«Ռեգնում» լրատվական գործակալության սայթից տեղեկանում ենք, որ Հայաստանը մայիսի 19-21-ը Վաշինգտոնում մասնակցել է «Book Expo 2006» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է պատմական, գեղարվեստական, մանկական, հանրագիտարանային մոտ հիսուն անուն գիրք։ Հայաստանի ԱԳՆ-ն «Ռեգնումին» տեղեկացրել է, որ ցուցահանդեսին մասնակցում է 46 երկիր, իսկ ԱՊՀ-ի՞ց…։ «Ռուսաստանից բացի, Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որն առանձին տաղավարով ներկայացված կլինի «Book Expo 2006» միջազգային ցուցահանդեսում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Ցավոք, 46 երկրների ցանկը հնարավոր չեղավ ճշտել, որպեսզի ընթերցողը կարողանար պատկերացում կազմել, թե ո՞ւմ հետ է ոտք գցում 1500-ամյա գիր ու մշակույթ ունեցող մեր երկիրը։
Քանի որ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ շեշտել է, թե միջազգային ցուցահանդեսում ԱՊՀ-ից միայն Ռուսաստանն ու Հայաստանն են ներկա լինելու, կարելի է եզրակացնել, որ Վրաստանն ու Ադրբեջանը բացակայելու են։ Եվ սա բնական է, որովհետեւ Հայաստանը չի սիրում լինել այնտեղ, որտեղ իր անմիջական հարեւաններն են։
Ստորեւ ներկայացվող ցանկերից ձախ կողմինը «Եվրատեսիլ-2006»-ինն է։ Այն դասավորված է ըստ երկրների ստացած միավորների։
Հայաստանն, ինչպես տեսնում եք, զբաղեցնում է ութերորդ պատվավոր տեղը։ Այս ցուցակում լինելու համար արված ծախսերը ՀՌԱՀ նախագահն «Իրավունք» թերթին տված հարցազրույցում խուսափել է որոշակի թվով նշել, բայց ասել է, թե ավելի փոքր գումարով հնարավոր չէ մասնակցել նման մրցույթի։ Իսկ «Հեռարձակողների եվրոպական միության» մուտքի վճարն ու անդամավճարները՝ դարձյալ թիվ չնշելով, համարել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համար ոչ մեծ գումարներ։
Աջ կողմի ցուցակում «Պարեն հանուն առաջընթացի» ամերիկյան ծրագրով օգնություն ստացող երկրները դասավորված են այբբենական կարգով։ Այստեղ կարեւոր չէ, թե Հայաստանը որ հորիզոնականն է զբաղեցնում։ Կարեւոր է, որ ընդհանրապես հայտնվել է աշխարհի, իրոք, ամենաաղքատ երկրների կողքին։ Եվ պատահական չէ, որ աղքատ-հպարտ մեր երկրի գլխին եկած այս հաջողության մասին լուրը «Ռեգնում» գործակալությունը թողարկել է 2006 թվականի մայիսի 20-ին, ժամը 20-ն անց 42 րոպեին, այսինքն՝ նույն պահին, երբ մեր երգիչը պայքարում էր Եվրատեսիլում հաղթող դառնալու համար։
Ենթադրենք հաջողվում էր, ենթադրենք Անդրեն (այսինքն՝ Հայաստանը) դառնում էր հաղթող, աջ կողմում գտնվող ցուցակի անդամ Հայաստա՞նը պետք է դառնար ձախ կողմում գտնվողների հաջորդ տարվա մրցության ասպարեզը։ Այսինքն՝ Միացյալ Նահանգներն անուղղակիորեն պիտի ֆինանսավորեին «Եվրատեսիլի» անցկացումը Հայաստանում։ Ինչպե՞ս՝ պարենո՞վ։
Խնդրի վրա լույս սփռելու նպատակով ուզում եմ «Ռեգնումից» թարգմանաբար մեջբերել երկու նախադասություն. «Նշենք, որ «Պարեն հանուն առաջընթացի» ծրագիրը նախատեսված է այն երկրների համար, որոնք պարտավորություն են ստանձնել օժանդակել գյուղատնտեսության ոլորտում ազատ ձեռնարկատիրության կայացմանն ու զարգացմանը։ Ծրագրի շահառուները պետք է բավարարեն մի շարք պահանջներ, որոնց թվում են ժողովրդավարացումն ու քաղաքացիական ազատությունների ապահովումը»։
Չարաբաստիկ աջակողմյանը հնարավորություն չտվեց հպարտանալու ձախակողմյանի ութերորդ հորիզոնականով։ Հարցը, սակայն, այն չէ, թե ցուցակներից որում ենք ճիշտ տեղում։ Հարցն այն է, որ մենք առհասարակ դուրս ենք բոլոր ցուցակներից։ Հոդվածի սկզբում պատահական չէր Վրաստանի եւ Ադրբեջանի բացակայության հիշատակումը, որովհետեւ մենք էլ բացակա ենք այն ցուցակներում, որտեղ ներկա են մեր անմիջական հարեւանները։
Մենք ունենք աշխարհի մեր քարտեզը, ունենք նույնիսկ մեր գլոբուսը, որի մի կողմում, ինչպես նկարում է պատկերված, հայոց ազգային բուրժուազիան է, իսկ մյուս կողմում՝ բանվորագյուղացիական հասարակությունը։ Եվ եթե առաջինը պտտում է գլոբուսը, որ տեսնի, թե այս ամռանն է՞լ ուր կարելի է գնալ հանգստանալու, ապա երկրորդը հարմար երկիր է փնտրում հանձնվելու համար։
Ի դեպ, «Ռեգնումի» մայիսի քսանի լրահոսում մի հետաքրքիր տեղեկություն էլ կար։ «Մենք խոսում եւ երգում ենք ռուսերեն» վերնագրով լուրը, որը թողարկվել էր ամերիկյան օգնության մասին պատմող նյութից մոտ երեք ժամ առաջ, վկայում է, որ երկրագունդը կլոր չէ, հետեւաբար կլոր չէ նաեւ Հայաստանի գլոբուսը։