«Բա պատիժ չստանա՞»

04/06/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մենք անդրադարձել էինք 14 տարի ազատազրկման ենթարկված Արթուր Այվազյանի հետ վերջերս կատարված միջադեպին: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին նա Գորիսի քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկել քննիչ Ա.Ղազարյանին: Իսկ ամսի 29-ին Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ մի խումբ անձինք դրա համար մահակներով դաժանորեն ծեծելով՝ պատժել էին Ա.Այվազյանին:

Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Սամվել Հովհաննիսյանը փորձում էր հավատացնել, թե «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը թույլ է տալիս ծեծով պատժել կալանավորին: Նա նույնիսկ վկայակոչեց օրենքի

47-րդ հոդվածը: Բայց այդ հոդվածը նախատեսում է, որ «քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարողի կամ կատարմանը խոչընդոտողի վրա սույն օրենքով նախատեսված դեպքերում ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք»: Հաջորդ՝ 48 եւ 49 հոդվածներում օրենքը կոնկրետացնում է այն դեպքերը, երբ ծառայողը կարող է այդ հնարավորությունները գործադրել: Արթուրի հետ կապված միջադեպը տեղավորվում է այդ դեպքերի շրջանակում, սակայն կալանավորի վրա ֆիզիկական ուժ կարելի է գործադրել միայն միջադեպի պահին ու միջամտելու համար: Հայաստանի օրենսդրությունը ծեծելով պատիժ չի սահմանել: Դա հակասում է նաեւ Եվրոպական կոնվենցիային: Իսկ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է: Քննիչին ծեծելու համար Ա. Այվազյանին կարող էին պատասխանատվության ենթարկել համապատասխան օրենքներով: Բայց, ինչպես երեւում է, այստեղ ոչ թե իրավական օրենքն է գործել, այլ՝ գողական օրենքը: Դա ինչ-որ տեղ հաստատում է նաեւ պարոն Հովհաննիսյանը, երբ մեզ ասում էր, թե «բա նա բանտում անընդհատ ինչ-որ միջադեպեր ստեղծի ու պատիժ չստանա՞»: Մի խոսքով, հանցագործ համակարգում գողական օրենքներով են շարժվում ոչ միայն հանցագործները, այլեւ նրանց պատասխանատվության ենթարկող իրավապահները:

Իսկ Ա. Այվազյանի հարազատները, նաեւ փաստաբան Հայկ Ալումյանը պահանջում են քրեական գործ հարուցել Արթուրին ծեծած հատուկ ջոկատի նկատմամբ: Արթուրի հարազատները ժխտում են, թե միջադեպի օրը նա կարճատեւ տեսակցություն է ունեցել: Մենք փորձեցինք Ս.Հովհաննիսյանից պարզել, թե ո՞վ է ցանկացել հանդիպել Արթուրի հետ, եթե դա մերձավոր հարազատը չի եղել: Պարոն Հովհաննիսյանը չկարողացավ պատասխանել, չգիտեր: Իսկ հարազատները հավատացած են, որ ոչ մի հանդիպում էլ չի եղել, ուղղակի դիտմամբ նրա նկատմամբ հսկողությունը թուլացրել են այնքան, որ կարողացել է բանտի՝ կալանավորին թույլատրելի սահմանից դուրս գալ: Նկատել է, որ քննիչ Ա.Ղազարյանը կոպիտ ձեւով՝ հայհոյելով եւ ուժ գործադրելով քննել է մեկ այլ հանցագործի: Արթուրը փորձել է քննիչից պաշտպանել այդ մեղադրյալին, վեճը հասել է նրան, որ ծեծել է քննիչին: Դա հարազատները չեն ժխտում, չի ժխտում նաեւ Արթուրը: Բայց նրանք ավելացնում են, որ Արթուրը եթե տեսակցության էր գնում, նրա հետ պետք է ուղեկցողներ լինեին, որոնք չպետք է թույլ տային կամ պետք է կանխեին նման միջադեպը: Հիշեցնենք, որ Գորիսի ՔԿՀ-ն հայտնի է իր փակ ռեժիմով. այնտեղ պատիժ են կրել նրանք, ում դատավճռում այդպիսի բան նշված է եղել: Ա. Այվազյանի փաստաբանը պնդում է, որ Արթուրին դատապարտող վճիռը նման պատիժ չի սահմանել: Դա Արթուրի նկատմամբ անօրինական քայլ է եղել: Մանավանդ, որ Արթուրն իր պատժի սկզբնական մասը կրել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, որտեղ խիստ ռեժիմ նախատեսված չէ:

Արթուրի մայրն ասում է, որ բանտի ադմինիստրացիան գիտի, որ իր տղան երբեք ու ոչ մի հանգամանքում բռնություն չի կարող հանդուրժել, թեկուզ դա լինի անծանոթի նկատմամբ: Նրանք կարծում են, որ հսկողությունը միտումնավոր են թուլացրել՝ քաջ գիտակցելով, որ նա անպայման կմիջամտի քննիչի կոպիտ հարցաքննությանը: Այդպիսով կարծես թե անուղղակի կերպով նրան մղել են հանցագործություն կատարելու: Նպատակը ոչ իրենց ձեռքերով Արթուրին ոչնչացնելն է:

Մոր՝ Նինա Այվազյանի ասելով` ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Արթուրը դեռեւս Նուբարաշենի բանտում գտնվելու ժամանակ 2005թ. աշնանը դատարանում վիճարկեց Դատախազության կողմից նախաքննություն վարելու հանգամանքը: ՀՀ Սահմանադրությամբ Դատախազությունն իրավունք չունի նախաքննություն իրականացնել: Դատախազությունը հսկում է նախաքննության ու հետաքննության օրինականությունը: Բայց 1998 թվականին ընդունվեց «Քրեական դատավարության մասին» օրենսգիրք, որը Սահմանադրությանը հակառակ` նախատեսում էր, որ Դատախազությունը որոշակի գործերով կարող է նախաքննություն իրականացնել: Օրենքն այդ մասով հակասահմանադրական է, եւ երկար ժամանակ ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել: Եվ Դատախազությունն ունի նախաքննություն իրականացնող վարչություն եւ մինչեւ հիմա այս գործառույթը կատարում է Սահմանադրության կոպիտ խախտմամբ: Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանն Արթուրի հայցը քննության չի առել՝ պատճառաբանելով, որ Սահմանադրական դատարանի գործն է: Արթուրը դիմել է Վճռաբեկ դատարան, որն էլ հայցը բավարարել է եւ նորից ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ քննության առնելու: Հիմա Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում հայցի քննությունն ընթացքի մեջ է: Վճռաբեկ դատարանի որոշումը եղել է փետրվարին, Արթուրին Գորիս են տեղափոխել մարտի 2-ին: Արժե ավելացնել, որ Արթուրը եղել է ՀՀ առաջին քաղաքացին, ով դատական կարգով վիճարկել է Դատախազության նախաքննություն իրականացնող վարչության օրինականության հարցը:

1 ամսից ավելի է, ինչ Արթուրը հացադուլի մեջ է, նա նույնիսկ ինքնասպանության փորձեր է կատարել: Արթուրին ծեծով պատժելու մասին տեղյակ են պահել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որը դեպքին արձագանքել է բավական ուշ՝ 21 օր հետո: Եվ այն, ինչ դիմումի մեջ խնդրել են պարզել Արթուրի հարազատները՝ «Ո՞ւմ հետ պետք է տեսակցեր, ինչո՞ւ է նա փակ ռեժիմով բանտում պահվում, եւ ինչո՞ւ թույլ չեն տալիս Ձեզ նամակ գրել», չի արել: Դրա փոխարեն` միջնորդագիր է ներկայացրել Արթուրին բանտից տեղափոխելու համար: Փաստաբանը նշում է, որ իրենց ուզածը դա չէր: ՄԻ պաշտպանը թող արագ արձագանքեր դիմումին, ժամանակին մասնագետներ ուղարկեր եւ այլ պարզաբանումներով չզբաղվեր: ՄԻ պաշտպանից շուտ դեպքի վայր հասել են Կարմիր խաչի, Հելսինկյան կոմիտեի եւ ԵՀԱԿ-ի ներկայացուցիչները եւ գրանցել են ծեծի հետեւանքները: Այն, ինչ չեն հասցրել գրանցել ՄԻ մասնագետները:

Հիմա Արթուրի մայրը բաց նամակով դիմում է Ռոբերտ Քոչարյանին, Դավիթ եւ Արմեն Հարությունյաններին եւ խնդրում է պարզել, թե ո՞ւմ դրդմամբ է իր տղան գնացել նման քայլի: Իսկ ՄԻ պաշտպանին հատուկ զգուշացնում է. «Եթե այս անգամ էլ չարձագանքեք եւ չպաշտպանեք տղայիս իրավունքները, դիմելու եմ բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին եւ ՀՀ-ում գտնվող բոլոր դեսպանություններին՝ ցույց տալով Ձեր բարոյական մակարդակը եւ «մեր պաշտպանվածությունը» Ձեր կողմից»: