Մի թեթեւ դատապարտում են

03/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ռուսաստանի Դաշնությունում հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները գնալով պարբերական բնույթ են կրում: Ինչպես հայտնի է, մայիսի 25-ին ժամը 22:30-ի սահմաններում Մոսկվայի Կլյազմա կայարանում երկու անհայտներ հարձակվել են 19-ամյա Արթուր Սարդարյանի վրա եւ սպանել նրան: Ընդ որում, այդ սպանությունն իրականացրել են առանձնակի դաժանությամբ. նրանք դանակով հարվածելով վզին՝ կտրել են քներակը:

Հարվածը մահացու է եղել, սակայն դրանից հետո էլ հարձակվողները դանակով եւս 5 անգամ հարվածել են զոհին` սրտի շրջանում: Ընդ որում, ինչպես արդեն հաղորդվել է, մարդասպանները Ա. Սարդարյանի վրա հարձակվել են «Փառք Ռուսաստանին» արտահայտություններով: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին էլ սափրագլուխների կողմից մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում սպանվել էր մեկ այլ հայազգի` Վիգեն Աբրահամյանցը: Ռուսաստանում հատկապես կովկասցիների նկատմամբ ռասիզմի դրսեւորումները վերջին շրջանում դարձել են սովորական երեւույթ: Բայց պաշտոնական Կրեմլը, այս հարցին լուծում տալու եւ նման երեւույթների դեմ պետական մակարդակով պայքարելու փոխարեն, բոլորովին հակառակ գործելակերպն է որդեգրել: Ռասիզմի հողի վրա տեղի ունեցած միջադեպերը ռուս պաշտոնյաները փորձում են ամեն գնով վերագրել ինչ-որ անհեթեթ կենցաղային միջադեպի: Հայկական կողմն էլ այդ հարցում որեւէ կոշտ դիրքորոշում չի արտահայտում։ «Տխուր դեպքեր են եղել, պետք է սպասել Ռուսական իշխանությունների գնահատականին եւ ձեռնարկած միջոցառումներին: Վատ բան է եղել, բայց դա հո միայն հայերի դե՞մ չի ուղղված: Հայաստանում էլ շուրջ 3-4 հարյուր հայ է սպանվում հայի ձեռքով»,- կատարվածն այսպես փորձեց մեկնաբանել ԱԺ «ԱՄ» խմբակցության պատգամավոր, Ռուսաստան-Բելառուս միության ամենաակտիվ ջատագով Աղասի Արշակյանը: Նրա խոսքերով, կատարված մեկ դեպքով աշխարհը չի քանդվում: «Մենք պետք է տեղավորվենք այն տրամաբանության մեջ, որ այդ երկրի տարածքում 2.5 մլն հայ է ապրում եւ պետք է մեր քայլերն անելիս դա էլ հաշվի առնենք,- խորհուրդ տվեց նա` ավելացնելով,- եթե մեզ մոտ նորմալ պետություն ու իշխանություն լիներ, ապա հայազգի քաղաքացիները դուրս չէին գա ՀՀ-ից»:

Իսկ այս հարցի շուրջ «Ժողպատգամավոր» խմբի անդամ, Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանի պատասխանը առավել քան օրիգինալ էր. «Չէ, չեմ կարծում, որ դա քաղաքական լինի: Տնտեսական կամ այլ տիպի բաների հետեւանք են, չեչեն-մեչեն լիներ, կասեի, որ ռասիզմի հետեւանքով է տեղի ունեցել: Մարդկանց բոլոր տեղերում էլ սպանում են: Ի՞նչ է, Հայաստանում հայեր չե՞ն սպանում»: Ըստ Հակոբ Հակոբյանի, քանի որ ՌԴ-ում մեծ թվով հայեր են ապրում, այդ պատճառով էլ ընդհանուր տոկոսային հարաբերակցության մեջ մեծ թիվ են կազմում սպանված հայերը: «Ռուսաստանում հայ երիտասարդներ են սպանվել, եւ այն հայտարարությունները, թե դրանք տարբեր վեճերի, այլ հարցերի հետ է կապված, ես կարծում եմ, ճիշտ չէ: Փաստերն այնքան ճնշող են, որ ՌԴ համապատասխան կառույցները չպետք է խուսափեն հարցերը խորապես քննարկելուց»,- ասում է ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Պարոն Թորոսյանը հակված է կարծելու, որ տեղի ունեցածը միայն հայերի դեմ վարվող քաղաքականություն չէ: Բայց որ ռասիզմը ՌԴ-ում հասել է մեծ չափերի, ըստ Թորոսյանի, անհերքելի է: «Այդ երեւույթը ՌԴ-ում հասել է ահռելի չափերի եւ, որ դա լուրջ սպառնալիք է ՌԴ-ի համար, ակնհայտ է»,- կարծում է նա: Իսկ ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը, դատապարտելով կատարվածը, իշխանություններին կոչ արեց կոշտ մոտեցում ցուցաբերել: «Մեր բարեկամ երկրին պետք է հորդորենք, որ կարողանան սրա դեմն առնել: Իսկ եթե այսօր, վաղը չկարողանան այդ մարդկանց հայտնաբերել ու պատժել, ապա այն կբերի անդառնալի հետեւանքների: Հստակ է, որ ազգայնական հողի վրա են դա անում»,- ասում է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Իսկ ԱԺ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էլ ասում է, որ տեղի ունեցող ռասիստական դրսեւորումները որոշակի ուժերի կողմից ուղղորդված են: «Այսօր ՌԴ-ում կան որոշակի ուժեր, որոնք առաջնորդվում են «Ռուսաստանը ռուսներին» կարգախոսով: Իսկ այդ կարգախոսն իրականում հենց ՌԴ շահերին չի համապատասխանում: Ես կարծում եմ, որ դա ավելի ուղղված է ՌԴ շահերի դեմ, եւ իրենք չեն կարողանում այդ երեւույթի դեմ պայքարել»,- երեւույթի վերաբերյալ իր գնահատականն այսպես է արտահայտում Վիկտոր Դալլաքյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից էլ այս կապակցությամբ պատասխանեցին, որ մեկ-երկու նման միջադեպերի հիման վրա արտաքին քաղաքականության ուղղվածության որեւէ փոփոխություններ չեն արվում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպին, ապա այդ հարցով արդեն ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ուր ՌԴ իշխանություններին կոչ է արել բացահայտել եւ պատժել սպանության մեղավորներին: