Մսյո «ջրի մարդիկ» եւ նրանց հաստատած սակագինը

04/06/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Իսկ հարցերն ու մեղադրանքները վերաբերում էին խմելու ջրի թանկացմանը։ Ա. Պողոսյանի եւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մյուս բանախոսի՝ Աբգար Եղոյանի կարծիքով, խմելու ջրի 1խմ-ի դիմաց 172.8 դրամ սակագնի հաստատումը կատարվել է օրենքի խախտմամբ։

Ըստ Ա. Եղոյանի, հասարակությունը պետք է մասնակից լինի նման որոշումների ընդունմանը, ինչն ամրագրված է նաեւ «Ջրային օրենսգրքի» 20-րդ հոդվածում։ «Սակայն սակագինը որոշվել է դեռ մրցույթի ժամանակ, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզապես հաստատել է նախօրոք որոշված սակագինը»,- ասաց Ա. Եղոյանը՝ հավաստելով, որ դա օրենքի կոպիտ խախտում է։

Նշվեց, որ հասարակությանը չի ներկայացվում նաեւ ֆրանսիական «Ժեներալ Դեզ Օ»-ի հետ կնքված պայմանագիրը, որի համար իրենք դիմել են դեռ անցյալ տարի։ Չեն ներկայացվել նաեւ նոր սակագնի հիմնավորումները։ Խոսք գնաց նաեւ սակագնի բարձրացման սոցիալ-տնտեսական հետեւանքների մասին։ «Կենտրոնական բանկն ու Ազգային վիճակագրական ծառայությունը մեզ համոզում էին, որ անցյալ տարի գները ոչ միայն չեն բարձրացել, այլեւ տեղի է ունեցել գնանկում։ Դա իրականությանը չի համապատասխանում… Մեզ կերակրում են հեքիաթներով»,- նկատեց Ա. Պողոսյանը՝ ավելացնելով, որ սակագների բարձրացումը հակասում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի սկզբունքներին, որոնց համաձայն` տարեկան գնաճը պետք է լինի 3%-ի սահմաններում։

Սպառողների շահերի պաշտպանների հաշվարկներով, միջին եկամուտներ ունեցող հայկական ընտանիքի սննդի ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի 60-66%-ը։ Ջրի սակագնի բարձրացումը հանգեցնելու է սննդամթերքի գների աճին։ «Մեր հաշվարկներով` սակագնի բարձրացման արդյունքում յուրաքանչյուր ընտանիքի ծախսերը կավելանան մոտ 600 դրամով։ Բնակչության առավել հարուստ 10%-ի համար սա մեծ բան չէ, եւ իրենց չի էլ հետաքրքրում տարբեր ծառայությունների գների աճը։ Սակայն մեծ մասի համար դա էական վնաս է»,- գտնում է Ա. Պողոսյանը։

Նոր սակագինն արդեն իրականություն է, այլ հարց է՝ որքանո՞վ կբարելավվի ջրամատակարարման որակը։ Հաշվի առնելով նախորդ ընկերության փորձը՝ դժվար է լավատեսական ենթադրություններ անել։ «Նախորդը՝ իտալական «Էյ Յութիլիթին», օգտվեց ավելի քան 1 մլրդ դրամ պետական սուբսիդիայից, ծախսեց 30մլն դոլար դանիական վարկը, արդյունքում մենք էլի մնացինք կոտրած տաշտակի առաջ»,- ասաց «Սպառողների միության» նախագահը:

Իսկ «կոտրած տաշտակի» մասին խոսում է թեկուզ միայն այն փաստը, որ խոստացված շուրջօրյա ջրամատակարարումն այդպես էլ մնաց բարի ցանկություն։ Ոչ մի առաջընթաց չի եղել նաեւ կորուստները նվազեցնելու հարցում, որոնք գերազանցում են 80%-ը։ Ա. Եղոյանի կարծիքով, դրանք ավելի կմեծանան. «Երբ նախկին ընկերությունը բարձրացրեց սակագինը, բնակիչները սկսեցին ավելի քիչ ջուր օգտագործել։ Արդյունքում խողովակներում ճնշումը մեծացավ եւ վթարների քանակը 2 անգամ մեծացավ։ Կարելի է ենթադրել՝ նույնը սպասում է նաեւ այժմ»,- ասաց Ա. Եղոյանը։

Եվ, այնուամենայնիվ, ո՞րն էր սակագնի բարձրացման իրական պատճառը, որին էլ պետք է նվիրված լիներ երեկվա քննարկումը։ Բանախոսներն իրենք էլ չգիտեին այդ հարցի կոնկրետ պատասխանը եւ միայն կարող էին ենթադրություններ անել ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա։ «Պետությունը պարզապես ցանկանում էր դադարեցնել սուբսիդավորումը եւ Համաշխարհային բանկի տրամադրած վարկի պատասխանատվությունը դնել ֆրանսիական ընկերության վրա»,- նշեց պրն Եղոյանը։

Ի դեպ, բանախոսները երեկ պատրաստվում էին դիմել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին։ Մեր այն հարցին, թե դա իրական ի՞նչ օգուտ կտա, պրն Պողոսյանը պատասխանեց, թե «հրաշքներ մեկ-մեկ լինում են», եւ խորհուրդ տվեց ավելի լավատես լինել։ «Պարզապես մի քանի պետական պաշտոնյաներ իրենց օրենքից բարձր են դասում»,- նշեց Ա. Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ դա միշտ այդպես չի մնա։

Որպես «հրաշքի օրինակ»` բանախոսը հիշեցրեց, որ «իրենց ջանքերով» «ԱրմենՏելը» չեղյալ հայտարարեց հարյուրավոր բաժանորդների՝ միջազգային հեռախոսակապի գծով կուտակած պարտքերը։ Իսկ որքան մենք ենք հիշում՝ մինչ օրս օմբուդսմենի գործունեության հետ կապված միակ «հրաշքն» այն էր, որ Սահմանադրական դատարանն անօրինական համարեց «պետության կարիքների համար» Բուզանդի փողոցի բնակիչների վտարումը սեփական տներից։ Սակայն այդ հրաշքը «թերի» էր եւ ոչ մի օգուտ չտվեց՝ բացի նոր օմբուդսմենի վարկանիշը մի-փոքր բարձրացնելուց։