Չնայած այն բանին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կատեգորիկ կերպով բացառեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետությունների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հնարավորությունը, այդ տարածքների իշխանությունները դե ֆակտո հույսները չեն կտրում այդ մտքից: Մասնավորապես, Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտան մտադիր է գործել ՌԴ-ի Սահմանադրական դատարանի միջոցով: Նա փաստորեն վերակենդանացրել է մեկուկես տարվա վաղեմության միտքը, սակայն այն ժամանակ ՍԴ-ն հայտարարեց, որ իրավունք չունի քննության առնելու նման կարգի դիմումները: Հիմա, չնայած Պուտինի հայտարարությանը, իրավիճակը մի փոքր այլ է:
Նախ՝ ռուս-վրացական հարաբերությունները լրիվ փչացել են: Երկրորդ՝ Ռուսաստանի իշխանության տարբեր ճյուղերում ավելի շուտ դրական են վերաբերվում Կոկոյտայի բարձրաձայնած առաջարկությանը: Դրա ապացույց կարող է ծառայել ՌԴ Արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Կամինինի արած հայտարարությունը, որ կրակին յուղ ավելացրեց. «Վրաստանի միասնականությունն ավելի շուտ հնարավոր իրավիճակ է, քան առկա քաղաքական-իրավական իրականություն, եւ դա կարելի է ստեղծել միայն բարդ բանակցությունների արդյունքում, երբ հարավօսական ելակետային դիրքորոշումը, ինչպես հասկանում ենք, հիմնվում է միջազգային հանրության կողմից ոչ պակաս ընդունելի սկզբունքի՝ ինքնորոշման իրավունքի վրա»:
Հայտարարության երկիմաստությունը հարավօսական իշխանություններին լրացուցիչ խթան տվեց, եւ Կոկոյտան հայտարարեց, որ Ցխինվալիում ավարտին է մոտենում փաստաթղթերի հավաքումը, որոնք ապացուցելու են, որ Հարավային Օսեթիան Հյուսիսային Օսեթիայի հետ մեկտեղ է մտել Ռուսական կայսրության կազմի մեջ՝ իբրեւ մի ամբողջություն, սակայն երբեք դուրս չի եկել Ռուսաստանի կազմից: «Կան Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը, սակայն գոյություն չունի գեթ մի փաստաթուղթ, էլ չենք ասում օրենքի ուժ ունեցող օրենսդրական ակտերի մասին, կազմից դուրս գալու մասին»,- հայտարարեց նա: Հնչեց նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Վրաստանը մինչեւ ատամները զինվել է եւ մտադիր է ռազմական ուժ գործադրել տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: «Նորմալ երկրին նորմալ պայմաններում այդ քանակի սպառազինություն ուղղակի հարկավոր չէ: Եզրակացություններն ինքնաբերաբար են արվում: Սակայն մենք դիմադրելու ենք Հարավային Կովկասում պատերազմ հրահրելուն»,- հայտարարեց Լավրովը:
Վրաստանի իշխանություններն իրենց հերթին անմիջապես Ռուսաստանին մեղադրեցին Ցխինվալիի շրջանում խաղաղարար գործողությունների խոչընդոտման մեջ: «Զինծառայողները տարածաշրջան են գալիս մեր կողմից չվերահսկվող Ռոկիի թունելով: Այնտեղ խաղաղապահ ուժերի ռոտացիա չի կատարվում, այլ տեղի է ունենում կենդանի ուժի եւ տեխնիկայի կուտակում»,- հայտարարում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը: Թբիլիսիի «Ալիա» թերթի տեղեկություններով՝ հակամարտության գոտի են նետվել նաեւ մոտ 1000 մարտիկներ Ադիգեյից:
Վրաստանի վերին քաղաքական ղեկավարությունը դեռեւս լռություն է պահպանում: Իրավիճակը համաձայնեց մեկնաբանել միայն Գեորգի Խաինդրավան՝ հակամարտությունների կարգավորման հարցերի նախարարը: «Հյուսիսային եւ Հարավային Օսեթիաների միասնականության մասին փաստաթղթեր գոյություն ունենալ ուղղակի չեն կարող: Կրկնում եմ հերթական անգամ, Հարավային Օսեթիան խորհրդային օկուպացիոն ռեժիմի ծնունդն է, եւ Ռուսաստանը, իբրեւ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, ակնհայտորեն շարունակում է ԽՍՀՄ-ի քաղաքականությունը: Անկախության հանրաքվեն, որ կարող են եւ ցանկանում են անցկացնել Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները, չի կարող օրինական լինել, եւ դրա արդյունքները միջազգային հանրությունը չի ընդունի: Մոնոէթնիկ հանրաքվեները եւ դրանց արդյունքները երեւում է՝ միայն մի երկիր կարող է եւ պատրաստ է ընդունել՝ Ռուսաստանը: Վրացական տարածքների նկատմամբ բալկանյան մոդելը (օրինակ՝ Սերբիայի եւ Չեռնոգորիայի), կիրառելու մասին ինչ-ինչ ակնարկներն ու պլանները դատապարտված են, քանի որ հենց այդ հանրաքվեն անցկացվեց այն բանից հետո, երբ Սերբիայի հետ համապատասխան համաձայնության եկան, այսինքն՝ երկկողմ համաձայնությամբ: Այստեղ ուրիշ դեպք է: Ինչ վերաբերում է Կամինինի հայտարարությանը, ապա այն իրարամերժ է հենց սկզբից. չի կարելի միաժամանակ ընդունել եւ՛ պետության ամբողջականությունը, եւ՛ նրա՝ պետության սահմաններում հայտնվելու հնարավորությունը: Դա բացահայտում է մեր «հյուսիսային հարեւանի» իրական պլանները: Մի անգամ եւս ուզում ենք հիշեցնել ռուսաստանյան բոլոր չինովնիկներին եւ քաղաքական այրերին. նման կասկածելի խաղով, Վրաստանում անջատողականությունը խրախուսելով` նրանք սեփական երկրում ռումբ են դնում: Ռուսաստանը շատ լուրջ տարածքային խնդիրներ կարող է ունենալ ոչ միայն ծայրամասային Հյուսիսային Կովկասում, այլ նաեւ իր ներսում»,- «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց Գեորգի Խաինդրավան: