը: Նա այնքան կաշկանդված է իր վիճակից, որ ուզում է րոպե առաջ մենակ մնալ:

Դիալիզի կենտրոնները գերծանրաբեռնված են

Հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հավաստմամբ՝ դիալիզով հիվանդները մշտապես խնամքի կարիք են զգում, գտնվում են բժշկի հսկողության տակ եւ պարտադիր կերպով սնվում են բժշկի կողմից նշանակված հատուկ սննդակարգով: Վերջինիս տվյալներով՝ երիկամների անբավարարությունն առաջանում է կամ որպես երիկամային հիվանդությունների զարգացող, անխուսափելի ընթացք, կամ կարող է առաջանալ որպես ընդհանուր օրգանիզմի հիվանդությունների՝ սիստեմային, երեւանյան պարբերական, շաքարային դիաբետ հիվանդությունների հետեւանքով: Բաժանմունքի վարիչը Եղիշի վիճակը համարում է կոմպենսացված, քանի որ գտնվում է խրոնիկական հեմոդիալիզային բուժման մեջ եւ օր ու մեջ պետք է ստանա 4 ժամանոց դիալիզի պրոցեդուրա: «Բնականաբար աշխարհի լավագույն դիալիզն ընդամենը 10%-ն է կատարում երիկամի ֆունկցիա, բայց այդ 10%-ը բավարարում է, որպեսզի կյանքի հետ անհամատեղելի երեւույթներ օրգանիզմում չառաջանան: Բուժումն այսպես է՝ կամ պետք է դոնոր գտնվի եւ փոխպատվաստվի, կամ պետք է ստանա հեմոդիալիզ»,- նշում է բժիշկը: Դիալիզով հիվանդների տենդենցը նա բացատրում է այդ հիվանդներին հայտնաբերելու հանգամանքով: Վերջինիս կարծիքով՝ այլ հիվանդությունների աճ է առաջացել, ինչի հետեւանքով էլ հայտնաբերվում են երիկամային հիվանդությունները: Հիվանդը չի մահանում այլ պրոբլեմներից, ապրում է ավելի երկար եւ գալիս-հասնում է երիկամային տերմինալ անբավարարության: Ըստ նրա, Հայաստանում բավականին զարգացած է դիալիզային ծառայությունն, ինչի արդյունքում խիստ նվազել են դիալիզի մահացությունները: «Քանի որ եղած հիվանդները չեն մահանում, երկար տարիներ դիալիզ են ստանում, հետեւաբար հայտնաբերվում եւ ընդունվում է նորը, ինչի պատճառով էլ օրինակ՝ այս պահին Երեւանում գտնվող բոլոր կենտրոնները գերծանրաբեռնված վիճակում են գտնվում: Այնքան ծանրաբեռնված են, որ անհնարին, կատաստրոֆիկ իրավիճակի առաջ ենք կանգնում»,- վստահեցում է բժիշկը՝ ասելով, որ երիկամային խրոնիկական անբավարարությունը չի բուժվում, դիալիզ ստանալով ընդամենը հիվանդի կյանքն է պահպանվում: Իսկ կյանքը պահպանելու համար նաեւ մեծ նշանակություն ունի սպիտակուցներով հարուստ սնունդը: Յուրաքանչյուր դիալիզն, ըստ բժշկի, օրգանիզմի համար չափազանց մեծ էներգիայի կորուստ է, ինչի համար պետք է լիարժեք սնվել: Հիվանդությունը շատ տարածված է Հայաստանի հարավային շրջանում, քանի որ ի վիճակի չեն շրջաններից գալ եւ Երեւանում դիալիզային ծառայություններից օգտվել: «Մենք Բաղրամյանի շրջանից հիվանդ ունեինք, որն ասաց՝ ես չեմ կարող օր ու մեջ կնոջս բերել դիալիզի, որովհետեւ հնարավորություն չունեմ: Տարավ տուն՝ իմանալով, որ կինը մահանալու է»,- ասում է Ռ. Բաղդասարյանը՝ վստահեցնելով, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի Հեմոդիալիզի բաժանմունքի բոլոր հիվանդները բուժվում են պետպատվերով: Ինչ վերաբերում է Եղիշ Ղազարյանին, ապա Ռ. Բաղդասարյանի մեկնաբանությամբ՝ նրա հետագա կյանքը կախված է երկու խնդրից՝ առողջապահական եւ սոցիալական: Նրա համոզմամբ՝ առաջին խնդիրը լուծվում է պատշաճ կերպով, իսկ երկրորդն ամենեւին բժիշկներից կախված չէ: