Կարտոֆիլ

04/06/2006

Կարտոֆիլն անհրաժեշտ է մաքրել պատրաստելուց անմիջապես առաջ։

Որպեսզի փխրուն կարտոֆիլը եփելիս արագ չփշրվի, լավ շոգեխաշել կամ եփել մի քիչ ջրով` ավելացնելով մեկ քառորդ թեյի գդալ քացախ։

Կարտոֆիլի խյուսը կդառնա ավելի համեղ, եթե մատուցելուց առաջ դրան ավելացնեք լավ հարած ձվի սպիտակուց։

Կարտոֆիլը եւ մյուս բանջարեղենը պետք է կտրատել չժանգոտվող դանակով։

Կարտոֆիլի մեջ C վիտամինն ավելի շատ կպահպանվի, եթե այն ոչ թե խաշեք, այլ շոգեխաշեք։ Պետք է գիտենալ. եթե կարտոֆիլը եփվում է կեղեւով, ապա պահպանում է վիտամինի 75 տոկոսը, իսկ մաքրած եւ կտրատած եփելիս` միայն 35-50 տոկոսը։

Կեղեւով եփած կարտոֆիլը լավ կմաքրվի, եթե եփելուց անմիջապես հետո վրան սառը ջուր լցնեք։

Շատ համեղ է խորոված կարտոֆիլը։ Ընտրեք հավասարաչափ կարտոֆիլներ, լավ լվացեք, աղ արեք եւ խորովեք տաք ջեռոցում։

Տապակելուց առաջ կարտոֆիլի վրա մի քիչ ալյուր ցանեք։ Կարտոֆիլը դրանից կարմրում է եւ ախորժաբեր տեսք է ընդունում։

Տապակած կարտոֆիլը համեղ եւ փխրուն է ստացվում, եթե այն նախքան եռացող յուղի մեջ լցնելը անձեռոցիկով չորացնեք։

Որպեսզի կարտոֆիլը շուտ տապակվի, այն հում վիճակում մի քանի րոպե թողեք տաք ջրի մեջ։

Կարտոֆիլը եփելիս (տապակելիս) ջրի կամ յուղի մեջ գցեք մի քանի կտոր սխտոր։

Կարտոֆիլի խյուսի (պյուրեի) վրա ավելացրած տաք կաթը դրան սպիտակ գույն եւ նուրբ համ կտա։

Նորահաս կարտոֆիլը հեշտությամբ կարելի է մաքրել նույնիսկ առանց դանակի։ Ջրով լվանալուց հետո լցրեք կտորից տոպրակի մեջ, մեջը լցրեք խոշոր աղ եւ տոպրակի բերանը կապեք։ Մի քանի րոպե սեղանի վրա գլորելուց հետո կեղեւը դուրս կգա։

Վաղահաս կարտոֆիլը եփելուց հետո ջուրը մի թափեք, այլ օգտագործեք արգանակի, ապուրի կամ սոուսի համար, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին եւ օրգանական նյութեր։

Կարտոֆիլը եփում են մեղմ կրակի վրա։ Եթե կրակն ուժեղ լինի, կարտոֆիլը դրսից կեփվի, իսկ ներսից հում կմնա։

Եթե ուզում եք կարտոֆիլը շուտ եփվի, ջրի մեջ գցեք մեկ ճաշի գդալ մարգարին։

Կարտոֆիլն ավելի համեղ կլինի, եթե եփելու ժամանակ մի քիչ սամիթ ավելացնեք։

Մաքրած եւ կտրատած կարտոֆիլը սառը ջրի մեջ մի թողեք, մեկ ժամ հետո C վիտամինի կորուստը կազմում է 13%, իսկ B վիտամինի կորուստը` 5%։

Եթե եփելիս կարտոֆիլը սեւանում է, ջրին ավելացրեք քացախ (մեկ լիտր ջրին` 1 ճաշի գդալ քացախ)։ Այս դեպքում կարտոֆիլը նաեւ չի փխրվի։

Որպեսզի սալաթների համար նախատեսված կարտոֆիլը եփելիս գույնը չփոխի, ջուրը եռալուց 10-15 րոպե հետո մեջը պետք է մի քիչ քացախ լցնել։