«Միջազգային կազմակերպությունը գրասենյակային աշխատանքի է հրավիրում 25 եւ բարձր տարիքի գործունյա անձանց: Աշխատավարձը` բարձր»: Նման հայտարարությունների պարբերաբար կարելի է հանդիպել հայաստանյան հեռուստաընկերությունների «վազող տողերում»: Տարօրինակն այն է, որ այդ գովազդներում գովազդատուն չի նշում իր կազմակերպության անունը:
Որոշեցի զանգահարել: Միանգամից ասացին, որ աշխատանքը միայն «իգական սեռի» համար է: Իսկ երբ խնդրեցի հիմնավորել, պատասխանեցին. «Դե, այդպես է»: Ասացի, որ աշխատանք քրոջս համար եմ փնտրում, եւ միայն դրանից հետո ինչ-որ կցկտուր տվյալներ տվեցին իրենց «կազմակերպության» մասին: Պարզվեց, որ այն կոչվում է «Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության հիմնադրամ», «վարկեր է տրամադրում», գտնվում է Կոմիտաս 51 հասցեում, իսկ աշխատավարձերը 50.000 դրամից բարձր են: Իհարկե, աշխատակցի վարկեր տրամադրելու մասին պատասխանը մեզ զարմացրեց, որովհետեւ Հայաստանում վարկեր տրամադրում են միայն լիցենզավորված առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները:
Քանի որ ինքս արական սեռի ներկայացուցիչ եմ, ընկերուհիներիցս մեկին խնդրեցի այցելել այդ խորհրդավոր ֆեմինիստական գրասենյակը: Աղջիկը հայտնվել էր փոքր եւ վատ կահավորված սենյակում, որտեղ աչքի ընկնող պարագաները մեկական աթոռ, սեղան ու նստարան են եղել: Նույնիսկ համակարգիչ չի եղել: Նրան խնդրել են ինչ-որ հարցաթերթիկ լրացնել. հարցերը նույնպես տարօրինակ են եղել՝ ծննդյան թիվ, կրթություն, ովքեր են ծնողները, ընտանեկան դրությունը, դատվածություն կա՞, թե՞ ոչ: Ոչ մի հարց չեն տվել համակարգչային գիտելիքների, օտար լեզուների իմացության կամ աշխատանքային փորձի վերաբերյալ: Աղջիկը հարցրել է, թե կարո՞ղ է արդյոք ծանոթանալ իրենց ընկերության ինտերնետային կայքին: «Ինչո՞ւ եք նման հարցեր տալիս»,- շփոթվելով ասել է գրասենյակի աշխատակցուհին:
Հաջորդ առավոտյան աղջկան զանգել եւ ասել են, որ նա ընդունված է աշխատանքի` որպես ադմինիստրատոր: Իսկ այնտեղ նրան ասել են, որ մի պայման կա. նա պետք է վճարի 50.000 դրամ «բարեգործական ավանդ», որը տարեկան 10%-ով «աճում է»: Իբր այդ գումարն ապագա աշխատակիցը երբ ուզի` ետ կվերցնի: «Միգուցե դուք ինձ 50.000-ի համա՞ր եք ուզում ընդունել, այլ ոչ թե իմ գիտելիքների»,- աղջկա այս ենթադրությունը գրասենյակում չեն հերքել։ «Համարյա»,- պատասխանել են նրան: Ավելի ուշ այլ աղբյուրներից պարզեցինք, որ դա ցանցային մարկետինգով զբաղվող «Vision» ֆիրմայի տեղեկատվական կենտրոնն է, որտեղ, օգտվելով համատարած գործազրկությունից, երիտասարդներին գայթակղելու այս հնարքն են գործադրում:
Հիշեցնենք, որ «168 Ժամն» անդրադարձել է այս խնդրին: Այս կազմակերպությունում, որպես կանոն, ինչ-որ «կլոր» գումարներ են պահանջում աշխատանքի ընդունվելուց առաջ: Նրանց գրասենյակներն ու հեռախոսահամարները տարբեր են, ինֆորմացիան` հակասական, ամեն ինչ` խորհրդավոր: Մի՞թե համապատասխան մարմինները, ովքեր նրանց լիցենզիա են տրամադրում կամ ինչ-որ կերպ վերահսկում են, չեն նկատում այս ամենը: Կամ միգուցե նրանց ձեռնտո՞ւ է «աչքերը փակել» նման անօրինականությունների դեմ: