Վախթանգ Դարչինյանը պաշտպանեց տիտղոսը

07/06/2006

Սակայն հայ մարզասերները բարձր տրամադրություն ունեին դեռ առավոտվանից. ուրախության եւ հպարտության ոչ պակաս հիանալի պահեր մեզ պարգեւեց նաեւ թեթեւագույն քաշային կարգում IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը։

Նա պաշտպանում էր իր չեմպիոնական գոտին մեքսիկացի բռնցքամարտիկ Լուիս Մալդոնադոյի հետ մարտում եւ նոկաուտի ենթարկեց վերջինիս 8-րդ ռաունդում։ Թեեւ սպորտով հետաքրքրվող գրեթե բոլոր հայ մարզասերները հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հետեւել են Լաս Վեգասում տեղի ունեցած այս մարտին, այնուամենայնիվ, մի քանի բառով կներկայացնենք դրա ընթացքը։

Վախթանգը հենց սկզբից մարտականորեն էր տրամադրված, եւ ակնհայտ երեւում էր, որ ուզում է գեղեցիկ հաղթանակ տանել՝ նոկաուտով։ Թեեւ առավելությունը հենց սկզբից Դարչինյանի կողմն էր, սակայն Մալդոնադոն փորձում էր ետ չմնալ։ Նա շարունակ փոխում էր մարտական կեցվածքը, պատասխանում հարվածներին եւ աշխատում Դարչինյանին պահել տարածության վրա։ Երկրորդ ռաունդում մեքսիկացին անգամ աննշան առավելություն ուներ։ Սակայն վարպետությունն ու ուժն արեցին իրենց գործը։ Վիկի առավելությունն աստիճանաբար մեծանում էր, եւ արդեն 5-րդ ռաունդում նա միավորներով զգալիորեն գերազանցում էր մրցակցին։ Մարտի ելքը, կարելի է ասել, կանխորոշվեց 6-րդ ռաունդում, երբ Դարչինյանի կողային հարվածը դիպավ Մալդոնադոյի ականջին, եւ վերջինս իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նոկդաունում հայտնվեց։ Լրատվամիջոցների հավաստմամբ, գլխավոր մրցավար Տորրեսն ընդմիջման ժամանակ անգամ զգուշացրել է մեքսիկացու մարտավկաներին, որ եթե Մալդոնադոն չպատասխանի Վիկի հարվածներին, ապա ինքը կկանգնեցնի մարտը։ Այդպես էլ եղավ մեկուկես ռաունդ անց, եւ դժվարությամբ ուշքի եկող Մալդոնադոն անգամ չփորձեց վիճարկել այդ որոշումը։

Վիկը տարավ պրոֆեսիոնալ ռինգում իր 26-րդ հաղթանակը։ Նշենք, որ նրա մրցակիցն ամենեւին էլ թույլ չէր։ Մինչ այս մարտը Մալդոնադոն նույնպես անպարտելի էր։ Նա տարել էր 33 հաղթանակ եւ մեկ մենամարտ ավարտել ոչ-ոքի։

Արձագանքներն, իհարկե, շատ են։ Allboxing.ru կայքէջի ֆորումում գրեթե բոլորը հիացած են Վախթանգով։ Ընդ որում, կան նաեւ մասնագիտական կարծիքներ։ Մեծամասնության կարծիքով, Դարչինյանն ունի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար անսովոր տեխնիկա, նա չափազանց արագ է, իսկ հարվածներն իր քաշային կատեգորիայի համար բավական ուժեղ են։ Ճշմարտության համար պետք է նշել, որ կան նաեւ մի քանի բացասական կարծիքներ։ Օրինակ, որոշ մարդիկ գտնում են, որ Վախթանգը հաղթանակ տարավ այն պատճառով, որ Մալդոնադոն չափազանց դանդաղ էր գործում եւ շուտ հոգնեց։ Գտնում են, որ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Խորխե Արսեն կհաղթի Դարչինյանին։ Այսպես կարծողները շատ չեն։ Փաստն այն է, որ Խորխե Արսեն պարզապես խուսափում է Դարչինյանի հետ մենամարտից։ Ինչպես գրել էինք մեր նախորդ համարներից մեկում, Վիկն անգամ գնացել է Արսեի վերջին մարտին եւ նրան մարտահրավեր նետել, սակայն վերջինս ձգձգում է «Կատաղի ցուլի» հետ հանդիպումը։ Հանդիպմանը հետեւած մարզասերները երեւի նկատած կլինեն, որ դահլիճում ներկա մարզասերների մեջ բավական մեծ թիվ էին կազմում մեքսիկացի երկրպագուները։ Իր հաղթանակով Դարչինյանն անուղղակի կերպով ցանկանում էր ապացուցել, որ ինքն Արսեից ուժեղ է, եւ, ինչո՞ւ ոչ, շահել երկրպագուների համակրանքը։ Իսկ դա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար շատ կարեւոր գործոն է։ Հիշեցնենք, որ Վիկը պայմանագիր է կնքել ամերիկացի պրոմոուտեր Գարի Շոուի հետ եւ այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ում։ Սա էապես նպաստում է նրա հանրաճանաչությանը։

Հետաքրքիր է նաեւ մենամարտի հովանավոր «Shawtime» հեռուստաընկերության մեկնաբանների կարծիքը։ Նրանք գտնում են, որ Վախթանգ Դարչինյանը ոչ միայն լավ բռնցքամարտիկ է, այլեւ` լավ դերասան. ռինգում նրա պահվածքը յուրահատուկ եւ ոչ ստանդարտ ոճ ունի։ Նրանց կարծիքով, այս ամենը նրա մասնակցությամբ մարտերը գրավիչ են դարձնում, իսկ ինքը՝ Դարչինյանը, դառնում է շատ ավելի «վաճառվող» (այսինքն՝ մարզասերների եւ լրատվամիջոցների կողմից մեծ պահանջարկ ունեցող) բռնցքամարտիկ։ Այն քաշային կարգում, որում հանդես է գալիս Վախթանգը, հանրաճանաչության հասնելը շատ ավելի դժվար է. մարդկանց ավելի շատ հետաքրքրում են ծանրքաշայինները։ Ինչեւէ, Վախթանգին դա կարծես թե հաջողվում է, եւ, մասնագետների կարծիքով, ԱՄՆ-ում նրան փայլուն ապագա է սպասվում։