Խաղողի մշակմամբ զբաղվում են «Ղարաբաղ Գոլդ» եւ «Արցախ Ալկո» ընկերությունները, որոնց ավելացել է եւս մեկը` վերջերս գնված Ստեփանակերտի գինու գործարանը, որն այժմ արդեն անվանվում է Ստեփանակերտի կոնյակի գործարան: «Ենգիբարյան» եւ «Արջ» ընկերությունները զբաղվում են բանջարեղենի եւ հատապտուղների վերամշակմամբ եւ արտադրում են տարբեր պահածոներ: Կաթի վերամշակման մի քանի ձեռնարկություններ կան, սակայն դրանք հիմնականում տեղակայված են մայրաքաղաքում: Հարկ է նշել, որ դրանք Ղարաբաղի նման գյուղատնտեսական երկրի համար բավարար չեն: Շատ հաճախ գյուղերի բնակիչներն իրենց արտադրանքն իրացնելու համար կանգնում են մեծ խնդիրների առջեւ, որոնք հիմնականում կապված են լինում տրանսպորտի բացակայության հետ. բնակիչները որոշ գյուղերից մայրաքաղաք հասնելու համար ստիպված են լինում ոտքով անցնել մի քանի կիլոմետր ճանապարհ:
Վերամշակող ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զրուցեցինք ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի հետ: «Իհարկե, վերամշակող ձեռնարկությունները շատ քիչ են մեր պայմանների համար: Ցավալի է, որ չունենք, ասենք, տոմատի, մրգերի եւ հատապտուղների չորացման արտադրություն: Հանրապետությունում գործող ձեռնարկություններն իրենց հզորությամբ չեն բավարարում ներկա պահանջարկը: Գուցեեւ պահածոների առումով համապատասխանում են, բայց մյուս բոլոր ճյուղերում դրանք բավարար չեն: Կարող եմ ասել, որ պետությունը պատրաստ է շահագրգռել գյուղմթերքների վերամշակման ցանկացած գործարաններ հանրապետության որեւէ շրջանում բացելու համար, քանի որ գյուղմթերքների վերամշակման խիստ կարիք կա, մանավանդ` կաթի եւ մսի»,- նշեց նախարար Արմո Ծատուրյանը:
Տեղեկացնենք, որ մսի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություն Ղարաբաղում ընդհանրապես չկա:
«Իսկ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ» հարցին նա պատասխանեց, որ առայժմ վերամշակող ձեռնարկություն ստեղծելու համար կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում: «Ներկայումս միայն խոսակցություններ կան` նման ձեռնարկություն ստեղծելու պատրաստակամության մասին»,- ասել է Ա. Ծատուրյանը: Հայտնի է, որ վերամշակող ձեռնարկությունների ստեղծման ծրագրեր ունի նաեւ Ղարաբաղում գործող «Ավետյաց երկիր» հասարակական կազմակերպությունը, որը սփյուռքահայ բարերարների հովանավորությամբ իրականացնում է պատմական գյուղերի վերականգնման, ինչպես նաեւ` այդ բնակավայրերում տնտեսական ծրագրեր: Բարերարների հովանավորությամբ իրականացվող խոշոր ծրագրերից մեկը Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի կառուցումն է, որը հովանավորում է ամերիկահայ Հարությունյանների ընտանիքը: Նրանց միջոցներով Քնարավանում կառուցվել է 15 տուն եւ դպրոց: Ընթացքի մեջ է անասնագոմերի, բուժկետի եւ գյուղապետարանի շինարարությունը, որը ավարտին կհասցվի մոտ ժամանակներս: «Ավետյաց երկիր» կազմակերպության ղեկավար Վահրամ Գեւորգյանի հավաստմամբ, ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, քանի որ բարերարները նպատակ ունեն տներ կառուցելուց բացի` իրականացնել նաեւ տնտեսական ծրագիր. բնակիչներին տրամադրվում են անասուններ եւ մեղվափեթակներ: Նախատեսվում է նաեւ գյուղի տարածքում գյուղմթերքների վերամշակման փոքրիկ ձեռնարկություններ բացել`գյուղաբնակներին ապահովելով աշխատատեղերով եւ միաժամանակ լուծելով գյուղմթերքների իրացման խնդիրը:
Վ. Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղում նույնպես կիրականացվի անասնապահական ծրագիր. շվեյցարական մի կազմակերպություն ծրագիր ունի գյուղաբնակներին անասուններ բաժանել եւ գյուղմթերքների վերամշակման փոքր ձեռնարկություն բացել: Նախատեսվում է նաեւ սառնարան-մեքենաների ներդրում, որոնք կիրացնեն ոչ միայն Ծամձոր գյուղում, այլեւ հարակից բնակավայրերում արտադրվող կաթնամթերքը: