Ընդդիմադիր գործարար է՞լ կա

03/06/2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն օրեր առաջ հայտարարել էին, թե բիզնեսը միշտ էլ լինում է իշխանության կողքին, եւ գործարարին միշտ դժվար է լինել ընդդիմադիր դաշտում: Սակայն «Սիլ կոնցեռնի» պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ հերքեց այդ կարծիքը: «Իսագուլյանը չգիտեմ` ինչ է ասում, եւ վարչապետն էլ չգիտեմ` ինչ է ասում, բայց ես մի բան գիտեմ, ցանկացած դեպքում, եթե նույն իշխանություն ասածը կամ իշխանության մի պաշտոնյա, որն այս պետության նկատմամբ սխալ քաղաքականություն կամ սխալ գործողություն կկատարի, տո՛, ես իր հերն եմ անիծել, ինքն ամենափիս ձեւով էլ ցանկացած գործարարի կամ նորմալ մարդու, նորմալ քաղաքացու կողմից պետք է լուտանքների ենթարկվի, եւ պետք է ցանկացած քաղաքացի նրանից պահանջի եւ նրա նկատմամբ ավելի կոշտ եւ կոպիտ լինի, էլ պատգամավորը չեմ ասում, գործարար պատգամավորը չեմ ասում»,- ասաց Խ. Սուքիասյանը: Պատգամավորի խոսքերով` Հայաստանում հնարավոր է բիզնես անել առանց իշխանության հովանավորության. «Ի՞նչ է նշանակում` առանց իշխանության: Այո, Հայաստանում օրենքներ կան, վերցրու օրենքը եւ սկսիր գործունեություն ծավալել, ուղղակի այլ հարց է, թե գործունեություն ծավալելու արդյունքում քո մրցակիցներն ինչ պայմաններում կգործեն եւ դու ինչ պայմաններում: Անհասկանալի մոտեցումներ կան, բայց մասսայական առումով կարող եմ հակառակն ասել: Մասսայական առումով դրականն ավելի շատ է, ավելի շատ են օրենքի շրջանակում գործողները»,- գտնում է Խ. Սուքիասյանը:

Ի դեպ, անդրադառնալով դոլարի փոխարժեքի նվազման փաստին, Խ. Սուքիասյանը կարծիք հայտնեց, թե այն ունի իր եւ դրական, եւ բացասական ազդեցությունները, եթե, իհարկե, արժեզրկումը լինում է կարճատեւ:

Կարդացեք «Թրեյնինգից» հետո կկանչեն պատասխանատվության